Դեռեւս նոյեմբերի սկզբին իրավապահների եւ հասարակության ուշադրության կենտրոնում հայտնվեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար, ՔՊ-ական Արման Բարխուդարյանը: Բարխուդարյանն ու թաղապետարանի մի քանի աշխատակիցներ մեղադրվում էին գնումները ոչ պատշաճ իրականացնելու համար:
Նրան բերման էին ենթարկել, ապա ազատ են արձակել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չբացակայելու վերաբերյալ:
Դեպքից հետո եթե Արման Բարխուդարյանի թիմակիցները կապի մեջ էին, անընդհատ պայքարում էին լրատվականներում իրենց մասին ինֆորմացիայի ամեն տառի, բառի ճշտության ու իրենց մեկնաբանության առկայության համար, ապա «պարագլուխն» անցավ ընդհատակ: Նախկինում գործող որեւէ հեռախոսահամար եւ կոնտակտային այլ միջոցներ միանգամից դարձան անհասանելի եւ շարունակում են այդպես մնալ մինչ օրս:
Հարկ ենք համարում նշել, որ Բարխուդարյանը ազատ արձակվելուց հաշված ժամեր անց մասնակից էր դարձել ՔՊ-ականների քեֆ-ուրախությանը «Շատո» ռեստորանում:
Արման Բարխուդարյանը տարբեր ժամանակներում տարբեր պաշտոններ է զբաղեցրել: Մինչ վարչական շրջանի ղեկավար նշանակվելը նա ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդականն էր, իսկ դրանից առաջ՝ 2019-2020 թթ., այդ ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետն էր։
ՔՊ-ական նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը հայտնի է սկանդալային վարքագծով:
Մեր տեղեկություններով՝ նա գրեթե մշտապես կոնֆլիկտներ է ունեցել իր աշխատակիցների, ինչպես նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ:
Խոսակցություններ կան, որ նա իր թաղապետ եղած ժամանակ նույնիսկ պարգեւավճարներ է բաժանել, ապա պարտադրել՝ այդ պարգեւավճարները վերադարձնեն:
Իսկ ի՞նչ է հայտարարագրել այս ամենի ֆոնին սկանդալային Բարխուդարյանը, որն այժմ զբաղեցնում է Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Բարխուդարյանի երեխաների քավոր Ռուբեն Ռուբինյանի խորհրդականի պաշտոնը: Նա հայտարարագրել է 2 հողամաս՝ միանձնյա սեփականությամբ, որոնք գնվել են 2020 թվականին Երեւանում։
Բարխուդարյանի հետ համատեղ բնակվում է 5 անձ՝ կինը՝ Ինեսա Խոսրովյանը, անչափահաս զավակները՝ Կարեն եւ Ռուբեն Բարխուդարյանները, եւ համատեղ բնակվող Հասմիկ Նորազյանը եւ Գագիկ Բարխուդարյանը։
Նախկին թաղապետը չի հայտարարագրել բնակարան, սակայն տարեսկզբին հայտարարագրել է 3 մեքենա՝ Daewoo, Nissan, Citroen մակնիշների մեքենաներ, որոնք ձեռք են բերվել 2020-2021 թվականներին։ Տարվա ընթացքում Բարխուդարյանը ձեռք է բերել MINI մակնիշի մեքենա, որը արտադրված է 2005 թվականին։ Խորհրդականը այս մեքենան ձեռք է բերել Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից 890 հազար դրամով։ Daewoo եւ Nissan մակնիշի մեքենաները տարվա ընթացքում օտարվել են համապատասխանաբար 800 եւ 750 հազար դրամով։ Արդյունքում տարեվերջին նա ունեցել է 2 մեքենա՝ Citroen եւ MINI մակնիշի մեքենաներ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 մլն դրամ եւ 3 հազար ԱՄՆ դոլար։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 158 հազար դրամ, որից 6 մլն 871 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ աշխատակազմից, իսկ 286 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է «Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից։ Բարխուդարյանը բնակարան չունի, սակայն հայրը՝ Գագիկ Բարխուդարյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն, որը 2011 թվականին ժառանգություն են ստացել։ Բարխուդարյանի կինը՝ Ինեսա Խոսրովյանը, հայտարարագրել է հողամաս՝ Արարատի Նոր Խարբերդ համայնքում։ Նա 2019 թվականին ձեռք է բերել BMW մակնիշի մեքենա՝ 2002 թվականին արտադրված։ Կինը ոչ մի եկամուտ չի հայտարարագրել։
ՄԱՐԻԱՄ ՂԱԶԱՐՅԱՆ, ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԿԳՄՍՆ-Ն ՄԵՔԵՆԱ Է ԼՎԱՆՈՒՄ
ԿԳՄՍ նախարարությունը, դասագրքերի գնումները եւ տպագրությունը ձախողելուց բացի, հետաքրքիր գնումներ է կատարել 2023 թվականի ընթացքում։ Նախարարությունն այս տարվա ապրիլին «Սպասարդ» ՍՊԸ-ի հետ կնքել է պայմանագիր, որի ընդհանուր արժեքը կազմել է 504 հազար դրամ։
Պայմանագիրը կնքվել է ապրիլի 3-ին։ Այն իրենից ենթադրում է ավտոմեքենաների լվացման եւ նմանատիպ ծառայություններ։ Նախատեսվում է թվով 6 մարդատար ավտոմեքենաների թափքի լվացում եւ սրահի մաքրում։ Մեքենաները Toyota մակնիշի են, պատկանում են Camry եւ Corola մոդելների՝ 1,6 եւ 2,5 լիտրանոց շարժիչներով։ Պայմանագրում մանրամասն ներկայացված է նաեւ ավտոմեքենայի լվացման եղանակը, այն է՝ բարձր եւ ցածր ճնշման ջրի փոշիացման սարքերի միջոցով, առանց հպման, ավտոմեքենաների լվացման համար նախատեսված հատուկ նյութերով եւ հեղուկներով։ Ավտոմեքենայի սրահի մաքրումը իրականացվել է ավտոմեքենաների սրահի մաքրման համար նախատեսված մաքրող եւ փայլեցնող նյութերով եւ միջոցներով՝ ներառելով սրահի ռետինե գորգերի լվացումը։ Այս ծառայությունների ընդհանուր քանակը՝ տարվա կտրվածքով, յուրաքանչյուր մեքենայի համար իրականացվել է առավելագույնը 30 անգամ։ Ծառայությունը մատուցվում է՝ պատվիրատուի հայտի հիման վրա, առավելագույնը 3 ժամվա ընթացքում համապատասխան կտրոնների միջոցով, որոնց տեսքը որոշվում է կողմերի միջեւ, եւ այն հաստատվում է կողմերի կնիքներով։
ԼԱՐՍԻՑ ՀԵՏ ԵՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ
Գրեթե 3 օր է՝ հայ տնտեսվարողները Վերին Լարսի անցակետում խնդիրների առաջ են կանգնել։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 65,000 վարդով 2 հայկական բեռնատար Վերին Լարսից հետ են ուղարկել Հայաստան՝ պատճառաբանելով, որ կա սանիտարական խնդիր։ Ձկով բեռնված բեռնատարները հետ են ուղարկվել՝ պատճառաբանելով, որ ձկան տարիքը փաստաթղթերի մեջ նշված չի եղել, փաստաթղթային մի շարք խնդիրներ են եղել, նաեւ դրանց պահպանման ժամկետը նշված չի եղել։ Տնտեսվարողները, որոնք ցանկացան անանուն մնալ, ասում են, որ նման ստուգումներ եղել են, առաջ ամեն ինչ լավ էր, սակայն այս անգամ անհիմն խնդիրներ են մեջբերում, որոնք տեղում լուծվող հարցեր են։ Նրանք փաստում են նաեւ, որ իրենց նման դրության մեջ դնելու պատճառը հայ-ռուսական հարաբերություններն են։ Անցակետի աշխատակիցներն ակնհայտորեն ասում են՝ խնդիրը սանիտարական է կամ փաստաթղթային, սական off the record նրանց հրամայել են հետ գնալ, իսկ իրավիճակի պատճառը եւ բացատրությունները հորդորել են ստանալ մեր կառավարությունից։
Ստացվում է, որ եթե գնանք խնդրի ավելի խորքերը եւ լսենք տնտեսվարողների խոսքերը՝ կարող ենք եզրակացնել, որ այս իրարանցումը սկսվեց Հայաստանի՝ ՀԱՊԿ գագաթաժողովին չմասնակցելուց եւ ՀԱՊԿ-ից դուրս գալու մտորումների մասին բարձրաձայնելուց հետո։
Արդյունքում սանկցիաների տակ գտվող ռուսական կողմը ուզում է պատժամիջոցներ ստեղծել նաեւ Հայաստանի դեմ։
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՉՍՏԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐ
Զավեն Մարտիրոսյանը, Ալեքսան Բաղդասարյանը, Սերգեյ Շախյանը, Արսեն Գրիգորյանը, Սամվել Մնացականյանը, Արգամ Մկրտչյանը, Արտաշես Գեւորգյանը, Վարդան Աբգարյանը աշխատել են «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ում, զբաղեցրել տարբեր հաստիքներ, սակայն չեն ստացել աշխատավարձերը, նրանց հետ վերջնահաշվարկ չի կատարվել, չեն վճարվել պարտք մնացած աշխատավարձի գումարները։
Ընկերությունը գրանցված է Տավուշի մարզի Վազաշեն գյուղում, 2015-2019 թվականներին Վազաշենի «Կարմիր քար» տարածքում երկրաբանական ուսումնասիրություններ է կատարել ոսկու պաշարների քանակը պարզելու եւ հետագայում շահագործելու համար։
Հայցվոր Զ. Մարտիրոսյանը՝ որպես հանքի պետ, 2014թ. նոյեմբերի 3-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 1-ը «Պոլիմետ»-ում գրանցված է եղել, ըստ ՊԵԿ տվյալների՝ դրանից հետո՝ 2016թ.-ին, Զ. Մարտիրոսյանը շարունակել է նույն գործատուի մոտ կատարել նույն պարտականությունները, սակայն նրան ընդհանուր 1 միլիոն 400 հազար դրամի չափով աշխատավարձ չի վճարվել։ Ա. Բաղդասարյանը՝ որպես գլխավոր երկրաբան, 2014թ. նոյեմբերի 3-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 1-ը գրանցված է եղել «Պոլիմետ» -ում՝ ըստ ՊԵԿ տվյալների։ Դրանից հետո՝ 2016թ.-ին, Ա. Բաղդասարյանը շարունակել է կատարել աշխատանքային նույն պարտականությունները, սակայն նրան աշխատավարձ չի վճարվել։
Ս. Շախյանը՝ որպես «բրիգադիր», 2014թ. նոյեմբերի 3-ից մինչեւ 2015թ. դեկտեմբերի 1-ը «Պոլիմետ»-ում գրանցված է եղել՝ ըստ ՊԵԿ տվյալների: Դրանից հետո՝ 2016թ.-ին, նա շարունակել է նույն գործատուի մոտ կատարել նույն պարտականությունները, սակայն նրան աշխատավարձ չի վճարվել։ 2023թ. հոկտեմբերի 24-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Դիլիջանի նստավայրում դատավոր Նանա Դալլաքյանը վճռել է հայցը բավարարել, «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ից հօգուտ Զ. Մարտիրոսյանի բռնագանձել 1 միլիոն 400 հազար դրամ՝ որպես չվճարված աշխատավարձ, նույն ընկերությունից, որպես չվճարված աշխատավարձ, հօգուտ Ա. Բաղդասարյանի բռնագանձել 1 միլիոն 800 հազար դրամ, հօգուտ Ս. Շախյանի բռնագանձել 450 հազար դրամ, հօգուտ Ա. Գրիգորյանի՝ 250 հազար դրամ, հօգուտ Ս. Մնացականյանի՝ 180 հազար դրամ, հօգուտ Ա. Մկրտչյանի՝ 250 հազար դրամ, հօգուտ Ա. Գեւորգյանի՝ 250 հազար դրամ, հօգուտ՝ Վ. Աբգարյանի՝ 250 հազար դրամ, «Պոլիմետ կորպորացիա հայ-կանադական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ-ից բռնագանձել 144 հազար 900 դրամ՝ որպես պետական տուրքի գումար: Սույն վճիռը մեկամսյա ժամկետում չի բողոքարկվել, մտել է օրինական ուժի մեջ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ