Ազգային Ժողովի 8-րդ գումարման 7-րդ նստաշրջան բերած նախագծի հաստատումից հետո, հնարավոր է, որ Հայաստանում այլեւս չլինեն վաստակավոր հռչակված արտիստներ, երգիչներ, դերասաններ, ճարտարապետներ եւ պետական կառավարման համակարգից անջատ գործող բնագավառի ներկայացուցիչներ։
Բանն այն է, որ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, ԱԺ է ուղարկել «ՀՀ պետական պարգեւների ու պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքի մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին» օրենքից եւ հարակից այլ օրենքներից հանել ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ ժողովրդական նկարչի, ՀՀ գիտության վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր ճարտարապետի, ՀՀ վաստակավոր շինարարի, ՀՀ վաստակավոր բժշկի, ՀՀ վաստակավոր իրավաբանի, ՀՀ վաստակավոր արտիստի, ՀՀ վաստակավոր նկարչի, ՀՀ արվեստի վաստակավոր գործչի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մանկավարժի, ՀՀ վաստակավոր լրագրողի, ՀՀ տնտեսության վաստակավոր աշխատողի, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի, ՀՀ վաստակավոր մարզչի կոչումները:
Ստացվում է այնպես, որ, ըստ հեղափոխական իշխանության, եթե մարդը պետական պաշտոնյա չէ, արժանի չէ պետական կոչման կամ պարգեւատրման։
Նախագծի ակնկալվող արդյունքը հետեւյալն է.
«Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է օրենքով սահմանված բնագավառներում գործող մասնագետների համար ապահովել հավասար պայմաններ ինքնադրսեւորվելու ու գործելու, այդ թվում՝ ստեղծագործելու համար, ապահովել առանձին մասնագիտական հանրույթների ներսում առողջ մրցակցության ու բարոյահոգեբանական պատշաճ մթնոլորտի ձեւավորման, առանձին ոլորտներում օբյեկտիվ չափանիշներով աչքի ընկած մասնագետներին խրախուսելու արժանիքահեն, չափելի ցուցանիշների եւ մրցութային համակարգի վրա հենված գործիքակազմի ներդրում»։
Բանն այն է, որ սրանք ամենեւին էլ հավասար պայմաններ չեն, եւ սա արտոնություն է իշխանությունների հետ սերտ հարաբերություններ ունեցող արտիստների համար։
Այսինքն՝ 2024 թվականից, հնարավոր է, դադարի ՀՀ վաստակավոր մարդկանց պարգեւատրումը, եւ շատ ոլորտներ, ինչպես երաժշտությունը, գիտությունը, ճարտարապետությունը, սպորտը, թատերական ոլորտները, լրագրությունը, չունենան ոլորտի լավագույն մասնագետի պատշաճ օրինակ։
Այս ամենից հետո մի հարց է մնում՝ ինչպե՞ս է Ալեն Սիմոնյանը Սուպեր Սաքոյին խոստացած վաստակավոր արտիստի կոչումը տալու. գուցե իրեն օգնական նշանակելո՞վ, քանի որ ՀՀ-ում այլ արժանավորներ չկան, չեն լինելու, բացի պետական պաշտոնյաներից։
Իշխանական պատգամավորների գործուղումները ոչ միայն որեւէ օգուտ չեն տալիս մեր երկրին, այլեւ, ընդհակառակը, երբեմն զուգադիպությամբ բացասական հետեւանքներ են ունենում Հայաստանի Հանրապետության համար: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ֆրանսիական Le Point պարբերականը, հայտնում է. «Թուրքիայի ճնշմամբ Ռուանդան հեռացրել է Հայոց ցեղասպանության մասին հիշատակումը տուտսիների ցեղասպանությանը նվիրված թանգարանից»: Թե ինչու է Արեւելյան Աֆրիկայում գտնվող այս երկիրը (որն առանձնապես դիվանագիտական հարաբերություններ չունի Հայաստանի հետ) որոշել նման քայլի գնալ, հասկանալի է: Իսկ ի՞նչ են անում այդ ուղղությամբ գործող իշխանությունները, որոնք հեռու են արտաքին քաղաքականությունից ու դիվանագիտությունից: ԱԺ պատգամավորները, որ պետական բյուջեի հաշվին պաշտոնական այցերով որեւէ երկիր են գնում, փաստորեն, ոչ թե աշխատում են, խորհրդարանական դիվանագիտություն իրականացնում, այլ հաճախ շրջագայում են որպես տուրիստներ: Օրինակ՝ դեռ 2022թ.-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկշաբաթյա աշխատանքային այցով պետբյուջեի հաշվին մեկնել էր Ռուանդա՝ Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովի աշխատանքներին մասնակցելու համար: Պատվիրակության կազմում 7 անձ էր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Հասմիկ Հակոբյանը եւ այլոք: Նախորդ տարի էլ, նույն Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ, ՔՊ-ական պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանն էր հուլիսի 16-21-ը գործուղվել Ռուանդա՝ մասնակցելու «Կանայք ներկայացնում են» խորագրով կոնֆերանսին: Ստացվում է, որ հայրենի իշխանությունները մեծ թվով գումարներ են ծախսում գործուղումների մեկնելու համար, հետո պատճառաբանում են, թե այս գործուղումներով դիվանագիտական կապեր են հաստատում այլ երկրների հետ՝ հանուն պետական շահի, բայց իրականում դրանք ոչ մի կերպ չեն ծառայում մեր պետությանը: Ապացույցը Ռուանդայի կողմից կայացված խայտառակ հակահայկական որոշումն է, որի մասին, ի դեպ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի հայտարարել ոչինչ: Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը չի կարողանում անգամ հեռավոր Աֆրիկայում գտնվող մի երկրի հետ կապեր հաստատել, որ գոնե եղած ավանդույթներն ու կառույցները պահպանվեն: Ձախողումներ են ամենուր:
2024 թվականի հունվարի մեկից հաստատվել են ավտոկայանատեղիների կարմիր գծերի նոր գները, եւ տարեկան սպասարկման գինը 160 հազար դրամ է։ Ուսումնասիրելով հաստատված օրենքի նշված կետը՝ «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ դրանք ամենեւին էլ տարեկան վճարներ չեն: Եթե ավտոկայանման 1 տարվա համար ցանկանում եք վճարել, օրինակ, մարտի 1-ից, ապա ստիպված պետք է լինեք վճարել նույն 160 հազար դրամը։ Բացատրենք՝ ինչպես. օրենքը սահմանում է, որ յուրաքանչյուր ժամանակահատվածում կատարած վճար, որը ենթադրում է մեկ տարվա սպասարկում, գործում է ոչ թե մինչեւ հաջորդ տարվա նույն ժամանակահատվածը, այլ տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը՝ ժամը 00:00-ն: Այսինքն՝ 6 ամսվա համար էլ, 12 ամսվա համար էլ նույն 160 հազար դրամը պետք է վճարի երեւանցին: Ստացվում է, որ քաղաքացիները եթե վճարեն հունվարից կամ ավելի ուշ՝ մայիսից, հունիսից կամ սեպտեմբերից, միեւնույնն է, նույն 1 տարվա սպասարկման վճար է գանձվելու՝ 160 հազար դրամ, եւ այն ուժի մեջ կմնա մինչեւ դեկտեմբերի 31-ը։ Եղավ այնպես, որ կայանատեղիների վճարները ոչ թե Կենտրոնը բեռնաթափելու, այլ քաղաքային բյուջեն հարստացնելու եւ պարգեւավճարների ձեւով հեղափոխականների գրպաններ լցնելու համար են։ Այլ կերպ ասած՝ թալան՝ քաղաքացիների գրպանի հաշվին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տոներից հետո նախաքննական մարմինը որոշել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործով հարցաքննել միջադեպի մյուս մասնակիցներին: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ անգամ բարձրացվել է հարցը, որ միգուցե Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին ճանաչեն տուժող։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։ Իսկ ի՞նչ էր արել Սոնա Աղեկյանը քաղաքապետարանում միջադեպի ժամանակ: Ավագանու անդամ Անի Խաչատրյանը ամբիոնից հնչեցրեց հայտարարություններ, որոնք դահլիճում կրքերը թեժացրին: Ու երբ Անի Խաչատրյանը լքեց ամբիոնը եւ վերադառնում էր նստելու իր տեղը, ավագանու անդամ Սոնա Աղեկյանը բաժակի ջուրը լցրեց նրա վրա, ինչից հետո սկսվեց ողջ կռիվը։ Փաստ է մեկ բան. արդեն միջադեպից անցել է շուրջ 2 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։ Ըստ նախաքննական մարմնի՝ Սոնա Աղեկյանը ընդամենը ջուր է լցրել Անի Խաչատրյանի վրա, մինչդեռ Խաչատրյանը բռնել է նրա մազերից ու քաշքշել։ Շարունակությունը՝ ArmLur.am կայքում: