Արդեն երկու օր է, ինչ ԱԺ-ում քննարկվում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը:
Նախագծի մասին հնչեցին տարբեր գնահատականներ: Հիմնական մտահոգությունն այն է, որ փորձում են ուղևորափոխադրման սակագինը բարձրացնել:
Armlur.am լրատվականի թղթակիցը փորձեց սպառողների հարցերով և տրանսպորտային ոլորտի խնդիրներով զբաղվող կառույցների ներկայացուցիչներից պարզել` ինչու է հիմա առաջ քաշվում այս նախագիծը և ինչ թաքնված վտանգներ է պարունակում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեր թղթակցի հետ զրույցում գնահատականներ առայժմ չհնչեցրեց` չբացառելով, սակայն, որ նախագծի քննարկմանը կմասնակցի նաև իրենց ՀԿ-ն: Իսկ եթե չմասնակցեն լսումներին, դրանից հետո միայն իրենք հանդես կգան գնահատականներով:
«Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը ևս չցանկացավ առայժմ գնահատականներ տալ, քանի որ դեռ ծանոթ չէ օրինագծին:
Զրուցեցինք նաև Սպառողների միության ղեկավար Արմեն Պողոսյանի հետ:
-Պրն. Պողոսյան, այս օրինագծով փորձում են տրանսպորտը դարձնել համայնքային սեփականություն: Դա որակական առումով որևէ ազդեցություն կունենա տրանսպորտի ոլորտի վա:
-Ի՞նչ համայնք, դա ի՞նչ տափակություն է: Մենք տարիներ շարունակ առաջարկել ենք ստեղծել բաց բաժնետիրական ընկերություն, որը այն չէ, ինչ առաջարկում են: Բաց բաժնետիրական ընկերության կեսը պետք է լինի քաղաքապետարանի սեփականությունը, իսկ մյուս մասը պետք է լինի այն մարդկանց սեփականությունը, որոնք հիմա շահագործում են երթուղային գծերը: Դրա շնորհիվ մենք կունենանք արդյունավետ կառավարում: Ի դեպ, սա մենք չենք հնարում, սա եվրոպական փորձն է: Այն, ինչ առաջարկում ենք իրենք, խելամիտ չէ: Ամենակարևորն այն է, որ մեզ հետ ոչինչ չեն քննարկում, իսկ դա պարտիզանական ձև է, որը վաղուց մերժված է աշխարհի կողմից:
-Ի՞նչ խնդիրներ են լուծելու այս օրինագծով, եթե այն հաստատվի:
-Իրենք կարծում են` այդ կերպ կարող են արդյունավետ կառավարել տրանսպորտային ոլորտը: Սակայն դա ճիշտ մոդել չէ:
-Արդյոք սրանով փորձո՞ւմ են վերացնել գծատեր հասկացությունը:
–Այո’, փորձում են: Այս օրինագիծն ինձ համար շղարշ է: Ինչ կառույց էլ որ լինի, տրանսպորտի ոլորտի մի մասն ԱԺ-ի, մի մասն էլ` քաղաքապետարանի պաշտոնյաների ձեռքում է:
-Որքանո՞վ են հիմնավոր այն մտահոգությունները, թե սրանով փորձում են հանրությանը նախապատրաստել ուղեվարձի երկրորդ թանկացմանը:
– Դա հնարավոր է, ես չեմ կարող 100 տոկոսով ասել, բայց չի բացառվում:
Սոնա Դավթյան