ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում վստահեցրեց, որ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պինդ տղա է եւ կարող է իր առջեւ դրված խնդիրները լուծել:
-Պարո՛ն Երիցյան, Դուք երկար տարիներ եղել եք մի համակարգում, որն ապաքաղաքական է: Իսկ հիմա, փաստորեն, զբաղեցնում եք նախարարի՝ քաղաքական պաշտոն: Ձեզ հաջողվո՞ւմ է գլուխ հանել:
-Հաջողվում է, թե չի հաջողվում` գնահատականը պետք է տաք Դուք եւ մեր մյուս գործընկերները: Ինձ համար շատ դժվար էր որոշում կայացնել, որովհետեւ ուղիղ 30 տարի ես եղել եմ ոստիկան, իմ անցած ուղին կապված է եղել ոստիկանության հետ: Եթե այս աշխատանքն ուրիշ նախարարությունների հետ կապված լիներ, ես չէի գնա: Կապ եմ տեսնում նրանում, որ մեր համակարգում 60 տոկոսն ուսադիր կրող մարդիկ են, մենք նույն տերմինալոգիան ենք օգտագործում: Երբ, ասենք, որեւէ մեկի մասին հարցնում ասում են` ո՞նց է աշխատում, ես ասում եմ` իսկական սպա է, դա իմ բարձր գնահատականն է, սպայի կերպարն ինձ համար ուրիշ է: Ոլորտն ինձ հոգեհարազատ էր, եւ թվում էր, որ ես կարող էի լավ աշխատել: Բայց, ասենք, կային ծառայություններ, որոնցից չէի հասկանում, ինձ համար մի ցայտնոտային իրավիճակ էր: Այնուամենայնիվ, կարողացա կողմնորոշվել: Ես գիշերները կարդում էի, որ կարողանամ խորհրդակցությունների ժամանակ խոսել իրենց լեզվով: Բայց ես դեռ գոհ չեմ իմ աշխատանքից, անելիքներ շատ կան:
-Ձեր նախարարության հասցեին հնչող քննադատության մեծ բաժինն այն է, որ Դուք ավելի շատ PR եք անում, քան գործ:
-Ճիշտն ասած` առաջին անգամ եմ լսում: Մենք ուղղակի պետք է անենք այնպես, որ մեզ վստահեն, կապ չունի` պոզիցիա-օպոզիցիա, մարդիկ մեր մեջ պետք է տեսնեն փրկարարի, որը պետք է նաեւ դուք ասեք` ոնց պետք է լինի: Դուք էլ մեզ խորհո՛ւրդ տվեք: Անցել են այն ժամանակները, որ պետք է ասեն պաժարնիկա, էլի: Եթե ես գնում եմ դեպքի վայր եւ մնում եմ 10 օր, դա PR՞ է, թե՞… այնտեղ կանգնած են մարդիկ եւ սպասում են, թե նախարարն ինչ որոշում է կայացնելու: Դա աշխատանք է եւ աշխատանքի ոճ:
-Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում արտակարգ պատահար գրանցվեց` Տավուշի սողանքը, որի ընթացքում բազմաթիվ դժգոհություններ եղան` կապված փրկարարների կատարած աշխատանքի, տեխնիկայի եւ այլնի հետ: Արդյո՞ք նախարարությունը պատրաստ չէր նման արտակարգ իրավիճակներին:
-Նախարարությունն իր առջեւ դրած խնդիրները շատ մակարդակով կարողացավ կատարել: Եղավ սողանք, նախագահը հանձնարարություն տվեց, որ պետք է շտապ գնալ, ղեկավարել: Վարչապետի մոտ եղավ խորհրդակցություն, աշխատեց մեր թեժ գիծը, ես մինչեւ գիշերվա 2-ն աշխատեցի, կազմակերպեցի եւ մեկնեցի դեպքի վայր: Սողանքն այդ ընթացքում անընդհատ աշխատում էր, եւ արգելվում էր մտնել սողանքի գոտի: Առաջին երեք օրն արգելվում էր ծանր տեխնիկա օգտագործել, հնարավոր է` տակը մարդ մնացած լիներ: Հետո որոշեցի, որ պետք է ծանր տեխնիկա օգտագործել:
-Փրկարարների աշխատանքից դժգոհություններ եղան անգամ մեր հարեւան Վրաստանից, երկրի նախագահ Սահակաշվիլին քննադատեց Ձեզ:
-Ես ասել եմ` չեմ հավատում, որ մեր հարեւան երկրի նախագահն այդպիսի բան ասած լինի, երեւի թե փոխել են, աղավաղել են, չգիտեմ… Մեր փրկարարները միջազգային չափանիշներ ունեցող փրկարարներ են:
-Ոստիկանության համակարգում արագորեն կադրային փոփոխություններ են տեղի ունենում: Որպես նախկին փոխոստիկանապետ` ի՞նչ գնահատական կտաք Ալիկ Սարգսյանի եւ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքին:
-Եկե՛ք այդ հարցին չպատասխանեմ, որովհետեւ իմ գնահատականը կլինի սուբյեկտիվ: Վ.Գասպարյանի հետ մենք մոտ ընկերներ ենք, ինքը պինդ տղա է, ինքը հին ոստիկան է, իմ կարծիքով, ինքն իր առջեւ դրված խնդիրները կարող է շատ լավ կատարել: Ա.Սարգսյանը եւս իմ ընկերներից է, եւ կարծում եմ, օպերատիվ իրավիճակը կարողանում էր ղեկավարել: Կադրային փոփոխությունն էլ զուտ նախագահի որոշումն է:
-Ի՞նչ եք կարծում, ժողովուրդն ընտրությունների ժամանակ կվստահի՞ «Օրինաց երկիր» կուսակցությանը: ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ 2008թ-ից կուսակցության ռեյտինգն ընկել է:
-Ես համոզված եմ, որ մեզ վստահում են: Իսկ հիասթափություններ կարող են լինել, ոնց էլ լինի` մի մասը դժգոհ կլինի: Բայց մեկ է` շատ մարդիկ կան, որ ՕԵԿ-ին վստահում են: Դե խոսում են, թե ինչու Ա.Բաղդասարյանը կանգնեց Ս.Սարգսյանի կողքը, ոչ թե Տեր-Պետրոսյանի: Դա քաղաքականություն է, եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում` այդ պահին որն է ճիշտ: Մեր կողքին շատ մարդիկ կան կանգնած:
-Ի՞նչ հաճախականությամբ եք Սերժ Սարգսյանի հետ հանդիպում, նախագահը Ձեր ոլորտով հետաքրքրվո՞ւմ է:
-Ինչպե՞ս ասեմ, որ Դուք չմտածեք, որ ինքն իր նախագահին գովում է: Ինքը եղել է իմ նախարարը, ես իր հետ ճանապարհ եմ անցել, ինքը շատ խիստ ղեկավար է, միշտ լարված ես լինում, քանի որ ինքը կարող է քեզ այնպիսի հարց տալ, որին դու պատրաստ չէիր: Յուրաքանչյուր հանդիպման օր զեկուցվում է:
-Ըստ շրջանառվող լուրերի` Ձեզ նշանակելու են ՀՀ գլխավոր դատախազ: Եթե նման առաջարկ լինի, կընդունե՞ք:
-Նման հարց չի քննարկվել, ես ցանկություն ունեմ, որ Աղվան Հովսեփյանը երկար տարիներ ղեկավարի: Ես չէի ուզի, որ մտածեն, թե Երիցյան Արմենը կիսատ թողեց, գնաց, ես կուզեմ մնալ եւ իմ աշխատանքը տանել առաջ:
«ԳԻՇԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԷԻ՝ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԽՈՍԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ