ԱՅՍՏԵՂ ՈՉ ՄԻ ԲԱՆ ՉԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրելի՛ ընթերցող, քո ցանկությունը երբեք չի անտեսվում «Ժողովուրդ» օրաթերթի կողմից: Խնդրանքը մեր թերթի շրջանակներում տեսնել դերասան Նարեկ Ղափլանյանին համարե՛ք կատարված: Ներկայացնում ենք հարցազրույց երիտասարդ դերասանի  հետ, ով վերջին շրջանում ոչ մի տեղ չի երեւում: -Ինձ ոչինչ չի պատահել, ես դեռ քաղաքում եմ:-Այդ դեպքում ինչո՞ւ չկաք թատերական աշխարհում, կինոյում, հեռուստատեսությունում:-Այս պահի դրությամբ երկար ծրագիր, պրոյեկտ չեմ վերցնում, դա աշխատատար է: Ես իմ ամբողջ ժամանակը եւ ուժերը դրել եմ ավելիին հասնելու համար, որ ավելի լուրջ տեղերում հանդես գամ: Մտադրություն ունեմ Հայաստանից գնալու: Ծրագրեր ունեմ` դրսի հետ:-Դրսի թատրոններից մեկո՞ւմ եք աշխատելու:-Ո՛չ, կինո է:-Փակագծերը մի քիչ կբացե՞ք:-Չեմ կարող, որովհետեւ եթե լինի, բոլորը կիմանան:-Նեղացած եք հայ իրականությունից, դրա համա՞ր եք ուզում հեռանալ:-Ո՛չ, նեղացած չեմ: Ինչի՞ նեղանանք, որ նեղացանք, մեզ ի՞նչ: Ցանկացածը, ով հնարավորություն կունենա դրսում ինչ-որ բան անելու, վստահ եմ` կգնա: -Ո՞րն է պատճառներից հիմնականը:-Որ ավելի լուրջ մասնագետ լինեն իրենց բնագավառում: Երկու տարի խաղալ մի ներկայացման մեջ` չեմ կարծում, որ դա է առաջընթացը: -Ձեր կոլեգաներից շատերը պնդում են, որ Հայաստանը հնարավորությունների առումով սահմանափակ է: Դրա համար էլ շատերը փորձում են դուրս գնալ:-Իմ գործի առումով այդքան էլ նեղ չեն սահմանները, երեւի դա ինձնից է, ես եմ ուզում ավելի հետաքրքիր տեսնել իմ աշխատանքը որպես դերասան եւ ռեժիսոր:-Դրսի առաջարկը կապված է ռեժիսորակա՞ն, թե՞ դերասանական աշխատանքի հետ:-Ես գրում եմ նաեւ սցենարներ, երաժշտություն, այդ երկու տաղանդն էլ ունեմ` գումարած դերասանականն ու ռեժիսուրան: -Մեկնում եք վերադառնալո՞ւ նպատակով:-Դեռ չգիտեմ` վերադառնալս ինչպես կստացվի, բայց այս պահին ամեն ինչ փորձում եմ դրսի հետ կապել: Ամեն մեկս մի տեսակ է, միգուցե ուրիշ տեղ կարողանանք մեզ դրսեւորել:-Այստեղ ի՞նչ եք փնտրում, որ չեք գտնում:-Այստեղ ոչ մի բան չի ավելանում: Ամեն ինչ մնում է նույն տեղում, մաքսիմում` վերջում ժողովրդական արտիստի կոչում ստանաս: Շատ բաներ պետք է փոխվեն: Մեզ մոտ մի քիչ սովետական մտածելակերպ կա: Շատերն ամեն ինչ դեռ ուրիշ ձեւ են պատկերացնում: -Բայց վերջին շրջանում Հայաստանում էլ է շարժ նկատվում. թատերական եւ կինոփառատոններ են կազմակերպվում:-Հավատացե՛ք, չեմ հետաքրքրվում այդ տեսակ բաներով: -Ձեզ տեսել եմ «Երկու ընկեր` չհաշված կյանքը» ներկայացման մեջ` համատեղ Ավո Խալաթյանի հետ: Ի՞նչ եղավ այդ ներկայացման ճակատագիրը: Հիմա ինչո՞ւ չեք խաղում:-Ներկայացումը հաջողություն ունեցավ: Հետո դերակատարներից մեկը դուրս եկավ, մի քիչ փոփոխություններ եղան: Մարդիկ գալիս էին, նայում, ուրախանում ու գնում: Մոտավորապես 2 տարի է` էլ չենք խաղում այդ ներկայացումը: Եթե տեսել եք ներկայացումը, գիտեք, որ այն հարուստ, լկտի երիտասարդների մասին էր: Ինձ համար էլ` որպես դերասան, մի քիչ ծանր էր խաղալ այդ պերսոնաժներից մեկին, զուտ մարդկային առումով եմ ասում: -Շատերի համոզմամբ հաջողված էր նաեւ Ձեր դերակատարությունը «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմում: Հայկական այլ ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ չե՞ք ստացել:-Կարելի է ասել` ո՛չ: Մեծամասամբ սերիալներն են եղել: Այստեղ դերասաններից ուրիշ բաներ են ուզում, պատկերացնում: Եղել են քասթինգներ, որոնց մի քանի անգամ գնացել եմ: Բայց փորձը ցույց է տվել, որ… Ես ինձ էլ չեմ կոտորում:-Սերիալների առաջարկներն ինչո՞ւ եք մերժում:-Սկզբում մի երկու տեղ խաղացի: Ինձ թվաց` գնալով որակը կլավանա, բայց ամեն ինչ մնաց նույնը, մի քիչ ավելի վատացավ: Դա զուտ թիվի բիզնես է, որի հարվածի տակ ընկնում են դերասանները, որոնք ուզում են փող աշխատել: Հետո մի բան էլ կա. հայ ռեժիսորներ կան, որոնք իրենց ֆիլմերում չեն վերցնում սերիալներում խաղացած դերասաններին: -Ասում եք` թիվի բիզնես է, բայց իրականությունից չես փախչի: Այսօր շատ վաստակավոր դերասաններ թատրոնից անցում են կատարել սերիալներ:-Այս երկրում այդպես է կյանքը ստացվում: Մարդիկ այդպես են փող աշխատում: Պետք է ապրել` կին, երեխա, ընտանիք: Եւ ինչո՞ւ չէ` նաեւ իրենց համբավին վայել մի քիչ էլ տեսք ունենան: -Ճի՞շտ հասկացա, այս պահին ոչ մի տեղ չե՞ք աշխատում:-Այո՛, այստեղ չեմ աշխատում, բայց ծրագրեր ունեմ, որոնց վրա եմ աշխատում: Փորձում եմ ռեժիսորական ձիրքս կատարելագործել:-Մի հարց էլ` կապված Ձեր ազգանվան հետ: Ղափլանյան ազգանունը Հրաչյա Ղափլանյանի հետ որեւէ կապ ունի՞: -Այս տեսակ խոսակցություններ շատ եմ լսել: Միայն գիտեմ, որ Հրաչյա Ղափլանյանը լավ մարդ է եղել, բարեկամական կապ չունենք: Այդ խոսակցությունները սկիզբ առան նաեւ այն բանից հետո, երբ սկսեցի աշխատել Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս