ԲԱՐԻ, ՀՈԳԱՏԱՐ, ՀԱՅՐԵՆԱՍԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երբ սկսվեց քառօրյա, ապա 44-օրյա պատերազմը, նա ամենաթեժ կետերում էր՝ Մարտակերտից Շուշի։ Աստված գուցե լսեց մեր աղոթքները ու փրկեց նրան, իսկ 2023-ին… Այլեւս անզոր էին մեր խնդրանքներն ու աղոթքները»,- Armlur.am-ի հետ զրույցում ասում է Արցախից բռնի տեղահանված Մերի Ահարոնյանը։

 

Մերին հորեղբորը հիշում է բարի, հոգատար, հայրենասեր եւ ինչպես երկրորդ ծնողի: Ասում է՝ քանի որ երիտասարդ էր եւ դեռ ընտանիքի հոգս չուներ ուսերին, իր հետ ավելի շատ մեծ եղբոր եւ ընկերոջ նման էր: «Իմ թիկունքն էր, ինձ ամեն հարցով օգնում էր, միշտ կողքիս էր։ Իր մահը շատ ծանր տարանք: Առանձին էինք ապրում, բայց մի ընտանիք էինք՝ շատ սիրով ու համերաշխ: Հիմա կարծես մի բան պակաս է, ամեն օր իր մասին ենք խոսում, ասում ենք՝ եթե նա հիմա մեզ հետ լիներ, այսպես կասեր կամ այսպես կաներ: Ամեն օր այն հույսով եմ արթնանում, որ ինչպես ամեն առավոտ, գալու է մեր տուն, կանչի ու ասի. «Մերի՛, այս ժամին մարդ կքնի՞»»,- ասում է մեր զրուցակիցը:

Ռաման Ռոմայի Ահարոնյանը ծնվել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղում եւ ծառայել է Նոր Ղազանչի (Սիրխավենդի) N զորամասում, կրտսեր սերժանտ էր, հայրենասիրությունը ժառանգել էր մտավորական հորից, որը զոհվել էր արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1992 թվականի սեպտեմբերի 26-ին։ Մերիի խոսքով՝ կյանքից շուտ է հեռացել նաեւ տատիկը: «Սեպտեմբերի 19-ին, երբ բոլորս ապրում էինք մեր առօրյա կյանքով, դպրոցից նոր էի տուն եկել, հանկարծ կրակոցներ լսվեցին, գնալով ավելի էր սաստկանում. հասկացանք, որ պատերազմ է։ Հայրս ու եղբայրներս նույնպես զինվորականներ էին, գտնվում էին առաջնագծում։ Սեպտեմբերի 19-ի գիշերը մի կերպ լուսացրինք՝ այն հույսով, որ առավոտյան նորից ամեն ինչ առաջվանը կլինի, ու էլ կրակոցներ չեն լսվի։ Ցավոք, ավելի թեժացավ, զոհեր, վիրավորներ, ժողովրդին արդեն տարհանում էին գյուղերից, որովհետեւ թշնամին արդեն գյուղի մատույցներում էր գտնվում։ Այդ ժամանակ հորեղբայրս ու գյուղի երիտասարդները հավաքվեցին, որ գնան դիրքեր՝ օգնության։ Նույն օրն էլ զոհվեց իմ հորեղբայրը զինակից բոլոր ընկերների հետ «Խաչենի Մոստ» կոչվող տեղամասում։ Արդեն քանի օր հորեղբորիցս մենք սպասում էինք լուրի, փնտրում էինք բոլոր հիվանդանոցներում՝ հույս ունենալով, որ Աստված այս անգամ էլ կլսեր մեր աղոթքները։ Սեպտեմբերի 23-ին գտանք մասունքները, մի մասը հուղարկավորեցինք ծնողների մոտ՝ Վանք գյուղում, իսկ մյուս մասը՝ Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոցում… Առանց հրաժեշտի, շատերի պես մենք եւս բռնեցինք գաղթի ճանապարհը: 2 ժամվա ճանապարհը հաղթահարեցինք շուրջ 48 ժամում՝ առանց հացի ու ջրի»,- հուզմունքով վերհիշում է Մերին:

Մերին ասում է, որ հայրենի տնից վերցրել են միայն այն ամենը, ինչ հիշեցնում է հորեղբորը: «Երբ տարհանվեցինք, հայրիկիս խնդրեցի՝ տանը ինչ որ հորեղբորս է պատկանում, վերցնի որպես հուշ։ Հիմա մենք այդ հիշողություններով ենք ապրում»,- ասում է Մերի Ահարոնյանը:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆ  ԻՋԵՑՎԵԼ Է

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.25 %, ԿԲ խորհուրդը նաեւ որոշել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75 %, իսկ ԿԲ կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75 %:

 

 

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է

Անհատ ձեռնարկատեր Արթուր Մելիքբեկյանին պատկանող պատկանող  հանրային սննդի օբյեկտում կրկնակի ստուգման արդյունքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները խախտումներ չեն հայտնաբերել (Լոռու մարզ, քաղաք Վանաձոր)։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է։

 

 

 

 

ԴԻՄԵ՛Ք ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԵՏԻ

Երկարատեւ թախիծի դեպքում դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի. այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարությունը: «Բացասական տեղեկատվության մեծ հոսքը, որը շուրջօրյա ստանում ենք հեռուստատեսությունից կամ համացանցից, բերում է անձի սթրեսակայունության թուլացմանը, եւ հաճախ հենց ինքն է սթրեսային գործոն հանդիսանում, ինչը բերում է դեպրեսիվ խանգարումների կամ սթրեսով պայմանավորված այլ հոգեկան առողջության խնդիրների դեպքերի աճի:

Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումը ինքնին հանդիսանում է լուրջ սթրեսային գործոն: Նման իրավիճակում առավել սրվում են առկա հոգեկան առողջության խնդիրները կամ ի հայտ են գալիս սթրեսային գործոնի հետեւանքով քնի խանգարումներ, թախիծ, տագնապի զգացողություն, էմոցիոնալ անկայունություն:

Եթե դուք կամ ձեր հարազատն ունի անհանգստացնող, սովորականից երկար տեւող գանգատներ, դիմե՛ք հոգեկան առողջության մասնագետի (ընտանեկան բժիշկ, հոգեբան, հոգեբույժ):

Հոգեկան առողջության ծառայությունները հասանելի են, անվճար եւ կօգնեն հաղթահարել հոգեկան առողջության տեսանկյունից ծառացած յուրաքանչյուր խնդիր։

Կարեւոր է նաեւ կանխարգելել սթրեսը առողջ ապրելակերպի միջոցով:

Կարգավորե՛ք քունը (պահպանե՛ք քնի հիգիենան, ապահովե՛ք առողջ քուն):

Կարգավորե՛ք սնունդը (պահպանե՛ք սննդակարգը, օգտագործե՛ք առողջ սնունդ):

Զբաղվե՛ք ֆիզիկական եւ մտավոր ակտիվությամբ:

Ակտիվացրե՛ք եւ պահպանե՛ք սոցիալական շփումները»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

 

 

 

ՎԱՌԵԼԱՓԱՅՏԻ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ

Տավուշում հաստատվել է Արցախից բռնագաղթած 780 ընտանիք՝ 2970 անձ։ Նրանցից շատերը ներկայումս ձմռան վառելափայտի խնդիր ունեն։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցրել ենք, թե մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքների համար ինչպես է լուծվել ձմռան վառելափայտի խնդիրը, մարզի 4 անտառտնտեսությունները ընդհանուր առմամբ որքան վառելափայտ են տվել նրանց, ինչ հիմունքներով: Մարզպետարանից ստացված պատասխանն անորոշ է, վառելափայտի քանակի մասին տվյալներ չպարունակող. այնտեղ նշված է. «Տավուշի մարզում բնակություն հաստատած արցախցի ընտանիքներին, ըստ իրենց դիմումների, անտառտնտեսությունների կողմից տրամադրվել ու տրամադրվում է թափուկներից անվճար վառելափայտ»։ Արցախից բռնագաղթած, Տավուշի մարզում հաստատված շատ ընտանիքներ լրագրողիս ասացին, որ   բռնագաղթածների մեծ մասը Տավուշի մարզում թափուկների տեսքով անվճար վառելափայտ չի ստացել։ Արցախից բռնագաղթածների  ձմռան վառելափայտի հարցը լուծվում է նաեւ բարեգործական կազմակերպությունների կողմից։  «Օքսֆորդ Հայաստան» բարեգործական հիմնադրամի կողմից, Նոյեմբերյանի համայնքապետարանի աջակցությամբ, 15 տոննա բրիկետ է բաշխվել Նոյեմբերյան համայնքի Բարեկամավան, Կոթի, Ոսկեվան, Ջուջեւան, Զորական եւ Կողբ գյուղերում 63 վերաբնակեցված ընտանիքների (յուրաքանչյուր ընտանիքին՝ 250 կգ)։ Առաջիկա շաբաթների ընթացքում նախատեսվում է  նման կերպ  բաշխել եւս 15 տոննա վառելիք՝ համայնքի այլ գյուղերում բնակվող արցախցի ընտանիքներին։

 

ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ

Տավուշի մարզպետ  Հայկ Ղալումյանին տեղեկատվական  հարցում ենք ուղարկել, թե Տավուշի մարզպետարանի աշխատակիցները եւ  ինքը՝ որպես մարզպետ, 2023թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ որքան պարգեւավճար են ստացել պետական բյուջեից: Մարզպետարանից պատասխանել են, որ  դեկտեմբերի 1-ի դրությամբ մարզպետարանի 72 աշխատակիցներ ստացել են 68 միլիոն 873 հազար 300 դրամ պարգեւավճար։ Հայկ Ղալումյանի ստացած պարգեւավճարի  չափի մասին   մարզպետարանից հայտնել են. «Մարզպետները համարվում են եկամուտների հայտարարատու պաշտոնատար անձինք։ Պահանջվող տեղեկատվությունը կարող եք ստանալ վերջիններիս կողմից ներկայացված հրապարակային հայտարարագրերում։ Միաժամանակ հայտնում ենք, որ Ձեր կողմից բարձրացված հարցը պարունակում է  անձնական տվյալները բացահայտելու բովանդակություն։ Համաձայն ՀՀ աշխատանքային օրենքսգրքի 134-րդ հոդվածի 1-ին կետի՝ այն կարող է իրականացվել միայն աշխատողի գրավոր համաձայնությամբ»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս