ԶՈՒ կազմավորման 32-ամյակի միջոցառումներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե «զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ:
Սա կամ նշանակում է, որ մեր սերունդն առողջական ծանր պրոբլեմներ ունի կամ էլ զորակոչը Հայաստանի Հանրապետությունում մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության և հանրության ներկայացուցիչներ»:
Հայտարարությունն, ինչ խոսք, մտահոգիչ էր։ Բայց նախքան նման հայտարարություն անելը կամ այս հայտարարությունից հետո ոչինչ չէր խանգարի Փաշինյանին՝ պարզաբանումներ պահանջել ոլորտի պատասխանատուներից։ Այս դեպքում՝ ՀՀ պաշտպանության նախարարից և առողջապահության նախարարից։ Արե՞լ է Նիկոլ Փաշինյանը նման քայլ. հազիվ թե։ Հակառակ դեպքում պետք է բացահայտումների ու պաշտոնանկությունների շարան լիներ։
Մինչդեռ և՛ Սուրեն Պապիկյանը, և՛ Անահիտ Ավանեսյանը, նաև իրենց՝ համապատասխան ոլորտի տեղակալներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները պետք է պարզաբանումներ տային ու պաշտոնանկ արվեին։ Խոսքը ոչ թե ինչ-որ սովորական ոլորտի մասին է, այլ պաշտպանության, երկրի անվտանգության։ Չնայած, մի առիթով Նիկոլ Փաշինյանը ինքը խոստովանել է, որ ձախողվել է երկրի անվտանգության ոլորտում։
Վերադառնանք առողջապահության համակարգին, և զորակոչիկների՝ առողջական խնդիրների պատճառով չզորակոչվելուն կամ այնտեղ առկա կոռուպցիոն երևույթներին։
Ի՞նչ է անում Անահիտ Ավանեսյանը. սա ոլորտ է, որտեղ Ավանեսյանը պետք է առավելագույն ուշադրություն դրսևորեր։ Մինչդեռ, ինչպես պարզվում է, ոչ միայն այլ հարցերում, այլև կարևորագույն այս հարցում նա շարունակում է ձախողումների շարանը։ Սա դեռ քիչ է, մինչև հիմա Ավանեսյանը կամ նրա ղեկավարած գերատեսչությունն այդպես էլ հրապարակային պարզաբանումներ չեն տվել՝ չեն հերքել Փաշինյանի մեղադրանքները։
Իսկ ինչո՞ւ այսքանից հետո Նիկոլ Փաշինյանը պաշտոնանկ չի անում նորաթուխ աշխույժ ՔՊ-ական Ավանեսյանին։ Թե՞ այնուամենայնիվ, ՔՊ-ին ու Փաշինյանին նվիրվածությունն ավելի կարևոր է, կուսակցական ժողովներին մասնակցելն ու աչքի ընկնելն ավելի գնահատելի, քան պրոֆեսիոնալիզմը և ոլորտը ձախողումներից զերծ պահելը։
Մանրամասները՝ տեսանյութում