Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի՝ 80-ական թվականների շրջանավարտ, հոլիվուդյան բազմամյա փորձով հագուստի դիզայներ Մարո Փարյանն անձնական միջոցներով վերջին տարիներին Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում ստեղծագործական լաբորատորիա է հիմնել, որտեղ անց են կացվում հագուստի դիզայնի, գրիմի, ռեկվիզիտների պատրաստման դասընթացներ: Լաբորատորիան վերազինված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներով: Դասընթացները համակարգում է Լրացուցիչ եւ շարունակական կրթության կենտրոնը:
«Դասընթացներին մասնակցող ուսանողների մեծ մասը նկարիչներ են, որոնց հետաքրքրում է այս ամենը։ Նրանք տիրապետում են գրիմի գաղտնիքներին, ձեռք են բերում նյութերի հետ աշխատելու գրագիտություն, մի շարք հմտություններ` ինչ կարելի է անել, ինչպես կարելի է անել… Հագուստի ձեւավորման դասերի մեկնարկի համար կարն է կարեւոր, ուսանողները սովորում են կարի մեթոդները, նաեւ կտրել են սովորում։
Հասկանալի է, որ սկզբնական շրջանում դժվար է. մեկի մոտ ստացվում է, մյուսի մոտ չի ստացվում։ Բայց եթե ձգտում ունեն, անպայման կստացվի։ Կարեւորը ձգտումն է»,-ասում է Մարո Փարյանը։
Փորձառու դիզայներն աշխատում է վեր հանել ուսանողի ունակությունները, բացահայտել նրանց շնորհները։ Իսկ այդ ընթացքում ուսանողները ճշգրտում են իրենց ստեղծագործական դիրքորոշումը, որոշում անելիքները:
Նրանք երեք տարբեր նյութերի խառնուրդից ծնոտ, շրթունք եւ քիթ են պատրաստել, այժմ ընթանում է վրադիր գրիմի գործընթացը. ուսանողները կերպար են ստեղծում։ Մարո Փարյանի սաներից է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի «Թատրոնի, կինոյի եւ հեռուստաոլորտի նկարչություն» մասնագիտական կրթական ծրագրով սովորող ուսանող Ջուլյանա Ղազարյանը։
«Եթե բեմանկարիչ ես, ապա պետք է նյութին ծանոթ լինես, գիտելիքներ ունենաս` ինչ նյութեր են օգտագործվում թատրոնի եւ կինոյի նկարչության մեջ։ Այս ընթացքում ես շատ բան եմ բացահայտել»,- ասում է Ջուլյանան:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ ՋԱԶ
«Արամ Խաչատրյան» համերգասրահում դեկտեմբերի 23-ին տեղի կունենա «Ջազի սերունդ» խորագրով նախատոնական համերգ, որին ընդառաջ տեղի է ունեցել երաժշտական կազմի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանը, անդրադառնալով երկրորդ անգամ իրականացվող «Ջազի սերունդ» նախագծին, նշեց, որ այն նաեւ ջազային երաժշտության սերնդափոխության մասին է։
«Գաղափարը շատ հետաքրքիր է, քանի որ, նախ, ջազային երաժշտությունը տարիներ շարունակ Հայաստանում ծաղկուն շրջան է ապրում, ինչպես նաեւ տարբեր սերունդներ ջազային երաժշտության տարբեր տեսակներ են առաջարկում»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով, որ համերգին երեք սերունդ ներկայացնող դաշնակահարներ են մասնակցում։ Բացի այդ, ըստ նրա՝ համերգի առանձնահատկություններից է նաեւ, որ նման ձեւաչափով ու կազմով առաջին անգամ են նվագելու։
Նրա խոսքով՝ Հայաստանն այժմ իր ջազային երաժիշտներով կարողանում է ներկայանալ ու իր խոսքն ասել աշխարհին։
«Այսօր երաժիշտներ ունենք, որոնց հրավիրում են՝ միջազգային բեմերում աստղերի հետ հանդես գալու։ Մենք ինչ-որ տեղ նաեւ դեսպանի դեր ենք տանում, որովհետեւ անընդհատ ճամփորդում ենք՝ նվագելով տարբեր երկրներում։ Երաժիշտներ կան, որոնք գնում են եւ ոչ միայն մասնակցում տարբեր մրցույթների, այլ նաեւ հաղթած հետ են գալիս»,-մանրամասնեց բանախոսը։
Թմբկահար Արման Մնացականյանը ուրախալի ու ոգեւորիչ փաստ համարեց, որ համերգն արդեն երկրորդ անգամ է կայանում՝ համոզմունք հայտնելով, որ բոլոր նախադրյալները կան, որպեսզի այն շարունակական բնույթ կրի՝ դառնալով ավանդույթ։
«Խորհրդանշական է, որ համերգի, այսպես ասած, ռիթմ սեկցիան տարբեր սերունդների ներկայացուցիչներ են։ Տարիքային մեծ բարիեր կա, որն ընդհանրապես չի խանգարում, քանի որ երաժշտության եւ առավելապես՝ ջազային երաժշտության մեջ այդ տարիքային սահմանը երբեք չի նկատվում։ Մենք, տարբեր սերունդների ներկայացուցիչներ լինելով, կյանքում նաեւ շատ մտերիմ ընկերներ ենք։ Դրա համար այդ նույն դիալոգը բեմի վրա, անկախ տարիքային սահմանափակումներից, միշտ կայանում է»,-ընդգծեց նա՝ համոզմունք հայտնելով, որ այդ հանգամանքը համերգին եւս մեկ անգամ ներկա գտնվելու արժանիքներից է։
Բանախոսները «Ջազի սերունդ» խորագրով սպասվող համերգը ե՛ւ իրենց, ե՛ւ ունկնդրի համար լավ առիթ ու հնարավորություն են համարում խոսելու եւ շփվելու երաժշտության լեզվով։
«ՇՈՒՇԻՆ՝ ԿՈՎԿԱՍԻ ՄԱՐԳԱՐԻՏ»
Դեկտեմբերի 11-12-ին Ֆրանսիայի Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում (INALCO) տեղի ունեցավ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Արեւելյան լեզուների եւ քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ» (INALCO) հիմնադրամի եւ «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ:
Գիտաժողովի բացմանը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը ներկաներին փոխանցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունն ու գնահատանքը։
Այնուհետեւ ողջույնի խոսքով հանդես եկավ Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեր Ուզուլիասը։
Գիտաժողովին ներկա էին Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնազը, հայ եւ օտարերկրացի գիտնականներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկույցներ՝ նվիրված Շուշիի եւ, առհասարակ, Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին, եւ ուղենշվեցին այդ ուղղությամբ հայ ու ֆրանսիացի գործիչների համագործակցության ճանապարհները։
Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը բանախոսեց «Շուշին՝ որպես կրթական եւ հոգեւոր կենտրոն՝ Արցախի թեմում, եւ Սուրբ Էջմիածնի առաքելությունը՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում» թեմայով, ինչպես նաեւ ներկայացրեց Ադրբեջանի կողմից հայոց սրբավայրերի թիրախավորման եւ պատմամշակութային արժեքների ոչնչացման փաստագրված ապացույցներ ու միջազգային հանրության կողմից ձեռնարկվելիք քայլերի առաջարկներ։
ՍՆՈՒՓ ԴՈԳԸ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԸ
Խոսելով ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգի համերգի մասին, որը նախատեսված էր սեպտեմբերի 23-ին, սակայն այդպես էլ տեղի չունեցավ, իսկ 2.3 միլիարդ դրամն արդեն իսկ փոխանցվել է նրան, Ժաննա Անդրեասյանն ասաց, որ այն տեղի կունենա։
«Համերգը տեղի է ունենալու հաջորդ տարի, այժմ բանակցվում են ժամկետները, եւ այն կազմակերպությունը, որը պետք է կազմակերպեր միջոցառումը, բանակցությունների ավարտից հետո կհայտնի նոր ժամկետի մասին։ Նախապես քննարկվում է, որ կարող է տեղի ունենալ մայիս-հունիս ամիսներին, բայց վերջնական ժամկետի մասին կհայտնեն բանակցությունների ավարտից հետո»,- կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Ժ. Անդրեասյանը։
Հարցին՝ Սնուփ Դոգի համերգը համարո՞ւմ է մշակութային միջոցառում, ԿԳՄՍ նախարարը պատասխանեց, որ հարցին բազմիցս անդրադարձել է եւ կարծում է, որ ինչ-որ պահի այդ խոսակցությունները պետք է դադարեցվեն։
ՉԵՆ ՄԵԿՆԵԼ ՖԻՆԼԱՆԴԻԱ
Հայաստանի ֆուտզալի հավաքականը չի մեկնել Ֆինլանդիա, որտեղ դեկտեմբերի 20-ին պետք է կայանար ֆուտզալի աշխարհի առաջնության էլիտ ռաունդի վերջին հանդիպումը։
ՀՖՖ-ն նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով բրազիլացի խաղացողների շուրջ ստեղծված իրավիճակը:
«Ֆուտզալում տասնյակ տարիներ ի վեր բազմաթիվ ուժեղ հավաքականների կազմերում հանդես են գալիս բրազիլացի խաղացողներ: Ֆուտբոլում եւ ֆուտզալում գործում է օրենք, ըստ որի՝ այլազգի խաղացողները կարող են հանդես գալ տվյալ երկրի հավաքականում, եթե այդտեղ ապրել եւ խաղացել են վերջին 5 տարիների ընթացքում: Չնայած դրան՝ ֆուտզալում երկար ժամանակ ուշադրություն չի դարձվել վերոնշյալ օրենքի կիրառմանը, ու մարզաձեւի զարգացման նպատակով աչք է փակվել այն բրազիլացիների վրա, որոնք 5 տարի չեն խաղացել տվյալ երկրում, սակայն, քաղաքացիություն ստանալով, հանդես են եկել տարբեր երկրների հավաքականների կազմերում: Նման խաղացողներով համալրված թիմերը հանդես են եկել խոշոր մրցաշարերում եւ բարձր տեղեր զբաղեցրել:
Այս անգամ հիմնվելով էլիտ-ռաունդի խմբում մեր մրցակից երկրների՝ Պորտուգալիայի եւ Ֆինլանդիայի բողոքների վրա՝ ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրել է ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի հավաքականի կազմում հանդես եկող բրազիլացի ֆուտբոլիստների՝ այդ թիմերում խաղալու իրավասությունը եւ տեխնիկական պարտություններ գրանցել երկու երկրների հավաքականներին: Բողոք է ներկայացվել նաեւ Ռումինիայի հավաքականի դեմ»,- հայտնում է ՀՖՖ-ն:
ՀՖՖ-ն բողոքարկել է այդ որոշումը եւ հարցը բարձրացրել ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի կոմիտեում: Հայաստանի ներկայացուցիչը կոմիտեի նիստին առաջարկել է, որ բոլոր ֆուտբոլիստները, որոնք արդեն իսկ խաղացել են հավաքականների կազմերում մինչեւ բողոքը, իրավունք ունենան շարունակել ելույթներն իրենց ընտրանիների կազմերում, իսկ նմանատիպ որոշումը տարածվի միայն այն խաղացողների վրա, ովքեր հավաքական կհրավիրվեն 2024թ. հունվարի 1-ից։