Երևանի Էրեբունի վարչական շրջանի «Սարի թաղ» թաղամասում աղբահանություն իրականացվում է շաբաթը մեկ կամ երկու անգամ: ArmLur.am-ը տևական ժամանակ է բողոք է ստանում վարչական շրջանի բնակիչներից.
Ըստ բնակիչների՝ համայնքում առկա է աղբամանների սղության, ինչպես նաև աղբահանության խնդիր: Քաղաքացիները գրեթե ամեն օր բախվում են նույն խնդրին:
Բանն այն է, որ աղբամանների սղության պատճառով, մարդիկ նախընտրում են աղբը գետնին գցել, քան տևական ժամանակ ձեռքի մեջ պահել, մինչև հասնեն աղբամանի մոտ: Իսկ ինչ վերաբերում է աղբահանության խնդրին՝ աղբը այնքան շատ է կուտակվում, որ առաջացնում է տհաճ հոտ, «համաճարակի բուն»:
Քաղաքացիները նշում են, որ խնդիրը առկա էր շատ վաղուց:
ArmLur.am-ը հասկանալու համար, թե ինչու վարչական համայնքում աղբահանությւոնը պատշաճ չի կատարվում, զրուցեց Կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Լևոն Հովհաննիսյանի հետ:
Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց. «Սարի թաղը, քանի որ խիտ բնակեցված է, այնտեղ ժողովրդի դռան առջև չեն կարողանում տեղադրել աղբամանները, քանի որ տեղ չկա: Մայթ էլ չունենք, որ տանենք մայթային հատվածում տեղադրենք, նույնիսկ քաղաքացիներն են բողոքում, որ հանեն աղբամանները»:
Մեր զրուցակցի խոսքով՝ աղբահանման խնդիրը լուծելու համար իրականացվում է «զանգային» աղբահանություն: Այսինքն մեքենան մոտենում է, զանգը տալիս և բնակիչները հանում, թափում են աղբը:
«Քանի որ Սարի թաղը ունի մոտ 48-ից 50 փողոց, չի հասցնում ամեն փողոց, ամեն օր մտնի: Աղբահանություն իրականացվում է շաբաթը մեկ կամ երկու անգամ, այդ հաճախականությամբ»,-եզրափակեց մեր զրուցակիցը:
Անահիտ Արզումանյան