ԹԱՆԿՅԱՆՆ ՈՒ ԳՈՒՐՋՅԱՆԸ՝ «ՕՍԿԱՐԻ» ԹԵԿՆԱԾՈՒ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասան եւ ռեժիսոր Մայքլ Գուրջյանը «Օսկարի» հայաստանյան հավակնորդ «Ամերիկացի» ֆիլմի սցենարը գրելուց անմիջապես հետո դիմել է System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանին:

 

«Գրեմմի»-ի մրցանակակիր երաժիշտը եւ քաղաքական ակտիվիստն այնուհետեւ ֆիլմի գործադիր պրոդյուսերն է դարձել: Այնտեղ օգտագործված է Չապլինի հեգնական կերպարը՝ պատկերելու հայկական սփյուռքի՝ իր արմատներին կապվելու երազանքը: Գուրջյանը, որը ֆիլմի հեղինակն ու ռեժիսորն է, մարմնավորում է նաեւ Չարլիին՝ ԱՄՆ տեղափոխված հայ գաղթականին, որը վերադառնում է խորհրդային ժամանակների իր հայրենիք եւ անմիջապես բանտարկվում, բայց իր խցից նա տեսնում է բանտապահի տունը։ Աստիճանաբար նրա պահակի ու վերջինի կնոջ կյանքն անուղղակիորեն միահյուսվում է։ Գուրջյանն ու Թանկյանը Variety-ի հետ զրուցել են ֆիլմի արդիականության մասին, քանի որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ գնալով սրվում են:

«Որպես հայ՝ ես միշտ ցանկացել եմ ինչ-որ բան անել՝ կապված իմ արմատների հետ։ Նկատելով, որ ցեղասպանության վրա կենտրոնացումը մեծ է, ես  ցանկացա նկարահանել մի ֆիլմ, որը թույլ կտար հայերին մի փոքր հանգստանալ, ու նաեւ մի քիչ ծիծաղելի կլիներ: Այն, որ Ստալինը հայերին առաջարկել էր հայրենադարձվել (նա դա արեց խորհրդային շատ երկրների հետ), ես չգիտեի այդ մասին, եւ շատ հայեր առանձնապես չեն խոսում այդ թեմայով: Բայց ես մի քանի անգամ լսել եմ, որ դա նկարագրվում էր որպես «վերք՝ վերքի վրա»։ Ցեղասպանությունից հետո ողջ մնացած շատ հայեր վերադարձան հայրենիք…, սակայն շատերի համար դա աղետ էր։ Այս պատմության մեջ հուսադրող բան գտնելը դժվար էր, ինչպես նաեւ ճիշտ մոտեցում ցուցաբերելը:

Երբ ես առաջին անգամ գրեցի սցենարը, ես 100%-ով վստահ չէի, որ այն կաշխատեր: Սա է պատճառներից մեկը, որ ես Սերժին ցույց տվեցի դրա վաղ պատճենը: Կարծում եմ, որ շատ առումներով նա ինձ վստահություն ներշնչեց, որ այստեղ ինչ-որ բան կա եւ արժե հետամուտ լինել»,-ասում է Գուրջյանը: Թանկյանը կարծում է, որ «այժմ անհավանական ժամանակ է այս ֆիլմը թողարկելու համար՝ կապված Հայաստանի՝ դեպի Արեւմուտք ուղղված աշխարհաքաղաքական առանցքի հետ»։ «Մարդիկ նայում են Հայաստանին ու ասում՝ այ, նրանք 1920-ականների սկզբից Ռուսաստանի խորհրդային արբանյակային երկիրն էին, ինչը ճիշտ է, բայց մարդիկ չեն գիտակցում, որ ցեղասպանությունը դրա հետ մեծ կապ ունի: Ցեղասպանությունից հետո մեր հարեւանությամբ Թուրքիա ունեինք, Հայաստանում սով էր եւ շատ ավելին։ Հայաստանը մեծ անկախություն չուներ: Մոտ երկու տարի երկիրը անկախ էր, եւ թուրքական բանակը ներխուժեց։ Եղել են մարտեր։ Այսպիսով, ընտրությունը ռուսների միջեւ էր, որոնք, մենք գիտեինք, որ մեզ չեն սպանելու, եւ թուրքերի միջեւ, որոնք մեզ սպանում էին: Այնպես որ, 1921 թվականին Հայաստանի խորհրդայնացումը ընտրություն չէր, եւ մարդիկ պետք է սա գիտակցեն։ Խորհրդային Հայաստանի պատմությունը շարունակվեց մինչեւ 1991 թվականը, երբ երկիրը ձեռք բերեց անկախություն, իսկ Ռուսաստանը դարձավ անվտանգության երաշխավորը։ Իսկ հետո՝ 2020 թվականին, ինչպես գիտենք, հարձակում եղավ Ադրբեջանի կողմից։ Եվ, իհարկե, հարձակվել են Պուտինի լիակատար իմացությամբ ու համաձայնությամբ, քանի որ, առանց նրա համաձայնության, նման բաներ չեն կարող լինել նրա տան բակում։ Դրանից հետո ռուսական պետությունը Հայաստանին «վրաերթի ենթարկեց»: Այնպես որ, վերադառնալով այս ֆիլմին՝ սա կատարյալ շրջադարձ է, որը ցույց է տալիս, թե ինչու է Հայաստանը շարժվում դեպի Արեւմուտք»,-նշել է Թանկյանը։ Հարցին, թե ինչ է նշանակում «Օսկարի» հավակնորդ ֆիլմը հայերի համար, Գուրջյանը նշում է, որ ինքը դա ազգային անվտանգության խնդիր է համարում: «Հայկական մշակույթի մասին մարդկանց գիտելիքները շատ ու շատ սահմանափակ են, եւ ոչ միայն հայերին, այլեւ ոչ հայերին հասանելի ֆիլմ ունենալն օգնում է հայերին երեւալ: Եթե Հայաստանը ստանար մրցանակը, դա բառիս բուն իմաստով կփոխեր երկրի վիճակը»։

 

 

 

 

ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾԻ ՀՈՒՇԵՐԸ

 

«Վերջին անգամ երկար նայեցի տանս պատերին՝ ամեն մի անկյունին, համբուրեցի տանս դուռը ու դուրս եկա: 30 ժամ ճանապարհ եկանք, բայց այն հույսով էի, որ մի փոփոխություն կլինի, ու մեզ ետ կուղարկեն մեր Արցախ»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Լորետա Բաղշիյանը:

 

44-օրյա պետերազմի ժամանակ առաջին զոհերից էր տիկին Լորետայի որդին՝ Արամը:

Սովորում էր Երեւանի օլիմպիական քոլեջում: Բավականին հաջողությունների էր հասել: Սիրում էր սպորտը:

«Արամը 2020թ. առաջին զոհերից էր. զոհվել է պայթյունից: Երբ եղավ պայթյունը, նա ծածկել էր իր զինակից ընկերոջը՝ մի զինվորի, որի կյանքը հնարավոր եղավ փրկել: Մինչեւ հիմա այդ զինվորի հետ կապը պահում եմ, եւ երբ տեսնում եմ նրան, Արամիս եմ զգում: Արամը զոհվել է սեպտեմբերի 27-ին, բայց քանի որ մարմինը ուշ գտանք, հուղարկավորումը կատարեցինք Եռաբլուրում: 2002 թվականին մայիսի 9-ին ես առաջին անգամ զգացի մայրական զգացումը Արամի հետ: Նրանով սկսվեց իմ կյանքն ու նրանով շարունակվում է: Արամս միշտ կա, ամեն օր նա ինձ հետ է, ամեն քայլափոխի նա պահեց հայրենիքին տված իր խոստումը, գերադասեց հայրենիքի սերը, նախընտրեց հայրենիքին ավելի ամուր գրկել, քան մորը: Արամը պահեց իր բոլոր խոստումները, բացի մեկից՝ չվերադարձավ»,- պատմում է Լորետա Բաղշիյանը:

Լորետա Բաղշիյանն ասում է, որ հիմա միայն նախանձում է այն հողին, որ իր փոխարեն մայրաբար որդուն գրկել է:

«Ստեփանակերտից միայն Արամիս լուսանկարներն եմ վերցրել եւ Արամի մի քանի իրերը: Վախենում էի, որ որդուս նկարները կվերցնեն, որովհետեւ շատերը զինվորական նկարներ էին: Հակարիի կամուրջի մոտ ադրբեջանցիները մոտեցան, բացեցին կապոցը եւ, ի զարմանս ինձ, ոչինչ չարեցին: Հիմա ապրում եմ Երեւանում այն հույսով որ պիտի ետ գնամ իմ տուն: Աշխատում եմ թշնամու սոցհարթակներում տեղադրված տեսանյութերը չդիտել, որովհետեւ մեծ ցավ եմ ապրում եւ դժվարանում եմ տեսնել մեր երկիրն օտարների ձեռքին: Շատ ծանր եմ տանում, երբ գիտակցում եմ, որ թշնամին կարող է պղծել իմ եղբայրների ու այնտեղ թաղված տղաների գերեզմանները, ծանր է, երբ գիտակցում եմ, որ կան ծնողներ, մարդիկ, որոնք իրենց որդիների, հարազատի մարմինները Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոցում են ամփոփել եւ հիմա անգամ գերեզմանին այցի գնալ չեն կարող»,- պատմում է մեր զրուցակիցը: Լորետա Բաղշիյանի խոսքով՝ անհայրենիք լինելն ամենամեծ ցավն է, որը ոչնչով սփոփել հնարավոր չէ: «Անսպասելի էր սեպտեմբերի 19-ը: Մեկ օրում այդքան զոհ տալուց հետո հայտարարեցին, որ պետք է լքենք Արցախը: Ես անակնկալի եկա: Երբեւէ չեմ կարծել, որ մի դավաճան այնքան ընկած կարող է լինել, որ այդքան կյանքեր խլած հողը նման անտարբերությամբ սկուտեղի վրա կհանձնի թշնամուն: Անհայրենիք լինելը թեւեր ու ոտքեր կտրած լինելու նման է:

Ուզում եմ ապրել իմ հայրենիքում, թեկուզ շրջափակման, պակասության մեջ, հերթերում, անմարդկային պայմաններում, բայց Արցախում, իմ հայրենիքում լինեմ»,- ասում է Լորետա Բաղշիյանը:

 

 

 

ՊԱՏՐԱՍՏ Է ԽԱՂԻՆ

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» եւ Նորվեգիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Էրլինգ Հոլանդը կկարողանա մասնակցել Անգլիայի առաջնության 13-րդ տուի հանդիպմանը «Լիվերպուլի» դեմ. հաղորդում է ESPN-ը։

Էրլինգ Հոլանդը Նորվեգիայի հավաքականում ստացած ոտնաթաթի վնասվածքից հետո լիովին վերականգնվել է եւ լիարժեք մարզում է անցկացրել կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի ընդհանուր խմբում։

«Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 16:30-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիի» հետ մասնակցել է 18 հանդիպման, խփել է 17 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

 

 

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ Է ԱՌԱՋԱՐԿԵԼ

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» նոր պայմանագիր է առաջարկել թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին։ Կողմերը սկսել են բանակցությունները։

«Բավարիան» ցանկանում է երկարաձգել համագործակցությունը 34-ամյա ֆուտբոլիստի հետ մինչեւ 2025թ. հունիս. հաղորդում է twitter.com/NicoSchira-ն։ Մյուլերի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մյուլերը մասնակցել է 10 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում։

 

 

 

 

ԿՀԵՌԱՆԱ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՑ

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ պորտուգալական «Բենֆիկայի» 35-ամյա կիսապաշտպան Անխել Դի Մարիան կհեռանա ազգային թիմից 2024թ. Ամերիկայի գավաթից հետո։

«Ամերիկայի գավաթում վերջին անգամ կհագնեմ Արգենտինայի խաղաշապիկը։ Հոգու կսկիծով հրաժեշտ կտամ իմ կարիերայում տեղի ունեցած ամենահրաշալիին»,- սոցիալական ցանցերում գրել է 35-ամյա ֆուտբոլիստը։

Դի Մարիան Արգենտինայի հավաքականում նորամուտը նշել է 2008 թվականին։

Ազգային թիմում անցկացրած 136 խաղում նա խփել է 29 գոլ, դարձել 2021թ. Ամերիկայի գավաթակիր, 2022թ. աշխարհի չեմպիոն։

Ամերիկայի գավաթը կանցկացվի 2024թ. հունիսի 20-ից հուլիսի 14-ը։

 




Լրահոս