Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հանդես է եկել հայտարարությամբ։
«Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձեւավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետեւյալ անհատներն են՝
Վարդան Օսկանյան, ՀՀ արտաքին գործերի նախարար (1998-2008)
Գեղամ Ստեփանյան, Արցախի մարդու իրավունքների պաշտպան
Կարեն Բեքարյան, «Հայացք» վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ, Հայաստան
Մարիո Նալպատյան, Հայ դատի կենտրոնական Խորհրդի անդամ, Արգենտինա
Գասպար Կարամպետյան, Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ, Բելգիա
Գառնիկ Քըրքոնեան, միջազգային իրավաբան, ԱՄՆ
– Հանձնախմբի կազմը կընդլայնվի՝ ներառելով անհատների Ռուսաստանից եւ Մերձավոր Արեւելքից:
– Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության եւ իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը եւ պաշտպանությունը։
– Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից, եւ նրա բնական եւ անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգեւոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման եւ կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով եւ սկզբունքներով։
– Հակամարտության հետեւանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիայով (International Convention on Civil and Political Rights) եւ տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:
– Ավելին՝ 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ եւ անարգել վերադարձը։
– Հանձնախումբը բազմակողմանի գործունեություն է ծավալելու միջազգային հարթակներում՝ բարձրաձայնելու, ծանոթացնելու, հիմնավորելու եւ հետապնդելու Արցախի ժողովրդի խնդիրները, շահերը եւ իրավունքները։
– Հանձնախումբը, վերը նշված նպատակների կյանքի կոչման համար, մշտական ու հետեւողական աշխատանք է իրականացնելու արցախահայության, Հայաստանի հանրության ու Սփյուռքի հայրենակիցների հետ՝ նպատակ ունենալով կոնսոլիդացնել բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների, ակադեմիական եւ փորձագիտական շրջանակների:
– Հանձնախումբը Արցախի ժողովրդին ներկայացնելու է պետական եւ քաղաքական մարմինների առաջ, ինչպես նաեւ միջազգային ատյաններում, համաժողովներում եւ միջազգային դատարաններում։
– Ակնկալում ենք, որ ՀՀ իշխանությունները եւ քաղաքական բոլոր ուժերը աջակցության եւ համագործակցության պատրաստակամություն կցուցաբերեն Հանձնախմբի գործունեությանը: Հանձնախումբը պատրաստ է աշխատել անխտիր յուրաքանչյուրի եւ բոլորի հետ, ովքեր պատրաստ են պատասխանատվություն ստանձնել՝ համապատասխան լիազորություն ստացած այս հանձնախմբի հետապնդած նպատակների շրջանակներում»:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ԻՐԱՎՈՒՆՔ՝ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
Հայաստանում 2023 թվականի դրությամբ 43 քաղաքացի դիմել է կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջով: Օրենքում կատարվող փոփոխություններով՝ քաղաքացիներն առաջիկայում նման պահանջով պետք է դիմեն ոչ թե Առողջապահության նախարարություն, այլ Միասնական սոցիալական ծառայություն:
««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը: Ներկայումս կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում, Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա, մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների՝ ամբողջությամբ ստանալու պահանջը:
Գործող օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր դեպքի համար առողջապահության նախարարի հրամանով ստեղծվում է մասնագիտական հանձնաժողով, որն իրականացնում է ցանկում ներառված հիվանդությունների եւ քաղաքացու ախտորոշման համապատասխանության որոշման գործառույթ եւ տրամադրում է եզրակացություն: Ըստ փոխնախարարի՝ սա առաջացնում է լրացուցիչ փաստաթղթաշրջանառության եւ Առողջապահության նախարարության՝ որպես քաղաքականություն մշակող մարմնի համար ոչ բնորոշ գործառույթ:
«Որոշումն ուժի մեջ է մտել 2015 թվականից: Մինչեւ օրս դիտվում է քաղաքացիների դիմելիության զգալի աճ: Մասնավորապես, եթե 2017-2018թթ. դիմել է 2 քաղաքացի, ապա 2023 թվականին՝ 43: Նախագծով նախատեսվում է տվյալ գործառույթը վերապահել Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությանը»,-ասաց փոխնախարարը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը նշեց, որ քաղաքացիների հարմարավետության տեսանկյունից ճիշտ է, որ այս գործառույթը նույնպես իրականացնի Միասնական սոցիալական ծառայությունը, որ քաղաքացին կենսաթոշակային գրեթե բոլոր հարցերով դիմի այս ծառայությանը: Քաղաքացին իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջ ներկայացնելու իրավունք ունի, եթե առկա են որոշակի հիվանդություններ: Այդպիսի հիվանդությունների ցանկը սահմանել է կառավարությունը, դրանում ներառված են, օրինակ՝ չարորակ նորագոյացությունները, նյարդային համակարգի որոշ հիվանդությունները, շաքարային դիաբետը` դեկոմպենսացված փուլում, եւ այլն:
ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ
ՄԵԿՆ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ
Գեղարքունիքի մարզի խորհրդի 2024 թվականի անդրանիկ նիստում քննարկվող օրակարգային հարցերից մեկը վերաբերել է մանկապարտեզների գործունեությանը եւ համայնքային ենթակայության արտադպրոցական հաստատություններում աշխատող մանկավարժների կամավոր ատեստավորման գործընթացին։
Հանդես գալով հարցի զեկուցմամբ՝ մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանը նշեց՝ Գեղարքունիքի մարզի 5 համայնքների բնակավայրերում 2023 թվականին գործել է 53 մանկապարտեզ, որտեղ հաճախել է 4043 սան։ Մոբայլ մանկապարտեզ է գործում Դրախտիկ, Աղբերք եւ Ծափաթաղ բնակավայրերում, իսկ 2023 թվականից այլընտրանքային՝ նախադպրոցական կրթություն է իրականացվում Ծաղկունք, Գեղամավան, Նորաշեն եւ Շողակաթ բնակավայրերում:
Տարվա ընթացքում շահագործման է հանձնվել Վաղաշենի մանկապարտեզը, որն ունի 77 սան:
2024 թվականին շինարարական աշխատանքները կշարունակվեն Աստղաձորի, Վարդենիսի, Հայրավանք-Բերդկունքի եւ մի շարք այլ բնակավայրերի մանկապարտեզներում, իսկ մի շարք այլ մանկապարտեզներ էլ կբացեն իրենց դռները կառուցման կամ հիմնանորոգման աշխատանքների ավարտից հետո։
«2023 թվականին մարզում գործել են համայնքային ենթակայության 9 երաժշտական, 6 արվեստի, 3 գեղարվեստի դպրոցներ, 2 ստեղծագործական եւ 1 ուսուցողական կենտրոններ, 6 մարզադպրոցներ: Նշված հաստատություներից կամավոր ատեստավորման են մասնակցել 15-ից ավելի մանկավարժական աշխատողներ եւ մարզիչ-մանկավարժներ, սակայն նրանցից միայն մեկն է կարողացել հաղթահարել ատեստավորման պահանջները: Վերջինս արդեն ստանում է օրենքով սահմանված լրավճարը։ Պետք է նշել, որ ծրագրեր իրականացնող հաստատությունների կամավոր ատեստավորված մանկավարժական աշխատողներին եւ մարզիչ-մանկավարժներին լրավճար տրամադրվում է պետական, այլ ոչ թե համայնքային բյուջեի միջոցներից, ինչը եւս շահագրգռող է համայնքապետարանների եւ նրանց ենթակայությամբ գործող արտադպրոցական կառույցների համար: Հուսանք, որ այս տարի կունենանք շատ ավելի տեսանելի արդյունքներ, կամավոր ատեստավորման ցանկություն հայտնած ու լրավճարի հնարավորությունից օգտվող ավելի շատ թվով մանկավարժներ»,-նշեց է Կարեն Զազյանը։