ՄԵԿ ՕՐ՝ ԾՆՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուզված են երեխաները, առավել հուզված են ծնողները. «Գալաքսի» ընկերությունների խմբի՝ երկու ամիս տեւած աշխատանքային պրակտիկայի վերջին ներկայացումը հենց երեխաներինն է: Նրանք ամփոփում են իրենց ստացած գիտելիքներն ու պատմում ապագա պլանների մասին` նոր նախագծեր, նոր երազանքներ, ամեն ինչ առջեւում է: Ավարտական միջոցառմանը ներկա էին երեխաների մենթորները` ընկերությունների տնօրենները, ինչպես նաեւ երեխաների ծնոնղները, խմբի աշխատակիցները: 

 

«Գալաքսի» ընկերությունների խումբը մշտապես խրախուսում է իր համայնքի անդամների եւ նրանց ընտանիքների մասնակցությունը սպորտային, մշակութային եւ սոցիալական նախագծերին, ինչը մեզ դարձնում է ավելի համախմբված եւ ուժեղ։ Ուրախ ենք, որ այս նախաձեռնության շրջանակում առիթ ենք ունեցել հյուրընկալելու մեր համայնքի ամենաթանկ անդամներին՝ երեխաներին»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանը՝ The Futures Business Internship-ի փակման պաշտոնական արարողության ժամանակ:

Բիզնեսը հնարավորությունների արվեստ է եւ հաշվարկների գիտություն. այն բացահայտելու համար «Գալաքսի» համայնքի բոլոր ընկերությունների աշխատակիցների երեխաները մեկ ամիս շարունակ տարբեր հանդիպումներ են ունեցել «Գալաքսի» բիզնես առաջնորդների հետ, այցելել են ընկերությունների հետնաբեմ, քննարկում ու թիմային աշխատանք են ունեցել։ Նախաձեռնությանը ներգրավված են եղել 10-ից 14 տարեկան 28 երեխա, որոնք ունեցել են 7 հանդիպում: Նրանք հնարավորություն են ունեցել այցելելու «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող «Մեգաֆուդ», «Փոլ Հայաստան», «Թայմ», «Յուքոմ», «Երեւան մոլ» կազմակերպություններ, ինչպես նաեւ նախագծի կազմակերպիչ «ԱքսելՄոնդրիան եւ գործընկերներ» հեղինակության կառավարման ընկերություն, ինտերակտիվ հանդիպումներ ունենալ բիզնես առաջնորդների հետ, տալ իրենց հուզող հարցերն ու ստանալ պատասխաններ։

«Գալաքսի» ընկերությունների խմբի այս նախաձեռնությամբ հրաշալի եւ բացառիկ հնարավորություն է տրվել մեր համայնքի աշխատակիցների երեխաներին մեկ օր անցկացնել իրենց ծնողների աշխատավայրում եւ գործնականում ծանոթանալ նրանց անելիքներին։ Հիմա արդեն հետահայացք գցելով՝ կարող ենք փաստել, որ նախագիծը ոչ միայն ոգեւորիչ էր մասնակիցների ծնողների համար, այլեւ մոտիվացնող երեխաների համար՝ հետագայում մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվելու, հնարավոր դժվարությունները պատկերացնելու եւ դրանց հաղթահարման ուղիները բացահայտելու տեսանկյունից»,- ասել է «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման տնօրեն Աստղիկ Սարգսյանը The Futures Business Internship-ի փակման պաշտոնական միջոցառման ընթացքում: Ապագա առաջնորդները The Futures Business Internship-ի փակման պաշտոնական արարողության ժամանակ ամփոփել են թիմային աշխատանքները՝ «Գալաքսի» ընկերությունների խմբում հանդես եկող ընկերությունների ղեկավարներին  ներկայացնելով հանդիպումների առավել տպավորիչ դրվագները, իրենց բիզնես գաղափարները եւ դրանց զարգացման տեսլականները:

«Գալաքսի» ընկերությունների խումբը, հիմնադրված Արամ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի եւ Արտյոմ Խաչատրյանի կողմից, հայկական հոլդինգային ընկերություն է, որը ներկայացնում է 15 ընկերություն՝ 3 երկրում։ Ընկերությունը ջանքեր ու միջոցներ է ուղղում Հայաստանում սոցիալական պատասխանատվության ծրագրերի իրականացմանը կրթության, սոցիալական զարգացման եւ արվեստի ոլորտներում Հայաստանում մտքի առաջնորդության եւ մտավոր կապիտալի զարգացման համար։ Միայն վերջին տարիներին «Գալաքսի»-ն իրականացրել է  64 մասշտաբային ԿՍՊ նախագծեր, որի շահառուներ են դարձել  10,000-ից ավելի մարդիկ։

 

 

ԿԱՍԵՑՐԵԼ ԵՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը դեկտեմբերի 20-ին գումարել է նիստ, օրակարգում՝ ««Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության նկատմամբ վարչական ակտերի ընդունման վերաբերյալ հարցերը (երկու վարչական վարույթ)։ «Ժողովուրդ» օրաթերթն այս մասին տեղեկացավ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից։

 

«Նշվել է, որ հանձնաժողովը Լսողական մեդիածառայություն մատուցող ««Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի ձայնագրության մշտադիտարկման արդյունքում արձանագրել է առաջին վարչական վարույթի դեպքում օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի, իսկ երկրորդի դեպքում՝ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի պահանջների խախտման հատկանիշներ:

Հանձնաժողովը Լսողական ծրագրեր հեռարձակողի նկատմամբ հարուցել է վարչական վարույթներ՝ հիմք ընդունելով հանձնաժողովի կողմից հեռարձակողի գործունեության մշտադիտարկման արդյունքների հիման վրա կազմված մշտադիտարկման իրականացման արձանագրությունները:

Ըստ կազմված արձանագրության՝ ընկերության կողմից հեռարձակվող «Սպուտնիկ Արմենիա» լսողական ծրագրի «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման 2023 թվականի նոյեմբերի 17-ի եթերի ընթացքում հաղորդման հեղինակն ու վարողը ծաղրական եւ նսեմացուցիչ ձեւակերպումներով են անդրադարձել Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին՝ տալով գնահատականներ, որի բարոյական իրավունքն օտարերկրյա քաղաքացի հանդիսացող քաղաքական մեկնաբանն ու հաղորդավարը չունի: Արձանագրվել է նաեւ, որ հաղորդման ընթացքում հնչեցվել է օրենսդրությամբ արգելված արարքների կոչերի տարածում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ներկայացվել են հարուցված երկրորդ վարչական վարույթի նյութերի։ Նշվել է, որ հեռարձակողի կողմից «Աբովյան թայմ» հաղորդման հեռարձակման ընթացքում հնչեցվել են այնպիսի կարծիքներ եւ պնդումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ ՀՀ ժողովրդի շրջանում առերեւույթ խուճապ առաջանցող են։ Արձանագրվել է նաեւ, որ հաղորդման ընթացքում հնչեցվել են ոչ հավաստի կամ հավաստիության բավարար չափ չունեցող, չստուգված աղբյուրներից սնվող տեղեկություններ:

«Առաջին վարչական վարույթի շրջանակներում հանձնաժողովը, ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով, որոշեց կիրառել վարչական տույժ՝ կասեցնել ««Տոսպա» ռադիոընկերության խմբագրություն» ՓԲ ընկերության լիցենզիայի գործողությունը 30 օր ժամկետով, իսկ երկրորդ վարչական վարույթի շրջանակում կիրառել օրենքի 58-րդ հոդվածի 18-րդ մասով սահմանված տույժը՝ տուգանելով հասույթի 0.02 տոկոսի, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով»,- հայտնում են Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովից:

 

 

ՄՐՑԱՆԱԿԸ՝ 300.000 ԱՄՆ ԴՈԼԱՐ

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի առթիվ կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ մի խումբ գիտնականների հանձնվել են մրցանակներ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գիտության եւ կրթության ոլորտում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով պարգեւատրվեցին ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի ասիմետրիկ կատալիզի լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների թեկնածու Աննա Մկրտչյանը եւ ԳԱԱ ինֆորմատիկայի ու ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Հրաչյա Ասցատրյանը։

Հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ նաեւ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան 2020 թվականի միջազգային գիտական մրցանակի շնորհումն արտասահմանցի երեք գիտնականներին։

Մասնավորապես՝ պրոֆեսոր Ալեքսանդր Սալայը (Ջոնս Հոփքինսի համալսարան, Բալթիմոր, ԱՄՆ) առաջադրվել էր Նոբելյան մրցանակի դափնեկիր Ադամ Ռիսի կողմից Տիեզերքում մութ նյութի՝ որպես չեզոք, թույլ փոխազդող մասնիկ լինելը ցուցադրող իր առաջնային աշխատանքի եւ տվյալների վրա հիմնված վիճակագրական տիեզերաբանության մեջ իր ներդրումների համար։ Պրոֆեսոր Իզաբել Բարաֆը (Էքսետերի համալսարան, ՄԹ եւ Լիոնի CRAL/ENS, CNRS, Ֆրանսիա), առաջադրվել էր Էքսետերի համալսարանի (ՄԹ) կողմից Ցածր զանգվածով աստղերի, գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների բնագավառում իր հիմնարար ներդրումների եւ աստղասեյսմաբանության եւ կոմպակտ կրկնակիների ոլորտում նորարարական գաղափարների համար։ Պրոֆեսոր Ադամ Բարոուզը (Աստղաֆիզիկական գիտությունների բաժին, Փրինսթոնի համալսարան, ԱՄՆ) առաջադրվել էր Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) կողմից գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների տեսություններում իր բեղմնավոր եւ առաջնային ներդրումների եւ գորշ թզուկների եւ արտարեգակնային մոլորակների հետազոտությունների առաջնագծում գիտնականների սերունդ աճեցնելու գործում նրա առաջատար դերի համար։ Երեք դափնեկիրներն էլ մրցանակը ստացան հանդիսավոր պայմաններում։

Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակն աստղագիտության եւ աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների կարեւոր մրցանակներից մեկն է: Այն շնորհվում է որեւէ երկրի եւ ազգության ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում նշանակալից ներդրում ունեցող ականավոր գիտնականներին: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից ի վեր՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ: 2010-2016 թթ. այն սահմանվել է ՀՀ կառավարության կողմից որպես 500,000 ԱՄՆ դոլար: 2018թ.-ից սկսած՝ այն կազմում է 300, 000 ԱՄՆ դոլար:

 

 




Լրահոս