ArmLur.am-ի զրուցակիցը Արցախի ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանն է:
-Պարո՛ն Պետրոսյան, Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը դեկտեմբերի 22-ին հանդիպել էր հասարակական հիմունքներով աշխատող պաշտոնյաների հետ և, անդրադառնալով Արցախը լուծարելու մասին իր ստորագրած հրամանագրին, Շահրամանյանը նշել էր, թե Արցախի իրավական դաշտում գոյություն չունի փաստաթուղթ, որով նախատեսվում է լուծարել պետական ինստիտուտները: Դուք ի՞նչ կասեք այս մասին, եթե կա չեղարկման հրամանագիր, ինչու՞ այն չի հրապարակվում:
-Ես դա լուրջ չեմ ընդունում, քանի որ պետք է նախ պատասխանել մի կարևոր հարցի՝ ԼՂ իշխանություններն ինչո՞վ են զբաղվելու Երևանում, կա՞ արդյոք գործունեության օրակարգ, եթե լիներ, դա միանգամայն այլ հնչեղություն կունենար: Այս պահի դրությամբ պետք է նախ պարզորոշել, թե ինչո՞վ են ուզում զբաղվել Արցախի իշխանությունները, արդյո՞ք կա դաշտ՝ զբաղվելու համար: Եթե այս հարցին մենք չենք կարողանում պատասխանել, ապա կնշանակի, որ նորից մենք մանիպուլյացիաների ենք դիմում՝ պարզապես ցուցադրելու համար, որ մենք կանք: Այլ խնդիր է, որ ԼՂ իշխանությունների գործունեությունն Արցախում ուզում ենք ապահովել հանուն այն բանի, որ կարողանանք լուծել բռնատեղահանվածների վերադարձի հարցը՝ իրենց բնօրրան, եթե նման հարց չկա, ապա մյուսները ծիծաղելի են և ավելորդ:
-Ի վերջո, Արցախի նախագահի ստորագրած այդ հրամանագիրը չեղարկելու հիմքեր դուք տեսնո՞ւմ եք, որքանո՞վ է սա իրատեսական:
-Ես այդ հրամանագիը չեմ տեսել՝ որպես ԱԺ պատգամավոր, որպես ԱԺ խմբակցության ղեկավար, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ: Ես այդ մասին լրատվամիջոցներից եմ տեղեկացել:
-Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը «Ազատությանը» տված հարցազրույցում կրկին խոսել էր այդ հրամանագրի մասին՝ նշելով, որ Արցախը լուծարելու մասին նախագահի հրամանագիրն այլևս գոյություն չունի, և դրա համար հիմք է հանդիսացել Շահրամանյանի՝ Երևանում հոկտեմբերի 19-ի հրամանագիրը, համաձայն որի հոկտեմբերի 1-ից Արցախի նախագահը, պետնախարարը, կառավարության անդամները, դատավորները, մարդու իրավունքների պաշտպանը, խորհրդարանը, անվտանգության խորհրդի քարտուղարը, իրավապահ մարմինները, Ստեփանափակերտի քաղաքապետն ու վարչական շրջանների ղեկավարները շարունակում են պաշտոնավարել: Այս մասին ի՞նչ կասեք:
-Հայտարարությանը ծանոթ եմ, ծանոթ եմ նաև Կարեն Գրիգորյաի երկտողին, որ ինքն այլևս չի հանդիսանում Շահրամանյանի օգնականը, այդքան բան, ավել ոչինչ չեմ կարող ասել:
-Պարո՛ն Պետրոսան, փաստացի, հունվարի 1-ին ընդամենը հաշված օրեր են մնացել, Ձեզ համար հասկանալի՞ է՝ ինչ է սպասվում դրանից հետո, ի՞նչ է լինելու Արցախի պետական կառույցների հետ:
-Այդ հարցի հասցեատեր ես չեմ, ես գործադիր մարմնի ներկայացուցիչ չեմ: Ինձ համար ամենևին հասկանալի չէ ՝ ինչ է սպասվում: Ես կարծում եմ, որ առաջին հերթին այդ հարցերը պետք է կարգավորել Հայաստանի իշխանությունների հետ, վերջիվերջո, մենք գտնվում ենք Հայաստանում, այստեղ գործում են ՀՀ օրենքները: Մենք պետք է կարողանանք լեզու գտնել այստեղի իշխանությունների հետ, պայմանավորվել, քննարկել, բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից ոչ մեկն էլ քննարկման առարկա չի դառնում: Ներկայումս բոլոր խնդիրներն իր ուսերին է ստանձնել ՀՀ իշխանությունը, եթե մենք ուզում ենք օգնել, ապա պետք է մտածենք ՝ ո՞ր ճանապարհով ենք պատրաստ օգտակար լինել բռնի տեղահանվածների խնդիրների կարգավորմանը: Սրանք հարցեր են, որոնք պատասխաններ են պահանջում, իսկ այդ պատասխանները չկան, քանի որ չկա փոխհամաձայնություն, փոխադարձ հարգանք ու վստահություն Հայաստանի ու ԼՂ իշխանությունների միջև, եթե այս հարցը չի լուծվել, չեն լուծվելու նաև մյուս խնդիրները:
-Սամվել Շահրամանյանի այս հայտարարությունը խիստ անհանգստացրել էր ՀՀ իշխանություններին: Իշխող ՔՊ խմբակցության պատգամավորները ֆեյսբուքյան իրենց էջերում դատապարտեցին Շահրամանյանին՝ զգուշացնելով Հայաստանում մեկ իշխանություն կա և Երևանում ստորագրված` Ղարաբաղին վերաբերվող որևէ փաստաթուղթ ոչ մի իրավական ուժ չունի, ինչու՞ այսպես կոշտ արձագանք եղավ ՀՀ իշխանությունների կողմից, ի՞նչն է նրանց անհանգստացրել:
-Ինձ համար անհասկանալի էր նման մոտեցումը, ես ծանոթ եմ այդ փոխադարձ քարկոծություններին, մեկն ասում է՝ ո՞վ է Սամվել Շահրամանյանը, մյուսն ասում է՝ո՞վ է Նիկոլ Փաշինյանը, իբր թե այդ հարցերի պատասխաններն իրենք չգիտեն: Սա անլուրջ մոտեցում է, կարծում եմ, բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսությամբ, եթե մենք՝ ԼՂ-ից տեղահանվածներս, և Հայաստանի իշխանությունները չեն կարողանում լեզու գնել, ապա ինչպես ենք կարողանալու լեզու գտնել այլոց հետ, սա լուրջ հարց է:
-Ինչպե՞ս եք պատկերացնում այդ համագործակցությունն այն պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե Արցախի պետական կառույցների գործունեությունը լուրջ վտանգ է Հայաստանի համար:
-Պետք է նստել սեղանի շուրջ ու քննարկել՝ արդյո՞ք հնարավոր է համագործակցել, թե՛ այն ամենը, ինչ տեղի է ունենալու, պետք է տեղի ունենա ՀՀ իշխանությունների պատասխանատվության ներքո: Առանց քննարկման՝ ոչ մի եզրահանգման չենք կարող գալ: Նստում են պատերի տակ ու սկսում են իրար քարկոծել, ի՞նչ են ուզում ասել դրանով, խոսքը վերաբերում է թե՛ ՀՀ իշխանություններին, թե՛ ԼՂ իշխանություններին:
-Իսկ դուք, Ձեր ղեկավարած խմբակցությունը, ՀՀ տեղափոխվելուց հետո հայնդիպե՞լ եք այստեղի իշխանությունների հետ:
-Ոչ, ոչ մեկի հետ չենք հանդիպել։
Քրիստինա Մուշեղյան