ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԶԱԼՑԲՈՒՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ավստրիացի հայագետ Յասմին Դում-Թրագուտին:

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ժաննա Անդրեասյանը ողջունել է Յասմին Դում-Թրագուտին եւ կարեւորել վերջինիս գործունեությունը՝ ուղղված հայագիտության զարգացմանը: «Հայագիտությունը մեր կարեւոր ուղղություններից մեկն է, որի զարգացման նպատակով նախաձեռնել ենք ռազմավարության մշակման գործընթաց: Պատրաստ ենք քննարկել հայագիտությանն աջակցելու բոլոր հնարավորությունները»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ 2012 թվականից ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է օտարերկրյա պետություններում հայերենի եւ հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: 2023 թվականին այն իրականացվել է 13 պետությունների 15 կառույցներում:

«Յասմին Դում-Թրագուտը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ ներկայացրել Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի գործունեությունը, առաջիկա ծրագրերը, որոնք վերաբերում են նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքում հայկական մշակութային ժառանգությանը:

Հայագետը տեղեկացրել է՝ նախատեսվում է գալիք տարին նշանավորել որպես հայկական մշակութային ժառանգության տարի, որի շրջանակում կկազմակերպվեն դասախոսություններ, միջոցառումներ, ցուցահանդեսներ: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ «Մատենադարան» գիտահետազոտական ինստիտուտի հետ՝ ցուցահանդեսով ներկայացնելու Սյունիքում իրականացված հետազոտության արդյունքները, Լեռնային Ղարաբաղի խաչքարերի լուսանկարները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են հայագիտությունը որպես գիտաճյուղ ավելի գրավիչ եւ ճանաչելի դարձնելու հնարավորությունը, կադրերի համակարգում գործուղման մեխանիզմներ կամ փոխանակման ծրագիր մշակելու հեռանկարները։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին նշվելու է Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը, որի շրջանակում աշխատանքներ են տարվում օրակարգում ընդգրկելու հայկական մշակույթը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությունը: Նախարարն այս համատեքստում կարեւորել է նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ շարունակական աշխատանքները տարածաշրջանում փաստահավաք առաքելություն ուղարկելու նպատակով: Կարեւորվել է նաեւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը օրակարգային դարձնելու հարցը:

Հանդիպմանը քննարկվել են նաեւ հայագիտության զարգացմանն առնչվող մի շարք այլ հարցեր:

 

 

ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ՁԵՌԱԳԻՐ՝ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ

Կոնդի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել երգիչ Արա Մարտիրոսյանի հոգեհանգիստը։

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սիրված երգչի հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, քաղաքական, մշակութային գործիչներ, արվեստակից ընկերներ ու նրա երգարվեստի երկրպագուներ։ Երաժիշտ Կամո Սեյրանյանը Արա Մարտիրոսյանին բնութագրեց որպես լավ ընկեր ու երգիչ, որ իր տեմբրով յուրահատուկ ձեռագիր ունի երգարվեստում։

«Մեծ հումորով, ճանապարհի լավ ընկեր էր։ Բոլորիս ցավակցում եմ, մեծ երգիչ կորցրեցինք՝ բոլորիս կողմից շատ սիրված Արա Մարտիրոսյանին»,-ասաց նա։  Դերասան Գարիկ Պապոյանի խոսքով՝ ոչ մի կերպ չի ստացվում Արա Մարտիրոսյանի մասին խոսել անցյալով։

«Բայց ես գիտեմ, որ Արայի կորուստը միայն իր ընկերների եւ ընտանիքի կորուստը չէ. չգիտեմ մի մարդ , ով կարեւորում է հայկական երաժշտությունն ու չի կարեւորում Արայի պես երգիչների ձայնը։ Կարծում եմ՝ նա մեծ կորուստ է որպես երգիչ։ Համոզված եմ, որ նրա թողած երաժշտությունը երբեւէ չի ունենալու կարճ կյանքի բնութագիր, ինչպես հենց Արայի ապրած կյանքն էր»,-հավելեց Պապոյանը։

Հայաստանի վաստակավոր արտիստ, երգիչ Արամեն (Արամ Եղիազարյան) պատմեց, որ Արա Մարտիրոսյանի հետ ծանոթացել է 16-17 տարի առաջ, եւ նա այնքան լի էր էներգիայով ու կենսուրախ, որ այդ տարիները միայն պայծառ հիշողություններ են պարունակում։

«Նրան ոչ ոքի հետ շփոթել հնարավոր չէ ե՛ւ որպես մարդ, ե՛ւ որպես երգիչ, որովհետեւ ուներ բացարձակ տաղանդ։ Բացի այն, որ ինքը փայլուն երգիչ էր, նաեւ շատ լավ երաժիշտ էր։ Ես վստահ եմ՝ հարյուր հազարավոր մարդիկ այսօր ցավ են ապրում, որովհետեւ կյանքից հեռացավ տաղանդավոր մարդ, որը դեռ շատ կարող էր ե՛ւ երգել,  ե՛ւ իր ներկայությունը նվիրել ընկերներին, երկրպագուներին, որի համար ես շատ ցավում եմ»,-ասաց Արամեն։

Դեկտեմբերի 15-ին 46 տարեկանում կյանքից հեռացել է երգիչ Արա Մարտիրոսյանը։

Ինչպես հայտնել էին «Նաիրի» բժշկական կենտրոնից, նա  հիվանդանոց էր տեղափոխվել սուր սիրտ-անոթային եւ շնչառական անբավարարությամբ, ծայրահեղ ծանր վիճակում:

Ցուցաբերվել է համապատասխան օգնություն, ժամեր շարունակ բժիշկները պայքարել են արտիստի կյանքը փրկելու համար, սակայն գրանցվել է սրտի կանգ:

Ըստ ԲԿ-ի հանրային կապերի բաժնի՝ Արա Մարտիրոսյանն ունեցել է ուղեկցվող հիվանդություններ։

 

 

ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆՔ ՆՇԱՁՈՂԸ

Հայաստանի մարմնամարզության տարբեր տարիքային հավաքականները 2023 թվականին նվաճել են ընդհանուր 36 մեդալ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

«Անցնող տարին մեզ համար հաջող էր: Չեմ ասի՝ շատ հաջող, քանի որ սպասելիքներ ունեինք նաեւ աշխարհի առաջնությունից, եւ մենք պետք է մեդալ նվաճեինք նաեւ այնտեղ: Այնքան ենք բարձրացրել նշաձողը, որ յուրաքանչյուր մրցաշարից ոսկե մեդալ ենք ակնկալում: Այս տարի բացառիկ հաջող էր երիտասարդների աշխարհի առաջնությունը: Համլետի երկրորդ ոսկե մեդալը շատ լավ արդյունք էր, հրաշալի էր Մամիկոնի` նժույգ-թափերում արծաթե մեդալը: Բացահայտում էր թիմային 4-րդ հորիզոնականը»,-ասաց Սերոբյանը:

Վերջինիս խոսքով` 2023 թվականին կայացած մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունները շատ հաջող ստացվեցին: 2024 թվականի աշխարհի գավաթի խաղարկությունները կլինեն վարկանիշային, եւ յուրաքանչյուր գործիքի վրա կխաղարկվի երկու օլիմպիական վարկանիշ:

«Եվրոպայի 2023 թվականի առաջնությունում Արթուր Դավթյանը պարզապես փայլեց, եւ ամեն մարզաձեւում չէ, որ յուրաքանչյուր մարզիկ կարող է երկու մեդալ նվաճել, ինչպես Արթուրը` ոսկե եւ բրոնզե: Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր դարձավ Վահագն Դավթյանը: Մենք ունեցանք առաջին, երկրորդ եւ երրորդ տեղեր Եվրոպայի առաջնությունում: Ընդհանուր առմամբ, այս տարի մարմնամարզիկները նվաճել են 36 մեդալ` 11 ոսկի, 8 արծաթ, 11 բրոնզ»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը:

Սերոբյանն ընդգծեց, որ Փարիզի օլիմպիական խաղերի համար դեռեւս մասնակցության եւս մեկ հույս կա: Եվս մեծ վարկանիշ կխաղարկվի Եվրոպայի առաջնությունում:

2023 թվականի կարեւոր իրադարձություններից մեկն էր նաեւ Եվրոպական ֆեդերացիայի կողմից 2027 թվականի ԵԱ-ն Հայաստանում անցկացնելու որոշումը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականի մարզիչ Հայկ Նազարյանի խոսքով` նվաճած մեդալը կատարած աշխատանքի մասին է խոսում:

«Մենք մեկ ընտանիք ենք եւ շատ միասնական: Աշխատում ենք միասին, իսկ մեր տղաները ջանք չեն խնայում լավ արդյունքի հասնելու համար»,-ասաց Նազարյանը:

Վերջինիս ընդգծեց՝ 2023 թվականի լավագույն արդյունքներից մեկը պատանեկան օլիմպիական փառատոնում մարմնամարզության հավաքականի թիմային բրոնզե մեդալն էր, որը բացառիկ արդյունք է պատանեկան տարիքային խմբում:

 




Լրահոս