Երեկ հայտնի դարձավ, որ քաղաքային իշխանությունները մտադիր են մանդատից զրկել ավագանու ընդդիմադիր հինգ անդամների: Խոսքը՝ Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի եւ ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ՝ Սոնա Աղեկյանի, Զարուհի Փոստանջյանի, Գեւորգ Ստեփանյանի եւ Նարինե Հայրապետյանի մասին է:
Հարցը կքննարկվի Երևանի ավագանու փետրվարի 5-ի արտահերթ նիստում:
ArmLur.am-ը զրուցել է «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանի հետ:
-Տիկի՛ն Աբգարյան, ինչու՞ քաղաքային իշխանությունը որոշել է մանդատից զրկել ավագանու մի քանի անդամների, այդ թվում՝ Հայկ Մարությանին: Հիմնավորումն այն է, որ նա անհարգելի պատճառներով բացակայել է ավագանու նիստերից: Ինչ կասե՞ք, ի՞նչ գնահատական կտաք իշխանությունների այս որոշմանը:
-Կասկած չկա, որ հիմնական դրդապատճառը պայմանավորված է ոչ թե քաղաքի հետ կապված մտահոգություններով, այլ՝ հենց քաղաքական դիրքորոշմամբ, քանի որ թե՛ Հայկ Մարությանի ֆիգուրը, թե՛ նրա քաղաքապետարանում ունեցած վերջին երկու ելույթներն անհանգստություն են պատճառել գործող իշխանություններին։
Մենք նաև տեսնում ենք, որ «Մայր Հայաստան» խմբակցությունից էլ հենց այն ավագանու անդամներն են մանդատից զրկվելու, որոնք առանձնացել են իրենց ըմբոստությամբ և քննադատող ելույթներով:
Եթե ցանկություն ունենային բոլորի ներկա բացականերն ուսումնասիրել, ավագանիում կան անդամներ, որոնք ընդհանրապես նիստերին չեն մասնակցել:
-Խոսքը «Հանրային ձայն» խմբակցության անդամների մասի՞ն է:
-Այո, նաև «Հանրային ձայն»-ի երկու անդամների մանդատի հարցը պետք է նույնպես բարձրացվեր:
Անշուշտ, սա քաղաքական որոշում էր և այն հիմնավորումը, որը մենք տեսնում ենք, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում՝ թե Մարությանը չի ցանկացել զբաղվել Երևանի խնդիրներով: Այն աշխատանքը, որը մեր խմբակցությունն արել է Երևանում՝ Հայկ Մարությանի գլխավորությամբ, դա շատ ավելի օգտակար է եղել Երևանի համար, քան՝ այն խայտառակ որոշումները, որոնք բնավ երևանցու համար չէին, այլ, ընդհակառակը, թալանում են նրանց գրպանները ու շատ ծանր իճակում են դրել նրանց:
-Տիկի՛ն Աբգարյան, այստեղ նաև հարցի հակառակ կողմը կա: Հայկ Մարությանը, լինելով ձեր թիմի առանցքային դեմքը, ավագանու նիստի հենց սկզբից չի մասնակցել նիստերին, ու սրանով հիմք է տվել իշխանություններին, որ նման գործընթաց ձեռնարկեն:
-Եթե խոսքը գնում է կեսից ավելի բացակաների մասին, ապա իրենք չէին կարող հաշվել դա: Խմբակցությունն ամբողջ կազմով բոյկոտել է նիստը, դա քաղաքական որոշում է եղել, ինչի իրավունքը մենք ունենք, սա չի կարող համարվել անհարգելի բացակա, քանի որ անհամաձայություն հայտնելը, հավաքներ, բոյկոտներ կազմակերպելը, քաղաքական դիրքորոշում է և դա սահմանադրորեն ամրագրված իրավունք է:
-Ի՞նչ եք պատրաստվում անել, ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու:
-Մենք առաջիկայում կհայտարարենք մեր գործողությունների մասին։
Քրիստինա Մուշեղյան