Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ՄԻԳՐԱՑԻՈՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել ՀՀ քաղաքացու անձնագրերի «ոդիսականը» եւ կենսաչափական անձնագրեր տրամադրելու բարեփոխման մշուշոտ ապագան։

 

Անձնագրային համակարգում տիրող քաոսը անգամ իշխանությանն ու ընդդիմությանն է միավորել, պատգամավորները, միմյանց հերթ չտալով, ելույթներ էին ունենում մոտ երկու շաբաթ առաջ՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ։ Իհարկե, հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը հերթական անգամ երկարացվեց մինչեւ կենսաչափական անձնագրերի նոր համակարգի ներդրումը, որն, ի դեպ, հայտնի չէ, թե երբ կլինի։ Բանն այն է, որ 2017թ. ավարտվել է լեհական ընկերության հետ պայմանագրի ժամկետը, որը զբաղվում էր հայկական կենսաչափական անձնագրերի,  ID-քարտերի արտադրությամբ եւ սպասարկմամբ։

Ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայության ղեկավար Արմեն Ղազարյանը պնդում է, թե դրանից հետո սկսվել է նոր եւ ավելի ժամանակակից տեխնիկական պահանջների մշակումը։ Ղազարյանը, մեղմ ասած, ճիշտ չի ասում, երբ հայտարարում է, թե տարիներ ի վեր անհրաժեշտ ներդրումներ չեն կատարվել անձնագրային համակարգի զարգացման վրա։ Մեր ձեռքի տակ են հայտնվել փաստաթղթեր, որոնք վկայում են, որ պետությունը տարեկան մոտ 300 մլն դրամ է հատկացրել անձնագրային համակարգի համար, սակայն փաստացի ոչինչ չի արվել։ Ավելին՝ լեհական ընկերության հեռանալուն պես եղել է պայմանավորվածություն կենսաչափական անձնագրերի եւ ID-քարտերի արտադրությունը եւ սպասարկումը Կառավարության կողմից ստեղծված «ԷԿԷՆԳ» ՓԲԸ-ով իրականացնելու համար, այդ նպատակով մեծ գումարներ են հատկացվել, սակայն նորից ոչինչ չի արվել։ Առհասարակ, այս փաստաթղթերի ուսումնասիրությունից բավականին ուշագրավ մանրամասներ են ի հայտ գալիս, օրինակ՝ թե ինչպես կարող է մի ծառայության համար ընկերությունը ամեն տարի ստանալ 128 մլն դրամ, սակայն հանկարծակի նույն ծառայության համար ստանալ 59 մլն, երբ ծառայությունը նույնն է. ստացվում է, որ կա՛մ նախկինում գումարներ են մսխվել, կա՛մ ընկերությունն այժմ որոշել է բարեգործությամբ զբաղվել։ Մեկ այլ ուշագրավ տվյալ, թե ինչպես է տարիներ ի վեր անձնագրերի մրցույթում շահող հաջողակ գործարարը հեղափոխությունից հետո սառեցնում իր ընկերությունը եւ նորից հայտնվում խաղի մեջ այլ ընկերությամբ։ Այս փաստաթղթերը, անշուշտ, կուղարկվեն թե՛ Դատախազություն, թե՛ ՊՎԾ, թե՛ մտահոգ պատգամավորներին, որոնք խորհրդարանում հայտարարում էին, թե պետք է պարզել՝ ինչու չենք կարողանում ՀՀ քաղաքացուն անձնագիր տալ, արդյոք կա այստեղ կոռուպցիոն ռիսկ, թե ոչ։ Ի դեպ, համակարգի լավատեղյակ աղբյուրը բացարձակ հեքիաթ եւ վատ կառավարման արդյունք որակեց պնդումը, որ կենսաչափական անձնագրերի չիպերի պիտանելիության ժամկետն անցել է, այդ պատճառով առաջացել է այդ քաոսը։

«Նման արտադրություն իրականացնող ցանկացած ոք գիտի, որ չիպերը կոնկրետ տարիների կյանք ունեն, 10-20 տարի հետո դրանք անհրաժեշտ է փոխել զեղծարարություններից խուսափելու, ծրագրային թարմացումների համար: Այս տարրական ճշմարտությունը պետք է իմանային թե՛ լեհական ընկերությունը, թե՛ մեր ոստիկանության համապատասխան պաշտոնյաները եւ կոնկրետ քայլեր սկսեին նախքան չիպերի պիտանելիության ժամկետի ավարտը։ Հիմա պետք է պարզել՝ արդյոք արտադրող ընկերությունը չիպերի պիտանելիության ժամկետի մասին զգուշացրել է ոստիկանության համապատասխան պաշտոնյաներին, թե ոչ. եթե չի զգուշացրել, պետք է պատասխանատվության ենթարկվի, եթե զգուշացրել է, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն այն պաշտոնյաները, որոնք հանցավոր անգործություն, անփութություն են դրսեւորել»,- ասաց մեր աղբյուրը։

 

 

 

ԹԱՔՑՐԵԼ Է ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏԸ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ  տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներով բացահայտվել են տնտեսվարող սուբյեկտի կողմից առանց հաշվարկային փաստաթղթերի տրամադրման ապրանքներ իրացնելու, շրջանառությունը թաքցնելու եւ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքեր։

 

Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ վարութային գործողությունների, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության եւ ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ե.-ն, հանդիսանալով 2008 թվականի հունվարի 8-ին պետական հաշվառում ստացած եւ Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում գործող խանութում պարենային եւ ոչ պարենային ապրանքների առեւտրով զբաղվող անհատ ձեռնարկատեր, ինչպես նաեւ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին պետական հաշվառում ստացած եւ նույն խանութում ոչ պարենային ապրանքների առեւտրով զբաղված Ա/Ձ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարած անձ, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի հոդվածների պահանջները, 2019թ. հոկտեմբերից 2022թ. հոկտեմբեր ամիսների ընթացքում թաքցրել է հարկման օբյեկտը:

Մասնավորապես՝ վաճառքներ իրականացնելիս չի տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոններ, իսկ հարկային հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ, ինչպես նաեւ որպես Ա/Ձ Տ.Հ.-ի գործունեությունը փաստացի ղեկավարող անձ՝ 2019 թվականի հոկտեմբեր ամսից 2022 թվականի հուլիս ամիսների ընթացքում նույն եղանակով թաքցրել է նաեւ այդ անհատ ձեռնարկատիրոջ հարկման օբյեկտները, ինչի արդյունքում մեկ միասնական դիտավորությամբ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով հարկեր:

Հավելենք, որ քրեական վարույթով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մ.Ե.-ի նկատմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Նախաքննության ընթացքում Մ.Ե.-ն հարկային մարմին է ներկայացրել ճշտված հարկային հաշվարկներ եւ նախկինում թաքցված հարկային պարտավորություններից պետական բյուջե է վճարել 200.000.000 ՀՀ դրամ։

 

 

 

ԾԱՆՐ ՎՆԱՍ՝ ՀԱՄԵՐԿՐԱՑՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ 2023թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 21։17-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ «ձախ գոտկային հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի եւ 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ եւ 8-րդ կետերի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրականացված քննչական եւ վարութային գործողությունների, ինչպես նաեւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, որը եւս Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի է՝ ծնված 2000թ.։

«Ժողովուրդ» օրաթերթի փոխանցմամբ՝ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի Հանրապետության 23-ամյա քաղաքացին, իր 21-ամյա համաերկրացու հետ կենցաղային հարցի շուրջ ունենալով լարված փոխհարաբերություններ, 2023թ. նոյեմբերի 26-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Երվանդ Քոչար փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցու դիմաց վիճաբանել է վերջինիս եւ նրա ընկերոջ հետ։ Վիճաբանության ընթացքում 23-ամյա երիտասարդը նախ ձեռքով հարվածել է 21-ամյա համերկրացու գլխին, որից հետո վերջինս ընկել է գետնին, այնուհետեւ գրպանից հանելով դանակը՝ նրա ընկերոջ առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ հարվածել է նրա ձախ գոտկային շրջանին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Հնդկաստանի Հանրապետության 23-ամյա քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով։ Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 

 

 

 




Լրահոս