Եվ այսպես ` մարտի 16-ին հայտարարված Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեին մնացել է ընդամենը երեք օր: Եվ եթե մինչ այս դեռ աղոտ հույսեր կային, որ գերտերություններին, այդուհանդերձ, կհաջողվի փոխհամաձայնության եզրեր գտնել, ապա հիմա արդեն իսկ պարզ է, որ Ռուսաստանը գնալու է մինչև վերջ, և Ուկրաինան կորցնելու է Ղրիմը:
Երեկ արդեն Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, թե «չնայած Ղրիմում անցկացվող հանրաքվեն մեծ կեղծիք է, Ուկրաինան Ղրիմի համար չի պատերազմի թվով իրեն մեծապես գերազանցող Ռուսաստանի հետ, քանի որ դա երկրի արևելյան սահմանները անպաշտպան կդարձնի»:
Տուրչինովի այս հայտարարությունը, թերևս, կարելի է գնահատել որպես Ղրիմը կորցնելու մտքի հետ հաշտվելու դրսևորում: Թեև ` չի բացառվում, որ երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելուց հետո նա վերադառնա այլ տրամադրությամբ և Ուկրաինայի իշխանությունների դիրքորոշումն այդ հարցի շուրջ փոխվի:
Ամեն դեպքում, մի բան ակնհայտ է. Ղրիմի անջատումը Ուկրաինայից Ռուսաստանի վրա էժան չի նստելու: Երեկ ԵՄ երկրները հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որով նախատեսվում է մուտքի արգելք և հաշիվների սառեցում այն անձանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Ուկրաինայի ինքնիշխանության խախտման համար: Իսկ ԱՄՆ վարչակազմը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ոչ միայն կոնկրետ անձանց և ընկերությունների հաշվեհամարների, այլև ռուսական բանկերի գործունեության սահմանափակման մասով` նպատակ ունենալով Ռուսաստանի տնտեսությունը մեկուսացնել դոլարային համակարգից:
Երեկ ընդունած համատեղ հայտարարությամբ Ռուսաստանին սպասվելիք հակաքայլերի մասին զգուշացրել են նաև Մեծ յոթնյակի երկրները` նշելով, որ «եթե Ռուսաստանը շարունակի Ղրիմի անջատմանն ուղղված իր գործողությունները, ապա իրենք կդիմեն ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ քայլերի»:
Այս ամենը, սակայն, առանձնապես չի մտահոգում ՌԴ իշխանություններին: Պետդուման արագացված կարգով օրենսդրական փոփոխություն է իրականացնում ` ՌԴ կազմում Ղրիմն ընդգրկելու գործընթացի դյուրացման համար, իսկ ռուս քաղաքական գործիչներն էլ Արևմուտքին կոչ են անում լավ մտածել պատժամիջոցներ կիրառելուց առաջ: Ասել է թե ` Ռուսաստանը պատրաստ է կրել սպասվելիք բոլոր հարվածները:
Մինչդեռ հաջորդ շաբաթ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ստորագրող Ուկրաինային չի փոխհատուցի ո՛չ ԵՄ տրամադրած ֆինանսական աջակցությունը, ո՛չ էլ եվրոպական բարեկեցության հեռանկարը: Փաստը մնում է փաստ ` այդ երկիրը կորցրեց իր տարածքի մի զգալի մասը, ճիշտ այնպես, ինչպես Վրաստանը ` Հարավային Օսիան և Աբխազիան: Արդյոք Մայդանում պայքարող ժողովուրդը պատրաստ էր նման գնով հաղթանակի ` դժվար է ասել: