ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության աջակցությամբ «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ն արդեն երեք տարի է՝ իրականացնում է «Ինքնության դարբնոց» ծրագիրը: Այն կրում է շարունակական բնույթ եւ 2024 գարնանը կտրվի ծրագրի մեկնարկը:

 

«Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում ժողովրդական արվեստին նվիրված անվճար դասընթացներ են անցկացվում հասարակության մի շարք խոցելի խմբերի համար։ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը պատրաստ է հնարավորության սահմաններում ծրագրի շահառուներին, համագործակցող կազմակերպություններին ներառել իր հետագա ծրագրերում եւ աջակցել արհեստների ոլորտում իրենց առաջին քայլերն անող վարպետներին: Այժմ թանգարանում անցկացվում են տարբեր արհեստների դասընթացներ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար։ Տեղեկացնենք, որ 2023 թ. «Ինքնության դարբնոց» ծրագիրն իրականացվել է Երեւանում, Վայոց ձորի եւ Տավուշի մարզերում։ Ծրագրի շրջանակում անցկացվել են Ստվերների թատրոնի, փայտարվեստի, կարպետագործության եւ ասեղնագործության, թաղիքագործության դասընթացներ: 2023 թվականին Ստվերների տիկնիկային թատրոնի դասընթացները ներառվել են ծրագրում՝ հաշվի առնելով, որ այն ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Թանգարանը համագործակցել է «Այրոգի» ստվերների թատրոնի հետ։ Դասընթացի արդյունքում ձեւավորվել է 4 թատերական խումբ, որոնք Ստվերախաղքի ազգային երրորդ փառատոնին տարբեր անվանակարգերում արժանացել են մրցանակների։ Փայտարվեստի դասընթացներն անցկացվել են Երեւանում՝ թանգարանի փայտարվեստի ցուցասրահում, եւ Վայոց ձորում՝ «Փայտփորիկ» նախաձեռնության համագործակցությամբ: Մասնակիցները պատրաստել են գդալ-շերեփներ, թիակ-խառնիչներ, գաթանախշիչներ, դաղդղաններ եւ կախազարդեր, ծանոթացել են Ժողովրդական արվեստների թանգարանի փայտարվեստի լավագույն նմուշների զարդանախշերին: Կարպետագործության դասընթացներն անցկացվել են Իջեւան քաղաքում՝ «Թելիկ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Դասընթացների առանցքում է եղել շուլալ կարպետը, որը եւս ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Մասնակիցները նշված տեխնիկայով գործել են փոքրիկ կարպետներ: «Ինքնության դարբնոց» ծրագրի շրջանակում «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում երեխաները ծանոթացել են հայկական գորգագործության եւ կարպետագործության հիմնական զարդանախշերին: Կարպետագործության դասընթացներ են անցկացվել նաեւ Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում եւ Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Ժողովրդական արվեստի հետ շփումից զատ, այս դասընթացները բարերար ազդեցություն ունեն մեծահասակների եւ հատուկ կարիքներ ունեցող երեխաների առողջության, ժամանցի արդյունավետ կազմակերպման գործում: Ծրագրի շրջանակում «Ջերմիկ անկյուն» խմբային տան Առինջի մասնաճյուղի հաշմանդամություն ունեցող անձինք զբաղվել են թաղիքագործությամբ, որը եւս ընդգրկված է ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում։ Դասերն անցկացվել են «Կենաց տուն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրն այս երեք տարիների ընթացքում իրականացվել է Երեւանում, Տավուշի, Վայոց ձորի եւ Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի իրականացման ընթացքում աշխատանքով ապահովվել են ժողովրդական արվեստի ոլորտի ութ մասնագետ։ Ծրագրի միջոցով շուրջ 200 շահառու ծանոթացել է ժողովրդական արվեստին, հանդես եկել որպես ստեղծագործող:

 

 

ՄԵԴԱԼՆԵՐ ԵՆ ՆՎԱՃԵԼ

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները Սլովենիայի միջազգային մրցաշարի թիմային պայքարում եւս մեդալներ են նվաճել:

ISSF Grand Prix-ում` Սլովենիայի միջազգային մրցաշարում, Էլմիրա Կարապետյան-Բենիկ Խլղաթյան թիմային զույգը 10մ օդամղիչ ատրճանակ միքս մրցաձեւում նախ 579 (291/288) միավորով անցավ եզրափակիչ փուլ, ապա եզրափակչում մրցելով Չեխիայի թիմի հետ՝ 17:15 հաշվով դարձավ մրցաշարի հաղթող։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները` Նարե Գաբրիելյան-Գեւորգ Մելքոնյան թիմային զույգը, 16:14 հաշվով հաղթելով Հունգարիայի թիմին, դարձավ մրցաշարի բրոնզե մեդալակիր:

Մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկավ նաեւ Հրաչ Բաբայանը։ 10մ օդամղիչ հրացան տղամարդկանց պայքարում 622,7 միավոր արդյունքով Բաբայանը գրավեց 38-րդ հորիզոնականը։

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է

Երեւանի «Արարատ-Արմենիա»-ն շարունակում է համալրել կազմը. այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի ծառայությունը: Մերձմոսկովյան «Խիմկի»-ից վարձակալության հիմունքներով մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտն «Արարատ-Արմենիա» ակումբ է տեղափոխվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, 28-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։

2019-2020 թթ. Պետրոս Ավետիսյանը հանդես է եկել «Արարատ-Արմենիա»-ում՝ թիմի հետ 2 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Ավետիսյանը ֆուտբոլային իր կարիերան սկսել է «Բանանց»-ում, կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկ»-ի ու «Նոա»-ի, ինչպես նաեւ ղազախական «Տոբոլ»-ի, «Շախտյոր»-ի, «Ակժայիկ»-ի եւ «Մակտաարալ»-ի կազմերում։




Լրահոս