ԳՈՐԾԱՐԱՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ Հայաստանի միակ խոշոր կին գործարար Սիլվա Համբարձումյանը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ պատրաստվում է Հայաստանի դատական համակարգի դեմ բողոքով դիմել Եվրադատարան, քանի որ դժգոհ է ՀՀ դատական համակարգից: Իսկ պատճառն այն է, որ ՀՀ  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապօրինաբար զրկել է  իրեն պատկանող «Սագամար» ՍՊԸ-ին տրված արտոնագրից, ինչի հետեւանքով ինքը չի կարողանում շահագործել հանքավայրը, որի վրա մոտ 3 մլրդ 400 մլն դրամի ներդրում է կատարել:
Ի դեպ, Համբարձումյանն  այս պահին շահագործում է նաեւ Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը: Նրա փաստմամբ` երկու հանքավայրերի վրա կատարել է 90 մլն ԱՄՆ դոլարի ներդրում:

ՀԱՐՑ. Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ է պայմանավորված  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի նման վարքագիծը. գործարարն իր հետ չի՞ կիսվում, դրա համար է նախարարը վրեժ լուծում, թե՞ այլ պատճառ կա, որ գործարարը զրկվել է արտոնագրից: Փաստորեն, նախարարի գործունեության արդյունքում տիկինը պատրաստվում է Եվրադատարանում խայտառակել մեր երկիրը:

ՊԱՏԱՍԽԱՆ. Չեմ կարծում,  որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը Ս.Համբարձումյանին զրկի արտոնագրից զուտ նրա համար, որ վերջինս իր հետ չի կիսվել: Կարծում եմ` եղել են  ավելի հարգելի պատճառներ, որ նա նման քայլի է դիմել: Բայց հստակ  բան ասելու համար պետք է գործի մասին ունենամ որոշակի տեղեկատվություն, որին այս պահին չեմ տիրապետում: Ուստի զերծ կմնամ մեկնաբանություններից:

ՊԱՐԳԵՎ ՕՀԱՆՅԱՆ
նախկին դատավոր

ՊԱՏԱՍԽԱՆ. Գիտեք, միչեւ գործի մանրամասները չիմանաս, չես կարող որեւէ կարծիք հայտնել, իսկ ես տվյալ գործի կապակցությամբ ոչ մի ինֆորմացիայի չեմ տիրապետում, որ տամ համապատասխան որակավորումներ կամ  պատասխաններ: Եւ ճիշտ էլ դա չեմ համարում, քանզի մի կողմին պաշտպանելով` կարող ենք ոտնահարել մյուսի իրավունքները: Բայց այն, որ տարիներ շարունակ հանքերը ենթարկվել են անխնա շահագործման, փաստ է, եւ ըստ էության, ժամանակն է կանխել  ընդերքի հարստության սպառման գործընթացը:

ՍՏՅՈՊԱ ՍԱՖԱՐՅԱՆ
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության ղեկավար

ՊԱՏԱՍԽԱՆ. Թեեւ ես գործին ծանոթ եմ, բայց զերծ կմնամ մեկնաբանություններից: Պարզապես կնշեմ մի փաստ, որ այսօր մեր երկրում հանքերի բաժանումը կատարվում է ոչ հիմնավորված: Մենք չենք կարող ասել, թե ինչու է հանքի շահագործումը հանձնվում այս կամ այն մարդուն: Անձիք, ովքեր  խախտում են հանքի շահագործման պայմանագրերը, այդ դեպքում պետությունը պետք է հանքի շահագործումը հանձնի մեկ այլ անձի, ով ավելի հստակ կկատարի իր գործը: Նման պայմաններում, երբ հանքերի բաժանման գործընթացն այս կերպ է իրականացվում, կարծում եմ` մեզ չի էլ հաջողվի պարզել, թե ինչու է էդպիսի բան տեղի ունենում:

ԻՆԳԱ ԶԱՌԱՖՅԱՆ
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ




Լրահոս