ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձախողված նախարարը մեղքն ուրիշի վրա է «գցում». ինչու Փաշինյանն Ավանեսյանին չի «պատժում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցից Անահիտ Ավանեսյանն այսօր ուղղակի ճողոպրեց։ Նա հեռացավ այն բանից հետո, երբ լրագրողները սկսեցին նրան հարցուփորձ անել ոլորտում ձախողումների ու բացթողումների վերաբերյալ սեփական պատասխանատվության մասին։

Մինչ այդ՝ Ավանեսյանը հայտարարել էր, թե տեղակալ Արմեն Նազարյանին առաջարկել է տեղափոխվել այլ պաշտոնի.

«Հաշվի առնելով մեր կապիտալ շինարարությունների մեծ ծավալը և պատասխանատվության այն շրջանակը, որ անհրաժեշտ է իր վրա կրի համակարգող փոխնախարարը՝ հարմար եմ գտել, որ այլ անձի դիտարկեմ այդտեղ նշանակելու համար»։

Նաև պարզաբանել էր, թե ինչու է աշխատանքից ազատել Առողջապահական ԾԻԳ ղեկավար Երվանդ Էլիբեկյանին՝ ասելով, թե պաշտոնանկությունը կապված է եղել կապիտալ շինարարությունների ընթացքի կառավարման ու իր առջև դրված պահանջների կատարման հետ։

Այսքանից հետո լրագրողները հարցրել են իր՝ որպես նախարարի անձնական պատասխանատվության մասին.

«Ամեն մարդ պատասխանատու է իր շրջանակի կատարման պրոցեսի համար։ Այսքանը կարող եմ ասել»,- եղել է պատասխանը, երբ կրկին հարցրել են պատասխանատվության մասին, նա հեռացել է։

Մի կողմ թողնենք այն, որ Անահիտ Ավանեսյանի պատասխանը հայերենի առումով մեղմ ասած խայտառակություն է, հայերեն չէ։ Նա երբեք չի փայլել գրագետ ոսկեղենիկ հայերենով։

Բայց ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում խոսում և խոստովանում է իր ղեկավարած ոլորտում ձախողումների ու բացթողումների, թերությունների մասին։ Բայց արի ու տես, որ իր անձնական պատասխանատվությունը չի տեսնում՝ փոխարենը մեղքը քցելով ենթակաների վրա։

Իսկական դասական ՔՊ-ականի մտածելակերպ է. Նիկոլ Փաշինյանն էլ նույն կերպ Արցախի աղետն ու անկումը պատճառաբանելիս բոլորին մեղավոր է հանում՝ նախկիններին, զինվորականներին, ԼՂ ղեկավարությանը, քաղաքացիներին, քաղաքական ուժերին, բոլոր-բոլորին, բացի իրենից։ Մինչդեռ տեղի ունեցածի առաջնային պատասխանատուն ինքն է։

Նույնը նաև նախարար Անահիտ Ավանեսյանը, որը քաղաքական պատասխանատվություն է կրում իր ղեկավարած ոլորտում թերությունների համար, մինչդեռ ոչ միայն խուսափում է դրանից, այլև փախչում այդ մասին տհաճ հարցերից։

Երևի այս արժեհամակարգային նույն մոտեցումն է պատճառը, որ մասնագիտությամբ իրավաբան նախարարը երեք տարի ղեկավարում է առողջապահության ոլորտը, ձախողում, բայց և շարունակում պաշտոնավարել։

Այս ճեպազրույցի ժամանակ մի կարևոր փաստ էլ հիմնավորվեց. Ավանեսյանն ասաց, թե տեղակալի պաշտոնանկությունը ոչ թե կոնկրետ Մարտունու բկ-ում խնդիրների հետևանք է, այլ ընդհանուր կապիտալ շինարարության ընթացքի հետ։ Այսինքն՝ ոչ թե ձախողել են մեկ բուժկենտրոնի շինարարությունը, այլև մյուսները։ Իսկ բուժկենտրոնների շինարարությամբ հպարտանալը իշխանության՝ Նիկոլ Փաշինյանի ու Ավանեսյանի «կանյոկն» է, ինչն էլ, փաստորեն, ձախողել են։

Միայն թե Ավանեսյանի բախտը մի հարցում բերել է, որ Փաշինյանը բուժկենտրոններ չի այցելել ու այնտեղ չի ցուցադրել իր «ցնցուղ-ծորակ-կախիչ» շոուները՝ նախարարի ձեռքը տալով հիվանդանոցներում օգտագորվծված անորակ ապրանքները։

Հետաքրքիր է՝ էլ ոլորտի ձախողումն ուրիշ ո՞նց է լինում։




Լրահոս