«Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն , որը բնակելի շենքերի կառուցապատմամբ է զբաղվում, ֆինանսական խնդիրներ ունի: Մեր խմբագրություն են ահազանգում քաղաքացիները՝ նշելով, որ ընկերությունը բավականին մեծ պարտքեր է կուտակել, ու իրենք անհանգստացած են այդ հանգամանքով: Այս տեղեկությունը փորձեցինք պարզել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի գրասենյակից, որտեղից ի պատասխան հայտնեցին. «Ինչ բողոքներ ներկայացրել են բնակիչները, դրանք չեն համապատասխանում իրականությանը։ Մեր շինարարական աշխատանքներն ըստ ժամանակացույցի առաջ են գնում։ Մենք բնակարանները արդեն ձեռք բերած մարդկանց զանգում ենք, բերում ենք շինհրապարակ, իրենք հետեւում են շինաշխատանքներին»: Հավելենք, որ մեզ հայտնի դարձավ՝ անգամ 2020 թվականին Երեւան համայնքը դիմել է Սնանկության դատարան: Իր հայցում Երեւանի քաղաքապետարանը նշել է, որ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ն, հանդիսանալով ք. Երեւան, Տիչինայի փողոց, թիվ 322 հասցեում գտնվող 110000 քմ մակերեսով հողամասի կառուցապատող, չի կատարել կառուցապատման իրավունքի համար պայմանագրով սահմանված վճարային պարտավորությունները, որի արդյունքում վերջինիս 60-օրյա ժամկետը գերազանցող դրամական պարտավորությունները Երեւան համայնքի հանդեպ կազմում են 1 133 006 ՀՀ դրամ, որից վարձավճարի պարտքը՝ 1 087 273 ՀՀ դրամ, տույժը՝ 45 733 ՀՀ դրամ, սակայն դատարանը մերժել է Երեւանի քաղաքապետարանի դիմումը: Հավելենք, որ մամուլը բազմիցս է անդրադարձել «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ՓԲԸ-ի սեփականատեր, նախկինում իրավապահ համակարգում գործունեություն ծավալած Կարեն Կարապետյանի գործունեությանը: Մասնավորապես՝ 2012 թվականին մամուլը գրել էր, որ խուլ հակասությունների մեջ էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 12,5-ական բաժնետոմսեր ունեցող «Զանգեզուր Մայնինգ» եւ «Արմենիա Մոլիբդեն Փրոդաքշըն» ընկերությունները: Նշված ընկերությունների «փայատերեր» Կարեն Կարապետյանի եւ Մաքսիմ Հակոբյանի միջեւ տարաձայնություններ են առաջացել հիմնականում համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնի վրա` կապված մոլիբդենի արտադրության ու վաճառքի ցուցանիշների հետ: «Ասում են` երկու գործարարների շահերը բախվել են նաեւ արտահանման ծավալների շուրջ, որոնց արտադրանքի 80 տոկոսը արտահանվում է Եվրոպա, իսկ 20 տոկոսը` Ասիա: Ի դեպ, «Արմենիա Փրոդաքշընի» տնօրեն Կարեն Կարապետյանը, որը նախկինում իրավապահ համակարգում է աշխատել, շատ ջերմ հարաբերությունների մեջ է եղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: Պատահական չէ, որ այս կազմակերպությունում վարչապետի ազգականներից մեկը շատ լուրջ պաշտոն է զբաղեցնում: Երկու գործարարների միջեւ ստեղծված լարվածության շուրջ մեկնաբանություն էր տվել Կարեն Կարապետյանը՝ հայտնելով. «Վայ, չէ, չէ, ի՞նչ տարաձայնություն, ի՞նչ բան. տենց բան չկա: Ախր, էդ որտեղի՞ց են տենց բաները գալիս ձեզ հասնում, տենց բաներ մի՛ արեք, մի՛ գրեք, մեզ խայտառակ մի՛ արեք»:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, քննության առնելով Գուրգեն Արսենյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հարուցված վարույթը, պարզեց, որ Գուրգեն Արսենյանը, ըստ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, 2016 թվականից հանդիսանում է «Յունիքորն Սերվիս» ՍՊԸ 100% բաժնետեր, «Յունիքորն Գրուպ» ՓԲԸ 100% բաժնետեր։ Ըստ Գուրգեն Արսենյանի կողմից 2021 թվականի գույքի, եկամուտերի, շահերի եւ ծախսերի տարեկան հայտարարագրում ներկայացրած տվյալների՝ Գուրգեն Արսենյանը հանդիսանում է «Վ-կրեդիտ 24» ՍՊԸ 13 % բաժնետեր։ Վարույթը հարուցվել է այն պատճառով, որ ՔՊ-ական Արսենյանը հայտարարագրային «Յունիքորն Գրուպ» ՓԲ եւ «Վ-կրեդիտ-24» ՍՊ ընկերություններում բաժնեմասնակցության, ինչպես նաեւ իր բաժնեմասը հավատարմագրային կառավարման հանձնելու վերաբերյալ տվյալներ չի հայտարարագրել։ Հավելենք նաեւ, որ պատգամավորական մանդատը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, պատգամավորը պարտավոր է դուրս գալ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից, ազատվել առեւտրային կազմակերպություններում զբաղեցրած պաշտոնից, դուրս գալ առեւտրային կազմակերպություններից կամ դրանց կանոնադրական կապիտալում իր բաժնեմասն ամբողջությամբ հանձնել հավատարմագրային կառավարման եւ հրաժարվել առեւտրային կազմակերպություններում ուրիշի գույքի հավատարմագրային կառավարումից։ Նա պարտավոր է նաեւ ազատվել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում զբաղեցրած պաշտոնից։ Սույն վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներից, մասնավորապես՝ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից պարզաբանմամբ ներկայացրած փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ Գուրգեն Արսենյանի կողմից «Յունիքորն Գրուպ» ՓԲ, «Յունիքորն Սերվիս» ՍՊ, «Վ-կրեդիտ-24» ՍՊ ընկերություններում ունեցած բաժնեմասերը 2021 թվականի հունիսի 20-ին 5 տարի ժամկետով հանձնված են եղել հավատարմագրային կառավարման։ Գուրգեն Արսենյանը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Չնայած այս ամենին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է, որ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի կողմից չեն խախտվել հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացված անհամատեղելիության պահանջները։
«Հաղթանակ» զբոսայգու սեփականատիրոջ որդին քրոջն ու եղբորը զրկում է ժառանգությունից. ՍԴ դատավորի անուն են տալիս
Վերջերս «Դատալեքս» դատական տեղեկատվական կայքից տեղեկացանք, որ Երեւանի «Հաղթանակ» զբոսայգին շահագործող «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության հիմնադիր եւ միակ սեփականատեր Թորոս Ումրիկյանի մահից հետո նրա ժառանգության եւ «Հաղթանակ» զբոսայգու շահագործման հետ կապված լուրջ զարգացումներ են տեղի ունեցել։ Մասնավորապես, պարզեցինք, որ Թորոս Ումրիկյանը մահացել է դեռեւս 2021 թվականին, որից հետո նրա ավագ որդին՝ Հակոբ Ումրիկյանը, դատարաններ ներկայացրած հայցերով փորձում է իր եղբորն ու քրոջը զրկել ժառանգության իրավունքից, որպեսզի միայնակ տիրանա ամբողջ ժառանգությանը։ Ուսումնասիրելով նրա կողմից դատարաններ ներկայացված հայցերը եւ դրանց ճակատագրերը՝ ակնհայտ աչք ծակեց այն հանգամանքը, որ նրա հայցերը եւ բողոքները հիմնականում լուծվում նրա օգտին։ Ընդ որում, ոչ միայն ժառանգության հետ կապված, այլ նաեւ բազմաթիվ այլ հարցերում։ Օրինակ՝ «Էվոկաբանկ»-ի հետ վեճը եւս լուծվել է նրա օգտին, որի արդյունքում, նա ազատվել է «Էվոկաբանկ»-ին 250.000 ԱՄՆ դոլար վարկը վճարելու պարտավորությունից, ինչը բավականին հետաքրքիր երեւույթ է։ Ժառանգության հետ կապված հարցերում վիճակն էլ ավելի հետաքրքիր է։ Հակոբ Ումրիկյանը փորձել է ձեւական պատճառաբանություններով հասնել նրան, որ դատարանը եղբոր ու քրոջ հայրության ճանաչման վկայականներն անվավեր ճանաչի, ինչը սկզբում չի հաջողվել, քանի որ վարչական դատարանը մերժել է նրա հայցերը, սակայն «Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ ոչ միայն վերաքննիչ վարչական դատարանը բավարարել է այդ որոշման դեմ նրա ներկայացրած վերաքննիչ բողոքը, այլեւ Հակոբ Ումրիկյանը նաեւ իր վերաքննիչ բողոքը բավարարելու մասին որոշման դեմ է վճռաբեկ բողոք ներկայացրել, եւ այդ բողոքն էլ վճռաբեկ դատարանն է վարույթ ընդունել։ Իրականում, բոլորին է հայտնի, որ վճռաբեկ դատարանը եզակի դեպքերում է բողոքները վարույթ ընդունում, եւ այդ եզակիների շարքում է հայտնվել հենց Հակոբ Ումրիկյանը։ Փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է Հակոբ Ումրիկյանը կարողանում նման հաջողությունների հասնել ՀՀ դատարաններում, եւ Ումրիկյանին մոտ կանգնած աղբյուրները մեզ հայտնեցին, որ նա բավականին սերտ կապեր ունի ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատների, ապա նաեւ հենց վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանի հետ, ով ներկայումս ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր է, եւ որ Հակոբ Ումրիկյանը հաճախ է պարծենում նրա հետ ունեցած կապերով, ինչպես նաեւ նրանով, որ դատարաններում ինքը ոչ մի խնդիր չունի։ Ընդ որում, նշենք, որ «Դատալեքս»-ից տեղեկացանք, որ Հակոբ Ումրիկյանը 2022 թվականին նաեւ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ ԴԱՀԿ աշխատակցին սնանկության կառավարչի միջոցով՝ խոշոր չափերի կաշառք տալու փորձի համար։ Չնայած, որ այդ արարքի համար պատիժ է նախատեսված 200-400 հազար դրամի չափով՝ տուգանք կամ 2-5 տարի ժամկետով ազատազրկում, սակայն Հակոբ Ումրիկյանի նկատմամբ նվազագույն պատիժ է նշանակվել՝ տուգանք 200.000 դրամի չափով։ Տեղեկացանք նաեւ, որ 2022 թվականից Հակոբ Ումրիկյանի հետ կապված մի քանի քրեական գործեր են հարուցվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում՝ «Ուրախ ժամանց» ՍՊ ընկերության տնօրենի հետ բազմաթիվ հանցագործություններ կատարելու վերաբերյալ, սակայն գործը ոչ մի կերպ առաջ չի գնում, եւ չնայած տնօրենին մեղադրանք առաջադրվել է, սակայն Հակոբ Ումրիկյանին դեռեւս հաջողվում է ջրից չոր դուրս գալ եւ նրա մասով գործն արդեն 2 տարի է առաջ չի գնում։ ArmLur.am-ը կապ հաստատեց Հակոբ Ումրիկյանի հետ, որը, անդրադառնալով տեղեկություններին, հայտնեց. «Ես Ձեր կողմից նշված անձնավորությանը չեմ ճանաչում, ես անգամ չգիտեմ, թե Դուք ում մասին եք ասում, ես անգամ չգիտեմ՝ ինքը ով է: Իսկ ինչ վերաբերում է մյուս գործերին, տարբեր դատական գործեր են ընթանում, իմ վրա էլ են գրել, ինձ վրա մի քանի քրեական վարույթով քննություն է ընթանում: Դուք նշեցիք այգու տնօրենի մասին. այգու տնօրենի գործը այս պահին դատարանում քննվում է, մարդը 25 հազար դրամ է վճարել ապահովության համար, ու 25 հազար դրամի համար նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Ուղղակի մարդիկ փորձում են մեր անունը, կարգավիճակը օգտագործել, իրենց համար PR ստեղծել ու մեր վրա էլ ցեխ շպրտել: Ի՞նչ է նշանակում, թե դուք դատարանում լավ կարգավիճակում եք, ձեզ համար լավ է. բազմաթիվ գործեր են քննվում, մի տեղ լավ է գործը, մեկ այլ տեղում վատ, ի՞նչ է դա նշանակում»:
Խորհրդարանը երեկ ավարտեց իր աշխատանքները, սակայն ԱԺ պատգամավորները դեռ արձակուրդի չեն մեկնի: Նրանց համար մինչեւ տարեվերջ աշխատանքային կլինի: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս ամիս դեռ 1-2 արտահերթ նիստեր են սպասվում, քանի որ օրենքի նախագծեր կան քննարկելու: Բացի այս, ՔՊ-ն դեռ վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր պետք է անի. ուստի իշխանական պատգամավորներին ասվել է՝ քաղաքից չհեռանան, չկորչեն, որպեսզի անհրաժեշտության դեպքում գան նիստերի: Այսպիսով՝ պատգամավորների մոտ մինչեւ Ամանոր դեռ թեժ աշխատանքային են լինելու: