ՀՈՊՌՏ Sputnik ընկերության գլխավոր խմբագիր Կիրիլ Վիշինսկին ափսոսանք է հայտնել, որ 2023-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին «Սպուտնիկ Արմենիա» ռադիոընկերության եթերում «հնչել են արմատական կտրուկ արտահայտություններ, որոնք ակնհայտորեն հակասում են ՀՈՊՌՏ Sputnik-ի խմբագրական քաղաքականությանը»։
Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության հեռուստաընկերության եւ ռադիոյի հանձնաժողովի մամուլի ծառայությունից՝ ընդգծելով, որ ՀՈՊՌՏ Sputnik-ի խմբագրի նամակի առիթը ՀՌՀ-ի՝ 2023-ի դեկտեմբերի 20-ի որոշումն էր, որով հանձնաժողովը վարչական վարույթներ հարուցեց եւ 30 օրով կասեցրեց Երեւանում «Սպուտնիկ Արմենիա»-ի 106.0 հաճախականությամբ վերահեռարձակվող «Տոսպա» ընկերության լիցենզիան։
ՀՌՀ-ի որոշման հիմքում «Ուրբաթը Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման բովանդակությունն էր, որտեղ, ըստ ՀՌՀ եզրակացության, օտարերկրացի հեղինակը թույլ է տվել Հայաստանի Հանրապետության, նրա քաղաքացիների ու ղեկավարության պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող եւ հեգնող արտահայտություններ, հրահրել է թշնամանք, հանդես եկել բռնություն պարունակող կոչերով ու խախտել մատուցվող լսողական ծառայությունների էթիկական նորմերը:
Մեկ այլ որոշմամբ՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը «Տոսպա» ընկերությանը տուգանել է 500 հազար դրամով՝ հիմք ընդունելով «Աբովյան Թայմ» հաղորդման ժամանակ հնչեցված բովանդակությունը։ Այստեղ հանձնաժողովը տեսել է պնդումներ, որոնք խուճապ են տարածում, հիմնված չեն ստուգված եւ հավաստի աղբյուրների վրա։
ՀՈՊՌՏ Sputnik-ի գլխավոր խմբագիրն իր հայտարարությունում ասել է, որ իրենց առաքելությունն է արտասահմանյան լսարանին ներկայացնել Ռուսաստանի՝ «որպես ուժեղ եւ բարեկամ պետության արդար կերպարը, որն ունի բարի մտադրություններ»։ Նրա կարծիքով՝ դա հատկապես կարեւոր է ՌԴ-ում ապրող հայերի համար, «որոնց համար Հայաստանը փոքր հայրենիք է, իսկ նրա մեդիա տարածքը՝ ամենօրյա հետաքրքրության առարկա»։
Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան այդ մեդիան հեռարձակելու լիցենզիա ստացած «Տոսպա» ռադիոընկերությունը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ՝ վստահեցնելով, որ ձեռնարկել է քայլեր վարչական վարույթներում նշված խնդիրներն անմիջապես շտկելու համար: Օրինակ՝ «Ուրբաթ Տիգրան Քեոսոյանի հետ» եւ «Աբովյան թայմ» հաղորդումներն այլեւս եթերում չեն լինի։
«Տոսպա» ռադիոընկերության խմբագրությունը չի կիսում եւ դատապարտում է «Ուրբաթը՝ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդման շրջանակներում հեղինակի կողմից արված վիրավորական բնույթի արտահայտությունները եւ ափսոսում է ՀՌՀ կողմից նման խիստ որոշումների համար»,- ասված է հայտարարությունում:
ՀՈՊՌՏ Sputnik-ի գլխավոր խմբագիրը վստահություն է հայտնել, որ «նյարդայնացնող այն տհաճությունը», որն առաջացել էր եթերում հնչած արմատական արտահայտությունների պատճառով, կսպառվի:
Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը վստահեցնում է, որ հատուկ ուշադրության կենտրոնում կպահի այլ պետությունների պատրաստած եւ ՀՀ ինքնիշխան տարածքում վերահեռարձակվող տեսալսողական մեդիա արտադրանքի բովանդակությունը։
ՀՌՀ-ն հեռարձակողների ազատությունն ու անկախությունը երաշխավորող կառույց է, որն ուղղորդվում է բացառապես Հայաստանի ազգային շահերով եւ ժողովրդավարության սկզբունքներով ու նպատակ ունի ոչ թե տհաճ միջադեպեր ստեղծել, այլ պաշտպանել անաչառ, բազմազան, ոչ կողմնակալ ու զերծ քարոզչական ուղղվածությունից մեդիա բովանդակության ներկայությունը մեր տեղեկատվական տիրույթում։
«ՄԵՆՔ ՆԱԽԸՆՏՐԵՑԻՆՔ ԱՅԼ ՃԱՆԱՊԱՐՀ»
Հայաստանի պատմության թանգարանի համար 2023 թվականը եղել է բավական հագեցած, արդյունավետ տարի։ Նախորդ տարի թանգարանը կարողացել է տարբեր ձեւաչափերով Հայաստանի եւ արտերկրի հեղինակավոր թանգարաններում իրականացնել շուրջ երեք տասնյակ մշտական եւ ժամանակավոր ցուցադրություն, այդ թվում՝ առցանց տարբերակով, երկու միջազգային գիտաժողով եւ հինգ տասնյակից ավելի տարաբնույթ մշակութային միջոցառում։ Տարվա կտրվածքով թանգարանի այցելությունների թիվը կազմել է 78 000։ Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ այս բոլոր աշխատանքները կատարվել են թանգարանում իրականացվող արդիականացման աշխատանքներին զուգահեռ։
«Նման ծավալի արդիականացման աշխատանքների պարագայում շատ հաճախ թանգարանները փակվում են, եւ մինչեւ վերանորոգումն ամբողջությամբ չավարտվի, չեն բացվում։ Մենք նախընտրեցինք այլ ճանապարհ ու, արդիականացման աշխատանքներին զուգահեռ, շարունակեցինք մեր գործունեությունը, ծրագրերը ու լավ արդյունքներ գրանցեցինք»,-ասաց Դավիթ Պողոսյանը։
Տարին նշանակալի էր նաեւ թանգարանի հավաքածուի համալրման առումով։ 2023 թվականին թանգարանը ձեռք է բերել 2700 ցուցանմուշ, ու արդեն թանգարանի հավաքածուն գերազանցել է գրանցված ցուցանմուշների 400 000 շեմը։ Ձեռք են բերվել հնագիտական, ազգագրական նյութեր, հնատիպ գրքեր, դրամագիտական արժեքավոր նյութեր եւ այլն։
«Բավական հետաքրքիր հավաքածուներ են ներկայացված թանգարանում, հատկապես՝ դրամագիտական առումով։ 2023-ին առաջին անգամ մեծ ծավալի դրամագիտական ցուցահանդես ունեցանք։ Ունենք դրամի հավաքածու հելլենիստական, կիլիկյան շրջանից։ Կուզենայի առանձնացնել նաեւ բյուզանդական շրջանի դրամների մի ամբողջական հավաքածու, որը շատ կարեւոր ձեռքբերում է»,-ասաց Դավիթ Պողոսյանը։
Թանգարանի ցուցանմուշների թիվն ավելանում է, հավաքածուները համալրվում են, սակայն դրանց պահպանության առումով դժվարություններ կան։ Դավիթ Պողոսյանը նշեց, որ պահպանության համար շատ կարեւոր է լայնարձակ, անհրաժեշտ սարքավորումներով, վերականգնման լաբորատորիաներով զինված թանգարանային շենք ունենալը։ Այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, մասնավորապես՝ 2023-ին ձեռք է բերվել փաստաթղթերի վերականգնման համալիր։ Թանգարանն ունի գեղանկարների մի հավաքածու, որի վերականգնման առումով էլ աշխատանք է տարվում ֆրանսիացի գործընկերների հետ։
«Այժմ թանգարանում բոլորովին նոր համակարգեր են անցկացվում, որը հնարավորություն կտա ապահովել կայուն, ջերմախոնավությունն ու օդափոխությունը կարգավորվող համակարգ։ Ինչպես գիտենք, տարբեր նյութեր պահպանման տարբեր պայմաններ են պահանջում, հետեւաբար այս նոր համակարգը հնարավորություն կտա ցուցանմուշների համար ապահովել համապատասխան միջավայր»,-ասաց թանգարանի տնօրենը՝ հավելելով, որ համակարգն արդեն փորձարկման փուլում է, գարնանը սպասվում է գործարկումը։
ՊԵՏՔ Է ԱՇԽԱՏԵՆ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել են զինված ուժերում զինծառայողների կողմից խաղադրույքներ կատարելն օրենքով արգելելու հնարավորությանը։
Զինված ուժերում խաղադրույքների կատարումն օրենքով արգելելու մասին հունվարի 17-ին խոսել էր ՀՀ վարչապետը՝ նշելով, որ առաջիկայում համապատասխան նախաձեռնությամբ հանդես կգան։
Խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով թեմային, ընդգծեց, որ խաղամոլությունը ոչ միայն զինված ուժերի, այլ ընդհանրապես Հայաստանի քաղաքացիների համար չարիք է դարձել։
«Շատերն իրենց ընտանեկան, անձնական, աշխատանքային երջանկությունը կորցնում են՝ ընկնելով խաղամոլության ճիրանները։ Հայաստանի տնտեսության մեջ էլ բուքմեյքերական կազմակերպությունների չափաբաժինը եթե նայենք, կհասկանանք, թե ինչ խնդրի հետ գործ ունենք, բայց նաեւ դուք էլ եք նկատում, որ մեր քաղաքական թիմի համար խաղամոլության դեմ պայքարն առաջնահերթություն է։ Այս մասով մենք բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ ենք հեղինակել»,-նշեց պատգամավորը՝ հավելելով, որ խաղամոլության դեմ պայքարի որոշակի մեխանիզմներ մշակելու համար առանձնահատուկ քննարկումներ են տեղի ունեցել ոչ միայն բանակի հետ, այլեւ բոլոր ուժային կառույցներում։
Պատգամավորի խոսքով՝ տեխնիկական լուծումներ առկա են, որոնցից պետք է գտնել արդյունավետը. դա պետք է նաեւ պաշտպանական գերատեսչության հետ քննարկվի, քանի որ նախարարությունն ավելի լավ է տեղյակ խնդիրներին, որոնք գոյություն ունեն բանակում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ հավաստեց, որ այս փուլում արդեն արձանագրված է, որ դա խնդիր է ինչպես հանրության շրջանում, այնպես էլ զինված ուժերում, ինչը երբեմն հանգեցնում է ողբերգական հետեւանքների։
Պատգամավորի կարծիքով՝ այս խնդրի բալանսավորված լուծման մեխանիզմների շուրջ պետք է աշխատեն գերատեսչությունները։
«Խնդիրը պետք է համակողմանի ուսումնասիրել եւ տարբեր գերատեսչությունների տեսանկյունից նայել դրան՝ հասկանալու համար, թե ինչ օպտիմալ լուծում կարող ենք գտնել»,-համոզմունք հայտնեց Ջուլհակյանը՝ տեղեկացնելով, որ այս ուղղությամբ քննարկումներ արդեն սկսվել են, եւ բալանսավորված ու ճիշտ լուծումների առկայության դեպքում կոնկրետ քայլեր կձեռնարկվեն։