ԱԺ-ի այսօրվա նիստը սկսվեց ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմամբ:
Հիշեցնենք, որ այս նախագիծը երեկ էլ է բավականին աշխույժ քննարկվել ԱԺ – ում: Անգամ ելույթ ունեցավ ՀՀԿ-ական կին պատգամավոր Կարինե Աճեմյանը:
Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման համար կազմակերպությունների մրցույթի կարգն ամբողջովին ենթարկվել է փոփոխությունների, այդ կապակցությամբ լրացվել է «նոր օպերատոր» հասկացությունը, որը Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է: Օպերատորի տրանսպորտային միջոցները չբավարարելու դեպքում նոր հայտարարվում է մրցույթ:
Այսօր ևս նախագիծը քննարկվեց: Հարց առաջացավ նաև ՀՀԿ- ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի կողմից: Մասնավորապես նրան հուզում էր այն հարցը ՝ արդյոք այս փոփոխությունները վերաբերում են միջհամայնքային տրանսպորտին, երկրորդ ` ինչու է օպերատոր հասկացությունը սահմանում միայն Երևան քաղաքի վրա, երրորդ ` ավտոմոբիլային ընդհանուր տրանսպորտի սահմանման մեջ արդյոք մտնում են երթուղային տաքսիները, արդյոք կարելի է ենթադրել, որ օպերատորը կարող է իր ծառայությունները մատուցել նաև երթուղային տաքսիներով, չորրորդ ` հայտնի է, որ այս ոլորտը պահանջում է մեծ ներդրումներ, որոնք կպահանջեն նաև սակագնի ավելի բարձր մակարդակ, հետևաբար արդյոք մեր քաղաքացիները կարող են վճարել այդ բարձր սակագինը, հինգերորդ` «ե» կետի համարվում է ուժը կորցրած: Դա այն կետն է, որը կարելի է օպերատորին զրկել ծառայություններ մատուցելու իրավունքից, եթե նա իրականացնում է ծառայությունն ավելի բարձր սակագնով, քան հաստատվել է մրցույթում: Ինչու է հանվում այս կետը:
Հարցին պատասխանեց ՀՀ կառավարության օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի ղեկավար Արմեն Եղիազարյանը: Նրա խոսքով ` այնտեղ, որտեղ մրցույթային խնդիր կա, լիցենզիան վերացնելը վերաբերում է բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին: Երկրորդ ` օպերատոր հասկացությունը չի տարածվում միջհամայնքային տրանսպորտային միջոցների վրա, քանի որ դա պահանջում է ներդրումներ ու նյութական բազա: «Աստիճանաբար պետք է տրանսպորտը դարձնել համայնքային սեփականություն»,- ասաց պրն Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է երթուղային տաքսիներին, ապա օպերատորը կարող է ծառայություններ մատուցել նաև երթուղային տաքսիներով, եթե ավտոբուսները բավարար չլինեն: «Օպերատոր ասվածը պետք է հասարակական շահին սպասարկի»,- ասաց կառավարության ներկայացուցիչը:
Սակագների մասին խոսելիս Եղիազարյանն ասաց, որ օպերատորի առումով դա հաստատվում է համայնքի կողմից : Այս նախագծով ավագանին պետք է սահմանի օպերատորի կողմից շահագործվող երթուղիների սակագները:
Մյուս հարցադրումը Արմեն Եղիազարյանը մոռացել էր.« Կհիշեցնենք, որն էր դա»:
Խոսրով Հարությունյանն ասաց, որ խոսքը վերաբերում է նախագծի «ե» կետին. «Դա հանել ենք»:
Պրն Հարությունյանն ասաց, որ իրեն հետաքրքում է այդ կետի ուժը կորցրած համարելը «Ինչի՞ ենք հանել»,- հարցին հարցով պատասխանեց Եղիազարյանն ու ընկավ մտորումների մեջ և այդպես էլ չպատասխանեց:
Եղիազարյանն անդրադարձավ Հարությունյանի մյուս հարցին ` օպերատորը տուրք վճարելո՞ւ է, թե ոչ և արդյոք օպերատորը պետք է հավասար պայմաններ ունենա: Կառավարության ներկայացուցչի խոսքով ՝ օպերատորը չի կարող հավասար պայմաններ ունենալ, քանի որ մրցակցային պայմաններ են: «Եթե մենք մտցնում ենք հասարակական փոխադրող, մրցակցությունը վերացնում ենք, հավասար պայմաններ կլիներ այն դեպքում, երբ օպերատորի ձևակերպումը չլիներ»,- մանրամասնեց Եղիազարյանը:
Ինչ վերաբերում է տուրքին, ապա դա այս նախագծի սահմաններում հնարավոր չէ լուծել: «Դա պետության ֆիսկալ քաղաքականության լուրջ վերականգնում է, այստեղ արդեն այլ խնդիր է: Երևի հարկային նոր օրենսգիրքը կփորձի դա կարգավորել»,-եզրափակեց պրն Եղիազարյանը: