ՄԻ ԴՐԱՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ՓԱՄՓՈՒՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրեթե մեկ շաբաթ է՝ քննարկվում է հայ-թուրքական սահմանի Մարգարա անցակետի շահագործման թեման։ Քաղաքացիները պնդում են, որ անցակետը կարող է լավ հետեւանքներ չունենալ, եւ ռիսկային կլինի անցակետի բացումը։ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացրել էին. ««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման, եւ հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից եւս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»։

 

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմաների շուրջ զրուցել է քաղաքագետ Թեւան Պողոսյանի հետ, որը մեզ հետ զրույցում ներկայացրել է Մարգարայի անցակետի քաղաքական նշանակությունը։

-Պարո՛ն Պողոսյան, Մարգարայի անցակետը վերանորոգվեց, բացում է սպասվում. ինչպե՞ս պետք է աշխատի այս անցակետը, ի՞նչ կարգավորումներ կան։

-Ես գիտեմ այն տեղեկությունները, որոնք կային նախկինում, որ անցակետը պետք է բացվեր երրորդ երկրների անձնագրերի եւ դիվանագետների համար։ Եթե, օրինակ, հայ դիվանագետները պատվիրակություն ուղարկեն, կարող են մեքենայով գնալ, սակայն եթե Ստամբուլ պիտի  գնան, չգիտեմ՝ մեքենայով է ճիշտ այդքան ճանապարհ գնալ, թե ինքնաթիռով։ Երկրորդը՝ եթե որեւէ ապրանքային բաներ է գալիս-գնում, մենք ԵԱՏՄ սահման ենք, արդյոք մաքսատուրքերը ընդունվա՞ծ են եւ տիրապետո՞ւմ են երկու կողմերն էլ։ Երրորդը՝ մաքսատուրքերը եւ ապրանքները հավաքես, կապված է լինելու, թե որ երկրների համար ես հավաքում. արդյոք մենք Թուրքիա արտահանելու բան ունե՞նք: Դրանք հարցեր են, որոնց պետք է տնտեսագետները պատասխանեն։ Թուրքական ապրանքներն էլ Հայաստան բերելու դեպքում  անցակետի միջոցով կարող է ավելի մատչելի լինել։ Սա նշանակում է, որ հայ ազգը ավելի շատ է «նստելու» թուրքական ապրանքի վրա։ Մեզ մոտ ասում են՝ երբ գնում ես թուրքական ապրանք, զինում ես նրանց բանակին, մի դրամը դառնում է փամփուշտ եւ սպանում է հայ զինվորի, ինչպես օրեր առաջ Եղեգնաձորում։ Ինչի՞ն ենք ուզում նպաստել։

-Պարո՛ն Պողոսյան, ի՞նչ նպատակով կարող է օգտագործվել անցակետը։

-Յուրաքանչյուր սահմանի բացման խնդիր իմաստ է տալիս, երբ դու էլ գիտես այդ սահմանը օգտագործել։ Եթե մտնելու ենք Թուրքիա, եթե նույնիսկ հարաբերություններ ստեղծվեն, սահմանային ռեժիմներն էլ աշխատելու են ԵԱՏՄ եւ Եվրամիության մաքսային օրենքներով, նշանակում է, որ Եվրամիության դրույքաչափեր են աշխատելու։ Այլ պարագայում Հայաստանն ու Թուրքիան պիտի նստեին, բանակցեին, դրույքաչափեր հաստատեին։ Ես չեմ լսել՝ նման բանակցություններ լինելու են կամ եղել են, թե ոչ։

-Պարո՛ն Պողոսյան, ԱԳՆ-ից ասուն են, որ հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից եւս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։ Արդյոք թուրքական կողմի համար կա՞ն սահմանափակումներ։

-Անցակետը նրա համար է, որ երրորդ երկրների անձեր կարողանան գալ անցնել։ Մեր մոտից կարող են տուրիստներ էլ գնալ-գալ, Թուրքիայից էլ, երեւի բոլորն էլ կարող են գալ, մտնել Հայաստան առանց որեւէ խոչընդոտի։ Այսինքն՝ հայերը չպետք է անցնեն, բացի հայ դիվանագետներից։ Իսկ եթե գնահատենք մեր դիվանագիտական կորպուսը, ինձ չի թվում, թե դա 1000 մարդուց ավել է։ Այնպես, որ ես չեմ կարող ասել՝ դա որեւէ օգուտ կտա, թե պարզապես սիմվոլիզմի գաղափար է, որ՝ նայե՛ք, Մարգարայի անցակետը բացել ենք։

-Արդյոք անցակետը բացելը, բացի մաքսային ծառայություններից, ունի նաեւ քաղաքական որեւէ նշանակությո՞ւն։

-Թուրքական կողմը ոնց բացել է, այնպես էլ կարող է փակել սահմանը։ Հիմա Թուրքիան կարծես պայմաններ է դրել մեր առջեւ, ասել է՝ ձեր հարցերը կարգավորեք Ադրբեջանի հետ, նոր մեր հարաբերություններին կանցնենք։ Ես չեմ լսել, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերջնական ինչ-որ հայտարարի եկած լինեն։ Սա սիմվոլիկ ինչ-որ նշան է, որով փորձում են ավելի շատ սիրաշահել միգուցե այլ երկրների շահերը։ Օրինակ՝ ԱՄՆ-ն ուզում է տեսնել մի առաջնթաց, որ Բայդենը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ ասի, որ մեք օգնեցինք հայ-թուրքական սահմանի բացմանը։ Որ ասում են՝ հայկական շահ, ես չեմ հասկանում՝ դա ինչ է. դա ավելի շատ սիմվոլիկա է։ Հետո այդ սահմանի բացել-փակելը մեր ձեռքում չի, ավելի շատ Թուրքիան է որոշում՝ կբացվի, թե կփակվի։

-Անցակետն ինչո՞ւ վերանորոգվեց, բացվեց, եթե ոչ մի բանակցություն չկար։

-Երեւի համաձայնություն ունեին կամ հրահանգ թուրքական կողմից։ Գործող իշխանությունները ցույց են տալիս, որ՝ տեսեք, մի բան ասացինք, եղավ։ Ասացին՝ թուրքական սահմանը կբացվի, բացեցին, բայց գի՞նը։ Խնդիրն այն չէ, որ բացեցինք, այլ գինը ո՞րն է, որ վճարել ենք։

Զրուցեց ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԸ

 

 

 

ՀՀ-ԵՄ ՀԱՎԱԿՆՈՏ ՕՐԱԿԱՐԳ

Դեկտեմբերի 11-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ կողմի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձեւաչափով հանդիպմանը։

 

ԱԳՆ-ից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնում են, որ քննարկմանը ներկա են գտնվել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, ԵՄ հարեւանության եւ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը եւ ԵՄ բոլոր անդամ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։

Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված քայլերը, ինչպես նաեւ տարածաշրջանում հարատեւ կայունության ու խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը։

Մասնավորապես, նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքն ու ձեռքբերումները՝ կարեւորելով դրանց ԵՄ շարունակական աջակցությունն ու թիրախային ուղղություններով ԵՄ անդամ երկրների հետ սերտ փոխգործակցությունը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը։ ՀՀ ԱԳ նախարարը ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներին հայտնել է հայկական կողմի երախտիքը՝ առաքելության գործունեությանն աջակցության եւ առաքելության կազմում անմիջական մասնակցության համար։

ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջեւ շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում, նախարար Միրզոյանն ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարեւորությունը եւ պատասխանել է անդամ երկրներին հետաքրքրող հարցերի։

Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել նաեւ տնտեսական եւ այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, ՀՀ-ԵՄ տնտեսական եւ ներդրումային պլանի ուղենշային ծրագրերի, դրանցում ԵՄ անդամ երկրների ներգրավածության հարցերի, ինչպես նաեւ տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականության ապահովման հանգամանքին։ Ի թիվս այլնի՝ ընդգծվել է Սեւծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժն ու կարեւորությունը՝ հաշվի առնելով ՀՀ վարչապետի եւ Եվրոպական հանձնաժողովի հոկտեմբերի համատեղ հայտարարությունը։

Որպես տարածաշրջանում խաղաղության օրակարգի մաս՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին, դրա առանձին բաղադրիչների՝ ընդգծելով դրա կարեւորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաեւ ավելի լայն տարածաշրջանի, Արեւելքն Արեւմուտքին կապող ենթակառուցվածների կայուն ցանցի ընդլայնման համատեքստում։

 

 

 

ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿԻ ԴԻՄՈՒՄ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Աշոտ Մնացականյանն ինքնաբացարկի դիմում է գրել:

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ ԿԸՀ-ից: Աշոտ Մնացականյանը 2021թ.-ին ՔՊ ցուցակով մասնակցել է ԱԺ ընտրություններին, վերջինս նաեւ Հայկ Մարությանի պաշտոնավարման օրոք` 2019թ.-ին, նշանակվել էր «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն:

Աշոտ Մնացականյանը տնօրեն նշանակվելուց հետո հայտնի դարձավ նրանով, որ իր աշխատավարձը 120 հազար դրամով բարձրացրեց եւ ինքն իրեն կրկնակի պարգեւատրեց։ Վերջինս նաեւ սկանդալի կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ 2021թ.-ին ֆեյսբուքյան էջում գերիների վերաբերյալ ծաղրական գրառում էր արել, ապա հեռացրել այն: «Մանր չունեցող տաքսու վարորդները մահվանից հետո գերի են ընկնելու…»,-գրել էր նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին էլ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Հայկ Վարուժանի Ստեփանյանն էր ինքնաբացարկի դիմում ներկայացրել։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

1 ՕՐՈՎ «ՓԱԿԵԼ Է» ՌԵՍՏՈՐԱՆԸ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Վիվարոյի Վիգենը՝ նույն ինքը Վիգեն Բադալյանը, երեխայի ծննդյան տարեդարձը նշելու համար մեկ օրով վարձակալել է՝ «փակել է տվել» «Ամառ» ռեստորանը։ Այսինքն՝ այսօր սրճարանը լինելու է Վիվարոյի Վիգենի ընտանիքի տրամադրության տակ։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Ամառ» ռեստորանի հետ, որտեղից մեզ պատասխանեցին, որ սրահը նախատեսված է 500 հոգի եւ ավելի անձանց համար, եւ նման մասշտաբի ամրագրման համար անհրաժեշտ է մոտենալ եւ պայմանավորվել տնօրինության հետ՝ նախապես դեպոզիտ թողնելով։ Հավելենք նաեւ, որ, ըստ TripAdviser կայքի, գնային միջակայքը ռեստորանից օգտվելու կազմում է 13-ից 127 ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք նաեւ, որ Վիգեն Բադալյանը իշխանությունների սիրելի այն անձն է, ում օրոք Հայաստանում բուքմեյքերական խաղադրույքների շեմն անգերազանցելիորեն աճել է՝ հատելով 5 տրիլիոնի շեմը։

 




Լրահոս