«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանի հետ:
-Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ հայտարարել է, որ Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, եւ անհրաժեշտ է ոչ թե բարեփոխել մայր օրենքը, այլ բոլորովին նորն ընդունել։ Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը հանկարծ նման որոշում կայացրեց, արդյոք Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:
-Ինքս իմ նախաձեռնությամբ այդ հարցադրմանը չեմ անդրադառնում, քանի որ այն, իմ խորին համոզմամբ, չունի օրակարգային արդիական կշիռ: Դա աղերս չունի երկրի առջեւ ի հայտ եկած մարտահրավերների հետ. վերջիններս անարգել կարող են լուծվել հենց գործող սահմանադրական կարգավորումներով: Վերջին հաշվով, առաջնահերթը սահմանադրականությունն է, միայն այդ դեպքում հիմք կունենանք դատողություններ անել Սահմանադրության որակի կտրվածքով:
Հաճախ փորձ է արվում նոր Սահմանադրության ընդունումը փոխկապակցել վերջին շրջանում տեղի ունեցած՝ սահմանադրական բարեփոխումների ներկայացուցիչներից մեկի խոսքերով՝ «դարակազմիկ փոփոխությունների» հետ՝ սկսած 2018 թ. հեղափոխությունից, վերջացրած 2020 թ. համաճարակով, 44-օրյա պատերազմով, շարունակական սահմանային բախումներով, Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություններով, հեղաշրջման փորձերով եւ արցախահայության բռնի տեղահանմամբ: Այլ կերպ ասած՝ դարձյալ վերադառնում ենք զիջումների ճանապարհով իբր խաղաղություն երաշխավորելու հայեցակետին: Բայց այս պնդումների հեղինակները գուցե չեն նկատում, որ իրենք իրենց սկսում են բացահայտ հակասել՝ մոռանալով կամ առնվազն անտեսելով հետեւյալ փաստարկները՝
ա) այդ իրադարձությունները հիմնականում տեղի են ունեցել իշխանության կողմից սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելուց տարիներ անց միայն, ուստի չէին կարող նախապես նախատեսվել եւ հաշվի առնվել,
բ) եթե պնդում եք, որ արցախահայության նկատմամբ կիրառվել է բռնի տեղահանում, կամ խախտվել է տարածքային ամբողջականությունը, ապա դա բնավ չի նշանակում, որ հարկ է այդ ամենն ընկալել իբրեւ իրավաչափ իրադարձություններ եւ այլեւս ձեռնպահ մնալ դրանց համարժեք արձագանքելու անհրաժեշտ քայլերից,
գ) Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջները վաղուց գերազանցել են տասնյակ տարիներ շրջանառության մեջ դրվող նախապայմանները, ավելին՝ իրենք դադարել են դրանց շրջանակը հստակ ուրվագծել, ուստի խնդիրը ոչ թե սահմանադրական կարգավորումներն են, այլ իրենց համար դե ֆակտո ծագած աննախադեպ նպաստավոր հնարավորությունները, ինչից իրենք փորձում են օգտվել առավելագույնս եւ այլն:
Մտահոգողն այն է, որ մեզանում շրջանառության մեջ է դրվում ակնհայտ հակաիրավական, պարզ տրամաբանության հետ ոչ համատեղելի մեկնակետ, ըստ որի՝ քանի որ դե ֆակտո ագրեսիայի արդյունքում կորցրել ենք տարածքներ, արցախահայությունը բռնի տեղահանվել է, ուստի հարկ է համակերպվել դրա հետ եւ հրաժարվել պետության ինքնիշխանության իրական տարրերից:
-Արդարադատության նախարարությունը պնդում է, որ գործող Սահմանադրության նկատմամբ չկա հանրային վստահություն: Ի՞նչ եք կարծում, Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ փոփոխված նոր Սահմանադրության նկատմամբ հանրային վստահություն կլինի՞:
-Համամիտ եմ արդարադատության նախարարի հետ՝ այո՛, չկա անհրաժեշտ հանրային վստահություն: Այս տեսանկյունից մի կարեւոր դիտարկում անեմ. ինքս, լինելով գործող Սահմանադրության փոփոխությունների նախագծի հեղինակներից, մշտապես ուսումնասիրում եմ, թե ինչ պատճառաբանություններ են բերվում վստահության պակասի կտրվածքով: Հնարավոր չէ չհանգել այն համոզմանը, որ իրական պատճառը ոչ թե Սահմանադրության կոնկրետ դրույթներն են, այլ դրանց առնչությամբ համարժեք պատկերացումների պակասը, ինչը հիմնականում թելադրված է տարիներ շարունակ քարոզչամեքենայի կատարած նպատակասլաց աշխատանքով եւ իրավակիրառ պրակտիկայում Սահմանադրության առանցքային դրույթների անտեսմամբ: Մարդիկ, որպես կանոն, դատողություններ են անում՝ սոսկ դե ֆակտո վիճակը գնահատելով, որի անմիջական աղբյուրը, ցավոք, համարում են Սահմանադրությունը:
Համամիտ եմ, որ շատերի ընկալմամբ գործող Հիմնական օրենքն ընկալվում է իբրեւ, այսպես կոչված, սուպերվարչապետության երաշխիք: Սակայն, իրականում այն այդպիսին է ընկալվում, իմ կարծիքով, Սահմանադրության հետ աղերսներ ունեցող օրենքներ ընդունելու եւ անհամաչափ իրավակիրառ պրակտիկայի արդյունքում:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽԱՂԻ ՄԵՋ Է
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։
Համապարփակ քննարկումից հետո նման եզրահանգման են եկել Եվրոպական խորհրդարանում կայացած համագումարի մասնակիցները, որը կրում էր «Պահպանել Լեռնային Ղարաբաղի մշակութային եւ կրոնական ժառանգությունը» խորագիրը։
Համագումարին մասնակցած ԵԽ պատգամավորները վստահեցրել են, որ անելու են ամեն ինչ, որպեսզի հարցը ԵՄ գործադիր մարմնում եւս ուշադրության կենտրոնում լինի։
Եվրոպական խորհրդարանի սլովակ պատգամավոր Միրիամ Լեքսմանը իր ելույթում նշել է, որ Եվրոպական Միության պարտքն է ամեն ինչ անել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը փրկելու համար։
«Եվրոպական խորհրդարանը բազմիցս է բարձրաձայնել ադրբեջանական կեղծ թեզերի եւ միտումնավոր կերպով հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու մասին։ Չնայած սրան՝ Եվրամիությունը կարճաժամկետ տնտեսական խաղի մեջ է եւ պայմանագիր ունի Ադրբեջանի հետ։ Սա անընդունելի է, եւ մեր պարտքն է ամեն ինչ անել հայկական ժառանգությունը փրկելու համար», – ասել է Լեքսմանը։
Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանն իր ելույթում նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն միտումնավոր ավերում եւ սրբապղծում է այն ամենը, ինչը հայկական է, այլեւ խախտում է իրավական բոլոր պատասխանատվությունները։ «Այս ամենի գլխավոր պատճառը դերակատարների անհետեւողական եւ անհամապատասխան կեցվածքն է, իրավական որոշումների ընտրովի կատարումը։ Պետք է ստեղծել մոնիթորինգի մեխանիզմ, եւ Եվրախորհրդարանն ունի բավական միջոցներ, որպեսզի ստեղծի այդպիսի խումբ։ Մեր պարտավորությունն է պահպանել այն, ինչ դեռ մնացել է Լեռնային Ղարաբաղում», – ասել է դեսպան Բալայանը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՊԱՏԱՍԽԱՆԸ ՉԻ ՍՏԱՑԵԼ
Պաշտոնական Երեւանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ վերջին՝ Հայաստանի կողմից հունվարի 4-ին ուղարկված առաջարկների շուրջ ադրբեջանական կողմի պատասխանը դեռ չի ստացել: Այս մասին հայտնեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Առանց դեմ առ դեմ բանակցությունների Երեւանն ու Բաքուն շարունակում են փաստաթղթի փոխանակումը: Դեկտեմբերին 25-ին Երեւանը ստացել էր ադրբեջանական առաջարկները, տասն օր էլ չանցած՝ Բաքվին էին փոխանցվել հայկական կողմի դիտարկումները:
Ադրբեջանի վերջին առաջարկները ստանալուց հետո պաշտոնական Երեւանը հայտարարել էր, որ դրանում որոշակի հետընթաց կա:
ՓՈՐՁՈՒՄ Է «ԳԱՅԹԱԿՂԵԼ»
«Արեւմուտքը որոշել է, որ Ռուսաստանի Դաշնության դերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման հարցում սխալ է, եւ փորձում է նրանց «գայթակղել» դեպի Բրյուսել»,- Նյու Յորքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նաեւ նշել է, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցը հայկական կողմին չի վերաբերում: «Սա Մոսկվայի եւ Բաքվի խնդիրն է»,- ասել է Լավրովը։
«Մոսկվան եւ Բաքուն համակարծիք են, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում։ Այնտեղ մենք իսկապես դեռ խաղաղապահներ ունենք, նույնիսկ՝ այն բանից հետո, երբ բոլորը ճանաչեցին Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք, բայց այդ հարցն այլեւս չի վերաբերում հայկական կողմին. սա Ռուսաստանի եւ Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների հարց է։
Նախագահները քննարկել են այդ թեման, պայմանավորվել են, որ խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում կայունության ամրապնդման, տարածաշրջանում վստահության ամրապնդման եւ Ղարաբաղի այն բնակիչների վերադարձի համար, ովքեր ցանկանում են դա անել»,- ասել է Լավրովը։