Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջում վախի մթնոլորտ է: Քոլեջի տնօրեն Ռիտա Գյուլամբարյանը հրահանգել է դասախոներին եւ ուսանողներին ոչինչ չխոսել քոլեջի ուսանող՝ ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի թոռան միջադեպից: Բանն այն է, որ քոլեջի տնօրեն Ռիտա Գյուլամբարյանը ընկերական, բարեկամական հարաբերությունների մեջ է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հետ, եւ ողջամիտ կասկածներ կան, որ այս հանգամանքով պայմանավորված՝ ուսանողների միջադեպը կկոծկվի:
«Ժողովուրդ» օրաթերթի նկարահանող խումբը Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջում էր: Հիշեցնենք, որ օրերս լուրեր տարածվեցին այն մասին, որ Երեւանի իրավատնտեսագիտական եւ կառավարման քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռան մասնակցությամբ։
Մելքոնյանի թոռը՝ Գագիկ Մելքոնյանը, ըստ այդ աղբյուրի, դանակահարել է նույն համալսարանի մեկ այլ սանի, որի անունը, պարզեցինք, Սարիկ է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների՝ միջադեպի ականատեսներ կան, որոնք կցկտուր տեղեկություններ են հայտնել իրավապահներին, որ Գագիկ Կարենի Մելքոնյանն է վնասվածքը հասցրել այդ տղային:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հարցաքննության ժամանակ տուժած ուսանողն իրավապահներին հայտնել է, թե ծառից է ընկել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ վնասվածքը պատճառել է ուսանող Գագիկ Կարենի Մելքոնյանը` պատգամավոր Գագիկ Մելքոնյանի թոռը։
Գործը հասավ Քննչական կոմիտե: ՀՀ քննչական կոմիտեն նշված ուսումնական հաստատությունում անչափահասին վնասվածք հասցնելու դեպքի վերաբերյալ ոստիկանությունից նոյեմբերի 27-ի երեկոյան ստացվել է հաղորդում։ Այդ առթիվ երեկ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Վնասվածք ստացած անչափահասը ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Հանգամանքները պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն։ Դեպքից անցել է գրեթե 6 օր, սակայն իրավապահ համակարգում կռիվ է ընկել, թե ինչու ժամանակին ՔՊ-ական պատգամավորի թոռանը չեն բռնել, հարցաքննել, ու մինչ իրավապահները կռվում են, հայտնել էինք, որ պայմանավորվածություն կա ՔՊ-ական պատգամավորի թոռանը տանել քննչական բաժին եւ հարցաքննել:
Հաշվի առնելով իրավապահների դանդաղկոտությունը կամ միգուցե դեպքին համապատասխան ընթացք չտալու ցանկությունը, քոլեջի տնօրեն Ռիտա Գյուլամբարյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի ընկերական կամ բարեկամական կապը՝ ողջամիտ կասկածներ կան, որ միգուցե քրեական գործը ծածկադմփոց անեն եւ փակեն:
ԿԵՂԾ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ՈՒ ԹՈՇԱԿ
«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ թեեւ վերջին իրադարձությունների հետեւանքով ՀՀ տեղափոխվելուց հետո Արցախի գլխավոր դատախազի պաշտոնակատար է ներկայացվում գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը, սակայն իրականում վերջինս անցել է թոշակի:
Տեղեկության հետքերով կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ Արցախի գլխավոր դատախազի տեղակալ Կարեն Գաբրիելյանը, որը հանդիսանում էր գլխավոր դատախազի պաշտոնակատարը, ՀՀ տեղափոխվելուց հետո անցել է թոշակի: Վերջինս 2023թ. սեպտեմբերի 25-ից դատախազության թոշակառու է, մինչդեռ այդ մասին նույնիսկ դատախազության համակարգում տեղյակ չեն: Հատկանշական է, որ Կ. Գաբրիելյանի՝ թոշակի անցնելու պարագայում գլխավոր դատախազի լիազորությունները պետք է փոխանցվեին գլխավոր դատախազի՝ առավել մեծ դատախազական ստաժ ունեցող տեղակալին, մինչդեռ նման փոփոխություն տեղի չի ունեցել, Կարեն Գաբրիելյանը շարունակում է ներկայանալ որպես գլխավոր դատախազի պաշտոնակատար, իր մոտ է պահում դատախազության կնիքը, ներկայացնում դատախազությունը Հայաստանի Հանրապետությունում Արցախի ներկայացուցչությունում:
Արցախի դատախազությունում լուրեր են շրջանառվում, որ Կ. Գաբրիելյանի՝ թոշակի անցնելու գործընթացը տեղի է ունեցել հետին ամսաթվով: Դեպքը նաեւ բարոյական պարսավանքի է արժանացել, քանզի սեպտեմբերյան պատերազմից հետո, երբ Արցախի ժողովուրդը գտնվում էր ծանր կացության մեջ, դատախազության բարձրաստիճան պաշտոնյան զբաղված էր իր սոցիալական վիճակի բարելավմամբ: Արցախի համար բավականին զարմանալի է նաեւ Կ. Գաբրիելյանի թոշակի չափը. այն ամսական կազմում է ավելի քան 540.000 ՀՀ դրամ:
Կից ներկայացվում է Կ. Գաբրիելյանի՝ Արցախի սոցիալական զարգացման եւ միգրացիայի նախարարությանն ուղղված գրության լուսապատճենը:
ԴԻ Է ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ
Նոյեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 12:10-ի սահմաններում Երեւանի 1-03 շտապօգնության «Կենտրոն» ենթակայանից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության 019 խումբը կանչով մեկնել է Բաղրամյան պողոտայում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի. հաղորդում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 67-ամյա Վարդան Թ.-ն է, որը նույն օրը՝ ժամը 11:55-ի սահմաններում, Գիտությունների ազգային ակադեմիայի մեխանիկայի ինստիտուտի 2-րդ հարկում գտնվող աշխատասենյակում մահացել է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Շահումյան փողոցի բնակիչները լսել են, որ շենքի բնակիչներից ամուսինները վիճաբանում են, ամուսինը դաժան ծեծի է ենթարկում կնոջը։ Բնակիչները նկատել են, որ կնոջ հայրը դստերը ու թոռանը վերցրել է, ու մեքենայով փորձել են հեռանալ տնից։
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ փեսան իրեն պատկանող որսորդական զենքով 4 կրակոց է արձակել մեքենայի ուղղությամբ, ինչից վնասվել է մեքենայի դուռը։ Իրավապահները փնտրում են ե՛ւ զենքը, ե՛ւ զենքից կրակոց արձակողին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատախազը 2023 թվականի նոյեմբերի 30-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2018-2022 թվականներին «Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Ց.Ա.-ի նկատմամբ՝ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից: Այդ մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Ց.Ա.-ն, զբաղեցնելով ՊՈԱԿ-ի սոցիալական գիտությունների եւ սերվիսի ֆակուլտետի դեկանի պաշտոնը, համատեղության կարգով հանդիսանալով Փիլիսոփայության եւ պատմության, ԲՊՀ հիմնադրամի Յունեսկոյի մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ քաղաքագիտության ամբիոնների ավագ դասախոս, ՊՈԱԿ-ի ռեկտորի հրամաններով հանձնաժողովների կազմում ընդգրկված չլինելու պայմաններում դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
Մասնավորապես՝ 2019-2022 թվականների ընթացքում անգլերեն առարկայից անբավարար գնահատականներ ստացած ուսանողներից՝ Ռ.Ն.-ից, Հ.Ս.-ից, Մ.Ա.-ից, Մ.Ծ.-ից, Ս.Ա.-ից, Վ.Մ.-ից եւ Ն.Պ.-ից, ընդունել է «1-ին օտար լեզու (անգլերեն) 4», «Գրավոր խոսք (անգլերեն)», «Գրավոր խոսք (անգլերեն) 2», «Բանավոր խոսք (անգլերեն) 3» առարկաների լուծարային քննություններն ու նշանակել դրական` «60» գնահատականներ՝ քննական տեղեկագրում հանձնաժողովի անդամի փոխարեն դնելով իր ստորագրությունը:
Հանրային քրեական հետապնդումը հարուցվել է 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը) (4 դրվագ) եւ գործող Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնատար անձի կողմից լիազորություններն անցնելը) (3 դրվագ):