ԲՏԱ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՐԿԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզաբանում է ներկայացրել «ՄՏՍ-Հայաստան»-ին առնչվող որոշման նախագծի վերաբերյալ, որը հանձնաժողովը կքննարկի հունվարի 17-ի նիստում։

 

ԶԼՄ-ների հետ զրույցում ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետի տեղակալ Արմեն Հունանյանը նշեց, որ մամուլում տարընկալում է եղել հանձնաժողովի կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի վաճառքին առնչվող նախորդ որոշման եւ առաջիկայում քննարկվելիք որոշման նախագծի մասով։

Նա պարզաբանեց, որ նախորդ որոշմամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը համաձայնություն է տվել «ՄՏՍ Արմենիա»-ի վաճառքին Կիպրոսում գրանցված «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությանը, իսկ առաջիկայում քննարկվելիք որոշումը վերաբերում է «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական ընկերության կողմից «ՄՏՍ Արմենիա»-ի բաժնետոմսերը 100 տոկոսով ձեռք բերելու հայտին։

«Այսինքն՝ նախորդ որոշմամբ հանձնաժողովը տվել է այլ գործարքի համաձայնություն, իսկ այս նախագիծը, որը նախատեսվում է քննարկել հունվարի 17-ին, այլ գործարքի մասին է։  Ըստ այդմ՝ նախատեսվում է ներկորպորատիվ գործարք իրականացնել, այսինքն՝ ընկերության նկատմամբ իրավական վերահսկողություն իրականացնող «Մոբիլնիե Տելեսիստեմի» (ՄՏՍ) ռուսական ընկերությունը ցանկանում է «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹ ԼԻՄԻԹԵԴ» ընկերությունից ձեռք բերել վերջինիս պատկանող ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը՝ այդպես դառնալով ուղղակի բաժնետերը»,- տեղեկացրեց Հունանյանը։

Նրա խոսքով՝ գործարքի մերժման որոշման հիմքում, որը քննարկվելու է հունվարի 17-ին, ընկած է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բացասական դիրքորոշումը, ըստ որի՝ գերատեսչությունը, ելնելով պետական շահից, առարկել է տվյալ գործարքին։ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ՀԾԿՀ-ն նման գործարքների վերաբերյալ դիրքորոշում է ձեւավորում՝ այն քննարկելով իրավասու մարմնի, տվյալ դեպքում՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ։

«Քանի որ նախարարությունն առարկել էր, ապա օրենքի եւ մեր նորմատիվ իրավական կարգավորումների հիմքերով մենք, բնականաբար, պետք է այդ գործարքի համաձայնեցման տրամադրումը մերժենք, ինչը եւ նախատեսել ենք քննարկել մեր հանձնաժողովի հունվարի 17-ի նիստում։ Իսկ ՀԾԿՀ-ի նախորդ որոշումը, որով համաձայնություն էր տրվել հսկողության փոխանցման գործարքին, ապա դրա առարկան այլ է։ Մեր հանձնաժողովը՝ որպես պետական կարգավորող մարմին, իրավունք է տալիս այս կամ այն գործարքը իրականացնել, իսկ թե հետագայում այդ գործարքը տեղի կունենա, թե ոչ, դա արդեն ընկերության եւ հնարավոր գնորդի կամ հնարավոր գործարքի մաս կազմող ընկերության միջեւ գտնվող տիրույթում է։ ՀԾԿՀ-ի որոշումները, ըստ էության, իրավունքներ են՝ տալ կամ չտալ այդ գործարքներն իրականացնելու համար»,- պարզաբանեց Հունանյանը։

Ըստ նրա՝ ընկերությունը կարող է մի քանի հնարավոր գործարքի վերաբերյալ զուգահեռաբար մի քանի հայտ ներկայացնել, որպեսզի պետությունն էլ դրանք գնահատի, եւ այդ գնահատականի հիման վրա էլ ընկերությունն իր հետագա քայլերն անի։ Նա հիշեցրեց, որ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն երկու տարբեր հայտեր է ներկայացրել, որպեսզի դրանց մասով պետությունից ստանա համաձայնություն։

Հունանյանի կարծիքով՝ մամուլում տարընկալում է եղել ՀԾԿՀ-ի նախորդ որոշման եւ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի այժմյան նախատեսվող նախագծի մասով։

 

 

 

ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ՃԻՇՏ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հունվարի 12-ին եւ 13-ին կազմակերպվել է «Փաստահավաք առաքելության կարողությունների զարգացում» խորագրով աշխատաժողով:

 

Երկօրյա միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելու կարողությունները:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդես է եկել բացման խոսքով։

«Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ այս աշխատաժողովը վերաբերում է շատ առանցքային հարցի, այն է` փաստահավաք աշխատանքների իրականացման ճիշտ մեթոդաբանությանը։ Ես՝ որպես Մարդու իրավունքների պաշտպան, չափազանց կարեւորում եմ, որ մեր աշխատակազմն այս ոլորտում ունենա զարգացած կարողություններ եւ պատշաճ հմտություններ»,- ասել է Պաշտպան Անահիտ Մանասյանն իր բացման խոսքում:

Աշխատաժողովին, որպես փորձագետներ, ներգրավվել են իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, սոցիոլոգներ Ավետիք Մեջլումյանն ու Գոհար Խաչատրյանը եւ իրավաբան Սոնա Ազատյանը, որոնք ներկայացրել են փաստահավաք աշխատանքներ կատարելու վերաբերյալ ուղեցույցը եւ պատասխանել մասնակիցների հարցերին:

Միջոցառման շրջանակներում հատուկ անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների կողմից փաստահավաք աշխատանքների մեթոդաբանությանը, առանձնահատկություններին ու գործնական խնդիրներին:

Միջոցառման ինտերակտիվ հատվածում Պաշտպանի աշխատակազմը կատարել է առաջադրանքներ, հնարավորություն է տրվել մշակել փաստահավաք գործունեության նպատակներին համահունչ հետազոտական գործիքներ եւ ներկայացնել արդյունքները:

Աշխատաժողովը կազմակերպվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի կառույցների կողմից իրականացվող «Հաշվետու հաստատություններ եւ մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված նման միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

 

 

ՄԱՐԶԱԴԱՇՏԸ ՉԻ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ

Տավուշի մարզի Բերդ համայնքի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղի ֆուտբոլի մարզադաշտը անցած 5 տարում չի կառուցապատվել։ 2018 թվականի մարտի 25-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն աշխատանքային այցով մեկնեց Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղ, որտեղ Բերդ խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ քննարկեց մարզադաշտի վերակառուցման հարցերը: Ռուբեն Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ Ն. Կարմիրաղբյուրի մարզադաշտը կկառուցվի բոլոր չափորոշիչներին համապատասխան, կկառուցվեն նաեւ հանդերձարաններ, մինչեւ 2018 թվականի  սեպտեմբեր շատ գեղեցիկ մարզադաշտը կբացվի։ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո իրավիճակ փոխվեց։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գումար է հատկացրել Վ. Կարմիրաղբյուրի  խաղադաշտի կանաչ ծածկը ոռոգելու համար, այդ նպատակով ոռոգման ջրագիծ է կառուցվել, որից օգտվում են նաեւ գյուղի բնակիչները, որոշ չափով հարթեցրել են խաղադաշտը, սակայն ֆեդերացիայի կողմից խոստացված՝ խաղադաշտի ծածկի անհարթությունները, խորդուբորդությունները հարթեցնող տեխնիկա այդպես էլ գյուղ չի տարվել։ Բացակայում են խաղադաշտի դարպասները, գծանշումները։ Ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից գյուղ ուղարկած մարզագույքը մի սենյակում փակ է, համայնքին գույքի հանձնում-ընդունում չի կատարվել։ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն  Առաքելյանը  հայտնեց, որ ՀՖՖ նախագահ Արմեն Մելքիբեկյանը եւ նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանը լավատեղյակ են Ներքին Կարմիրաղբյուրի մարզադաշտի խնդրին: Արմեն Մելիքբեկյանը խոստացել է, որ մարզադաշտի պահպանությունը, խնամքն իրականացնելու համար  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեկ հաստիք է հատկացնելու, սակայն այդ խոստումն իրականություն չի դարձել։ Ներքին Կարմիրաղբյուրը Տավուշի մարզի սահմանամերձ, ադրբեջանական ռմբակոծություններից ու գնդակոծություններից խիստ տուժած գյուղ է. այդ բնակավայրի նկատմամբ նման  վերաբերմունքն անթույլատրելի է։  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան անցած 4 տարում ՈՒԵՖԱ-ից եւ ՖԻՖԱ-ից ավելի քան 35 միլիոն եվրո է ստացել, սակայն սահմանամերձ Ն. Կարմիրաղբյուրի մարզադաշտը շահագործման չի հանձնել։ Հայաստանում իշխող իջեւանյան կլանի ֆուտբոլային թեւի ղեկավար, արմատներով Տավուշի մարզի  Իջեւանի Աչաջուր գյուղից Արմեն Մելիքբեկյանն անցած  տարվա դեկտեմբերի 23-ին  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ  վերընտրվեց, սակայն Ն. Կարմիրաղբյուրի ֆուտբոլի մարզադաշտի բազմաչարչար խնդիրն այդպես էլ չի լուծում։

 ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ




Լրահոս