ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՈՉ ԹԱՓԱՆՑԻԿ ԴԱՐՁՆԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թվականի դեկտեմբերի 19-ին իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am կայքում հրապարակվել է ««Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով նախատեսվում է «Տեղեկատվության ազատության մասին» գործող օրենքը վերանվանել «Տեղեկատվության ազատության եւ հանրային տեղեկատվության մասին» օրենք:

 

Ըստ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ օրենքի նախագծի նպատակը հետեւյալն է.

«Այն նպատակ ունի հնարավորություն ստեղծել առավել արդյունավետ կերպով իրականացնել Հայաստանի թվայնացման, կառավարության, տնտեսության եւ հասարակության թվային փոխակերպման նպատակները»։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի փորձագետ Լիանա Դոյդոյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ չի կարող տեղեկատվության ազատության մասին իրավունքը զուգակցվել տվյալների դասակարգման, պահպանման եւ մշակման տեխնիկական լուծումներ առաջարկող օրենքի հետ եւ դառնալ մեկ ընդհանուր օրենք։

«Սա Կենտրոնի դիրքորոշումն է եղել ի սկզբանե, երբ սկսել են մշակել տվյալների վերաբերյալ օրենսդրությունը։ Երբ ԻԱԿ-ը Կառավարության հետ միասին քննարկել է այս օրենքի նախագիծը, Կենտրոնը՝ որպես 22 տարի այս ոլորտում գործող կառույց, տվել է փորձագիտական աջակցություն։ Ի սկզբանե հարցը դրվել է մեր կողմից, որ տվյալների դասակարգման եւ մշակման օրենքի նախագիծը չի կարող «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի շրջանակներում լինել եւ մաս կազմել»։

Ըստ Լիանա Դոյդոյանի՝ անթույլատրելի է մի օրենքի տակ մտցնել երկու՝ իրար հետ կապ չունեցող օրենք։ Նախագծի ներկայացման պատճառներից մեկն այն է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ  օրենքով չի կարգավորվում տվյալների դասակարգման եւ մշակման հատվածը, որից էլ բխել է օրենքի նման նախագիծ ներկայացնելը։ Բանն այն է, որ մինչ օրս Կառավարությունն այս հարցում որեւէ կարգավորում չի սահմանել, եւ, չգիտես՝ ինչու, առանձին օրենքի նախագիծ ներկայացնելու փոխարեն, այն խցկում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում։

«Օրենքի նախագծի հիմնավորումը տվյալների մշակման, վերլուծության եւ դասակարգման մասին գործողություններ են, այսինքն՝ այս նախագծի հիմնավորումը որեւէ կապ չունի տեղեկատվության ազատության օրենսդրության հետ։ Մեր մոտեցմամբ սա գիտելիքի պակասի, մասնագետների պակասի, չուզենալու ընկալելու մոտեցում է եղել, որովհետեւ Կենտրոնը բազմիցս իր մոտեցումը գրավոր փոխանցել է Կառավարություն, որում ասվում է՝ պետք է այս երկու օրենքներն անջատել իրարից։ Մեզ բազմիցս հավաստիացրել են, որ այդպես են անելու, քանի որ ներկայացրել ենք հստակ հիմնավորումներ։ Բայց, ի վերջո, շատ անակնկալ կերպով տարեվերջին անկախ խորհրդակցությունից այն  հայտնվել է իրավական ակտերի նախագծերի միասնական e-draft.am հարթակում»,- հավելեց Դոյդոյանը։

Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում նախագծին կողմ քվեարկել են 26 հոգի, իսկ դեմ՝ 9-ը։

Նախագծով՝

«փոփոխվել են ՏԱ օրենքի որոշ հասկացություններ, որոշ կարգավորումների ձեւակերպումներ այն պարագայում, որ փոփոխությունների արդյունքում կան թյուրըմբռնումների տեղիք տվող եզրույթներ, վիճելի ձեւակերպումներ եւ միմյանց հակասող դրույթներ,

«կան տեղեկատվության ազատության իրավունքի տեսանկյունից խնդրահարույց ծավալուն լրացված դրույթներ եւ կարգավորումներ, որոնք ուղղակիորեն կապ չունեն տեղեկատվության ազատության իրավունքի հետ,

«խեղաթյուրված է տեղեկատվության ազատության անկախ լիազոր մարմնի գաղափարը, եւ ներկայացվող մոդելը որեւէ առնչություն չունի ՏԱ լիազոր մարմնի միջազգային լավագույն փորձի հետ։

Երեւանի մամուլի ակումբի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ այս նախագծով քայլ է արվում խոչընդոտել պետական կառույցների թափանցիկ աշխատանքին, մանավանդ՝ լրատվամիջոցների հետ։

«Մենք եւս դեմ ենք արտահայտվում, ինչպես բոլոր լրագրողական կազմակերպությունները, եւ գտնում ենք, որ այն փոփոխությունները, որոնք առաջարկվում են, ընդհանրապես պետք է կապ չունենան «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հետ. դրանք լրիվ այլ դաշտից են։ Եթե դրանք ընդգրկվեն նշված օրենքում, այդ օրենքի արդյունավետությունը կորչում է։ Եթե տվյալների պահպանությունը խառնվում է տեղեկատվության ազատության հետ, դա դառնում է խոչընդոտ պետական կառույցների աշխատելու համար։ Տվյալների պահմանության պատրվակով փորձում են պետական կառույցների աշխատանքը ոչ թափանցիկ դարձնել։ Մենք փորձում ենք հասկացնել եւ պնդել, որ այդ երկու հարցերը իրարից անջատ դիտարկվեն»։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԳԾԵԼՈՒ ՄՈԼՈՒՑՔՈՎ ՏԱՐՎԱԾ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Էդգար Արմենի Կուչուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2023 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 19:20-ի սահմաններում, Երեւան քաղաքի Գայի պողոտա 43-րդ շենքի 3-րդ շքամուտքի մոտ քննությամբ չպարզված երկու այլ անձանց հետ մոտեցել է Արթուր Աշոտի Չախոյանին եւ հարցրել. «Չճանաչեցի՞ր ինձ»: Սրան ի պատասխան՝ վերջինս հայտնել է՝ ոչ:

 

Դրանից հետո, տրված պատասխանը որպես առիթ օգտագործելով, ինքնությունները չպարզված անձանց հետ խմբի կազմում, գիտակցելով եւ փոխլրացնելով միմյանց գործողությունները, խուլիգանական դրդումներով, այն է՝ չնչին առիթով, սեփական անձի առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հարձակվել են Արթուր Չախոյանի վրա, ոտքերով եւ ձեռքերով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ ստորին շրթունքի արյունազեղման, որովայնի, զույգ ծնկան հոդերի շրջանների քերծվածքների տեսքով վնասվածքներ: Էդգար Կուչուկյանը եւ չպարզված երկու անձինք դիմել են փախուստի, ինչի ընթացքում Էդգար Կուչուկյանին մոտենալուց հետո վերջինս ոտքի է կանգնել եւ գրպանից հանելով դանակը՝ հարվածներ է հասցրել Ա. Չախոյանի որովայնի ձախ հատվածին եւ զույգ դաստակների շրջաններին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող՝ կրծքավանդակի ձախ կեսի քերծվածքի եւ զույգ դաստակների շրջաններին կտրված վերքերի ձեւով մարմնական վնասվածքներ:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՔՍԱՆԵՆԳՈՒԹՅՈՒՆ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ իրացնելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2024թ. հունվարի 11-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնից ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն հաղորդում է ստացվել այն մասին, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում Ճակատեն բնակավայրի մոտ՝ ոստիկանական հենակետում, առանձնապես խոշոր չափերով թմրանյութ իրացնելու կասկածանքով, կանգնեցվել է «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենա, որի խուզարկությամբ հայտնաբերվել են 10 կիլոգրամից ավելի քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ։

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու եւ իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ վերոհիշյալ ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը ձերբակալվել են եւ ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Պարզվել է որ ավտոմեքենայի խցիկում հայտնաբերված թմրամիջոցների նմանվող զանգվածի ընդհանուր քաշը կազմել է շուրջ 12 կգ։

Քննչական, ինչպես նաեւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը, նախնական պայմանավորվածություն ունենալով ԻԻՀ՝ քննությամբ դեռեւս ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ, հունվարի 11-ին մեկնել են հայ-իրանական սահմանի համապատասխան տեղանք, որտեղից վերցրել են պոլիէթիլենային երեք խոշոր փաթեթներով ԻԻՀ-ի տարածքից մաքսանենգ ճանապարհով փոխանցված թմրանյութերը, տեղափոխել դրանք ավտոմեքենայի խցիկ եւ հեռացել, սակայն ետդարձի ճանապարհին օպերատիվ տվյալների իրացման արդյունքում բռնվել են ոստիկանության ծառայողների կողմից։

Ձեռք բերված փաստերի հիման վրա՝ նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, եւ նշված երկու անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների շրջանառությունը) եւ 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությունը)։

Որպես խափանման միջոց՝ վերջիններիս նկատմամբ ընտրվել է կալանավորումը։

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը, ինչպես նաեւ ապօրինի շրջանառության ողջ շղթան պարզելու ուղղությամբ:

ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

 

 

 




Լրահոս