Պարույր Սեւակի 100-ամյակի առթիվ փետրվարի 1-ին Հայաստանի ազգային գրադարանում ցուցադրվեցին գրողի՝ կենդանության օրոք հրատարակված գրքերը, նրա թարգմանած ու խմբագրած հրատարակություններն ու այլ նյութեր: Առաջին անգամ ցուցադրվեցին «Մարդը ափի մեջ» գրքի համար Մինաս Ավետիսյանի նկարած էսքիզների պատճենները:
Պարույր Սեւակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սեւակ Ղազարյանը, որը Սեւակի թոռն է, շեշտեց՝ ցուցադրության համար բերել է «Անլռելի զանգակատուն» պոեմը՝ ֆրանսերեն թարգմանությամբ, որը լույս է տեսել մի քանի տարի առաջ, ուկրաիներեն թարգմանություններ, նոր հրատարակություններ:
«Սեւակն ինձ համար առաջին հերթին խոշորագույն մտածող էր, մարդ, որը միշտ անկեղծ էր, չէր վարանում բարձրաձայնել իր կարծիքը: Ըստ իս՝ այսօր մեզ առաջին հերթին դա է պակասում, որովհետեւ կարծես բոլորս իրերին միատեսակ ենք նայում: Ինչո՞ւ է Սեւակը մինչ օրս արդիական. որովհետեւ ճշմարիտ խոսքեր է ասել, որ երբեք չեն մաշվում, չեն հնանում»,- շեշտեց Սեւակ Ղազարյանը:
Նրա խոսքով՝ հոբելյանական տարում պատրաստվում են վերահրատարակել «Մարդը ափի մեջ» ժողովածուն: «Ժամանակին, երբ զբաղվում էի ժողովածուի արխիվային նյութերով, անակնկալի եկա: Բոլորիս է հայտնի, որ «Եղիցի լույս» գիրքն է արգելվել, պարզվեց՝ «Մարդը ափի մեջ» ժողովածուն եւս ենթարկվել է գրաքննության: Այս տարի ամբողջական տարբերակով ենք այն դնելու ընթերցողի սեղանին մոտ երկու, երեք տասնյակ նոր ու անտիպ գործերով»,-ասաց Ղազարյանը:
Պարույր Սեւակը ծնվել է հունվարի 24-ին, սակայն ընտանիքի անդամները նրա ծնունդը տոնել են հունվարի 26-ին: Այս տարին բացառություն չի եղել: «Սեւակի ծնունդից երեք օր առաջ մեռնում է Լենինը, եւ նորածնի ծնունդը չեն գրանցում, որովհետեւ երկրում սուգ է հայտարարված լինում: Ծնունդը գրանցում են 26-ին: Հունվարի 24-ին հոբելյանը նշեցինք տուն-թանգարանում կազմակերպված միջոցառմամբ, այնուհետեւ՝ Համազգային թատրոնում ներկայացմամբ, իսկ հարազատներով հավաքվեցինք հունվարի 26-ին»,-պատմում է գրողի թոռն ու հավելում, որ այս տարի իր հորեղբայրը, որն 1990 թվականից ԱՄՆ-ում է եղել, ընտանիքով եկել է Հայաստան: Նրանց ընտանիքը, Սեւակի կրտսեր որդու՝ Արմեն Ղազարյանի եւ Հրաչյա Ղազարյանի ընտանիքները միասին են տոնել մեծ գրողի 100-ամյակը:
Արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն էլ անդրադարձավ հեղինակի գրքերին՝ նշելով, որ դրանք հեշտ ճակատագիր չեն ունեցել: Նա հիշեցրեց, որ 1957 թվականի սեպտեմբերի 11-ից Սեւակը սկսել է գրել «Անլռելի զանգակատուն» պոեմը, որն ավարտել է 1958 թվականի նոյեմբերի 21-ին: «Ավելի քան 7000 տող է: Թվում է՝ մի շնչով գրված ստեղծագործություն է: Այն տպագրվում է 1959 թվականին: Երբ 1966-ին վերահրատարակվում է, բանաստեղծն ահագին փոփոխություններ է անում, ավելացնում է «Ղողանջ հերոսական»-ը եւ այլն, որովհետեւ մենք նաեւ կռվել էինք, պայքարել էինք»,-ընդգծեց Սեր-Խաչատրյանը:
Նա հետաքրքիր է համարում այն, որ գիրքը ցնցող ազդեցություն է ունեցել: «Մի ամբողջ ժողովուրդ, որ սովորել էր կոլխոզական կյանքի վեպերին՝ հողը, ոսկե վազերը եւ այլն, շուռ եկավ դեպի պոեզիա: Այդ գիրքը կարդում էին բոլորը դպրոցներում, համալսարաններում, ամենուր արտասանում էին»,-շեշտեց գրականագետը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանն էլ ուրախությամբ նշեց՝ գրադարանն ամփոփել է հունվար ամսվա ամենաընթերցված գրքերի տվյալները հանրային գրադարաններում ու պարզել, որ Սյունիքի, Վայոց ձորի եւ Կոտայքի մարզերում Պարույր Սեւակն առաջին տեղում է:
Օրերս գրադարանում քննարկվել է Պարույր Սեւակի մատենագիտություն կազմելու հարցը: Ծրագրում են երեք հատոր լույս ընծայել, իսկ գրողին նվիրված միջոցառումները շարունակական կլինեն:
ՀՈՒՐԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՖԻԼՄԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը երեկ հանդիպել է «Բումերանգ Մեդիա.ԱՄ» ֆիլմարտադրող ընկերության ներկայացուցիչների հետ:
Ինչպես տեղեկացանք ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ազգությամբ հնդիկ հոլիվուդյան հայտնի կինոռեժիսոր Թարսեմ Սինխը, կանադահայ վաստակաշատ օպերատոր Նորայր Կասպերը, «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը, ֆիլմի պրոդյուսեր Անի Որսկանյանն ու խմբի այլ անդամներ:
«Հանդիպման առանցքում անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմի ստեղծագործական խմբի հետ ծանոթությունն էր, որի ընթացքում քննարկվել են նաեւ համագործակցությանն ուղղված մի շարք հարցեր:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել է հյուրերին եւ գոհունակություն հայտնել անվանի կինոգործիչ Թարսեմ Սինխի՝ Հայաստան այցելության, մեր երկրի նկատմամբ հետաքրքրության եւ ճանաչողության բարձրացման համար: Նախարարի տեղակալը կարեւորել է «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Սերգեյ Փարաջանովից մեր օրեր» լիամետրաժ վավերագրական ֆիլմում նրա նկարահանվելու փաստը եւ հավելել է, որ ֆիլմի ռեժիսոր Զառա Ջյանը բոլոր հնարավորություններն օգտագործել է՝ ապահովելու Թարսեմ Սինխի մասնակցությունը ֆիլմում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբոյւրի՝ անդրադառնալով երկու մշակույթների ընդհանրություններին եւ տարբերություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ համատեղ գործակցությամբ հնարավոր է աշխարհին պատմել եւ ներկայացնել այն առանձնահատկությունները, որոնք հատուկ են երկու երկրների մշակույթներին. «Ուրախալի փաստ է, որ նկարահանվելու եք այս ֆիլմում, սակայն մեր հնարավոր համագործակցությունը վստահաբար կարող է արդյունավետ լինել նաեւ կինոարտադրության ոլորտի այլ նախագծերում: Անչափ կարեւորում եմ նաեւ մեր համատեղ գործակցությունը տարբեր հարթակներում՝ կինոշուկաների, կինոփառատոների շրջանակներում»:
Հ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ