ՀՀ իշխանական երեք պատգամավորները՝ Զարուհի Բաթոյանը, Սոնա Ղազարյանը եւ Ծովինար Վադանյանը, պետության հիմնասյուն համարվող ընտանիքի ձեւակերպումը ձեւախեղել են: «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծով փորձ է արվում կանխել ընտանեկան բռնությունը, սակայն նսեմացվում է ավանդական ընտանիքի դերը՝ ավելացնելով «զուգընկեր» տերմինը:
ArmLur.am-ը զրուցել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հետ, որը նսեմացնող եւ անհասկանալի է համարում նման օրենքի ընդունումը։
-Տիկի՛ն Մկրտչյան, վերջերս «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության երեք կին պատգամավորներ ընտանեկան բռնության մասին օրենքում փոփոխություններ անելու նախագիծ են առաջ բերել, որն իրենից ենթադրում է բռնության արգելում, բայց այդ բռնություն բառի ներքո ուզում են «զուգընկեր» տերմինը բերել ընտանիք, կամ կուսության ստուգումն են բռնություն համարում: Ի՞նչ կասեք այս նախագծի մասին, որը մտնելու է օրակարգ:
-Սա առաջին դեպքը չէ, որ ՔՊ-ականները կարողանում են դիտավորությամբ խեղել նույնիսկ ամենադրական օրենքի նախագծերը, որոնք ՀՀ իրավական համակարգի մաս են կազմում: Ես անկեղծորեն համարում եմ, որ ընտանեկան բռնության մասին օրենսդրությունը խիստ անհրաժեշտ էր, եւ նաեւ հպարտությամբ նշում եմ, որ Հանրապետական իշխանության տարիներին ընդունված օրենք է, այսինքն՝ խնդիրներն արձանագրված եւ այդ խնդիրների լուծմանն ուղղված Հանրապետական իշխանության կարեւոր քայլն է: Ի տարբերություն սրանց՝ Հանրապետականը որեւէ բան ծաղրի կամ աբսուրդի մակարդակի չէր վերածում, որովհետեւ նպատակը երեւալը չէր, այլ խնդիրը հստակ էր՝ կարգավորել այն պրոբլեմները, որոնք, այո, կան Հայաստանի Հանրապետությունում: Աղավաղո՞ւմ են. այո՛, աղավաղում են: Ինչո՞ւ են ծաղրում բոլորիս. ես դա չեմ կարող ասել. երեւի բացատրվում է նրանով, որ Հայաստանի թշնամիներն են այդ խմբակը իր ամբողջության մեջ: Մեր պետականության համար ամենածանր պահին, երբ իրենք նույնիսկ իրենց շուրթերով ասում են, որ պետականության լինել-չլինելու խնդիր է դրված, մեզ սկսել են ծաղրել՝ Ազգային ժողովի օրակարգ նման անհասկանալի բաներ բերելով: Նայում ես այս օրակարգը, եւ տպավորություն է, որ մինչեւ հաջորդ՝ ավելի վատ օրակարգը չգա, տպավորություն է, թե ամենավատը սա է, բայց, ոչինչ, հեսա հաջորդը կլինի ու է՛լ ավելի վատը կլինի: Եթե Դուք ինձ նախորդ քառօրյայի ժամանակ այդ հարցը տայիք, ես կասեի՝ բացի քննիչների դատախազների, դատավորների աշխատավարձերը բարձրացնելուց, ուրիշ ոչ մի օգտակար գործով չենք զբաղվում,, որովհետեւ մեր երկիրը վախի մթնոլորտի, ոստիկանապետության եւ իրավական համակարգի ձեռքը պիտի լինի, որովհետեւ այդպես է միայն Նիկոլն իր աթոռը պահպանելու: Հիմա, սակայն, մեկ այլ աբսուրդի մեջ ենք ընկել…
-Տիկի՛ն Մկրտչյան, ի՞նչ եք կարծում, արդյոք այս օրենքով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը փորձո՞ւմ է հաճոյանալ Եվրոպային. նույնասեռականությունը մտցնում են Սահմանադրություն, դարձնում օրենքի մաս, որը մեր կրոնի համար ընդունելի չէ:
-Ինձ համար շատ դժվար է իրենց գլուխների մեջ մտնել, չեմ էլ ցանկանում: Ես մի շատ կարեւոր բան գիտեմ, որ Հայաստանում մարդու եւ քաղաքացու իրավունքները պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ, այդ կառուցակարգերը շատ հստակ են, իսկ ցանկացած քաղաքացու նկատմամբ թե՛ ֆիզիզկական, թե՛ հոգեբանական բռնությունը ՀՀ քրեաիրավական օրենսդրությամբ է կարգավորվում եւ այլ ոլորտային օրենսդրությամբ: Նորից եմ կրկնում՝ ինչո՞ւ են նրանք մեզ ծաղրում. գուցե պետականությունը քայքայելուց առաջ ուզում են ամբողջությամբ մեր արժանապատվության, մեր ինքնության հետ խաղալ: Երեւի թե պատճառը սա է:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
«ՆԻՍՏԸ ՊԵՏՔ Է ՏԱՊԱԼԵԼ»
«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններին կոչ է անում բոյկոտել փետրվարի 7-ին նախատեսված արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվելու է ավագանու 5 ընդդիմադիր անդամների՝ մանդատից զրկելու հարցը։
Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» խմբակցությունների ներկայացուցիչները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում են ավագանու նիստերից բացակայությունների հիմքով մանդատից զրկել «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանին, «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գեւորգ Ստեփանյանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին։
«Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թեւանյանն ընդգծեց, որ այդ նիստը պետք է տապալել։ «Վաղվա նիստը չպետք է կայանա, այն պետք է բոյկոտել»,- հայտարարեց Թեւանյանը։
Նիստը բոյկոտելու մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը՝ շեշտելով, որ «Հանրային ձայն» խմբակցությունը չի մասնակցելու ավագանու՝ փետրվարի 7-ին կայանալիք նիստին։ «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը, որը հայտարարել է «Հանրային ձայն» կուսակցությունը լքելու մասին, հրաժարվել է մեկնաբանել Վարդան Ղուկասյանի հայտարարությունը՝ նշելով, որ հարցազրույց չի տալու։ Հաշվի առնելով «Հանրային ձայն» կուսակցության ներսում առկա տարաձայնությունները՝ առայժմ պարզ չէ՝ կմասնակցեն արդյոք «Հանրային ձայն» խմբակցության անդամներն ավագանու նիստին, թե ոչ։ Ավագանու մյուս ընդդիմադիր խմբակցությունը՝ «Ազգային առաջընթաց»-ը, ավելի վաղ հայտարարություն էր տարածել, որով անընդունելի էր համարել ավագանու ընդդիմադիր անդամներին մանդատից զրկելու նախաձեռնությունը եւ դա որակել էր ընդդիմադիրներին լռեցնելուն միտված քայլ։
Եթե «Մայր Հայաստան», «Ազգային առաջընթաց» եւ «Հանրային ձայն» խմբակցությունները չմասնակցեն Երեւանի ավագանու արտահերթ նիստին, նիստը սկսելու համար քվորում չի ապահովվի, եւ այն չի կայանա։
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ԹԵԿՆԱԾՈՒ ԵՆ ՓՆՏՐՈՒՄ
ԱԱԾ մեկուսարանը արդեն 5 օր է, ինչ մնացել է առանց պետ։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արդարադատության նախարարությունը իրավապահ համակարգի հետ միասին փնտրում է թեկնածու, որը կկարողանա ղեկավարել «Երեւան- Կենտրոն» ՔԿՀ-ն: Քննարկել են «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի նախկին պետ Ռուբեն Խալապյանին նշանակել ԱԱԾ մեկուսարանի պետ, բայց դեռ վերջնական որոշում չկա։
Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ՔՊ-ական պատգամավոր Մելքոնյանի որդին իր ազատման հարցը խիստ ծանր է տարել, սակայն բացատրել են, որ խնդիր կա մեկուսարանում, ու դա պետք է լուծվի, իսկ ինքն անկարող է:
Ի դեպ, Խալապյանը ԱԱԾ մեկուսարանի նախկին պետն էր, որին հեռացրին ու Գագիկ Մելքոնյանի որդուն նշանակեցին նրա փոխարեն:
Եվ, ահա, Խալապյանին կրկին ցանկանում են տանել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։
ԿԳՄՍՆ-Ն ԱՅԼԵՎՍ ՉԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության շուրջ ծավալվող աղմուկները հաջորդում են մեկը մյուսին: Դրանք այնքան ջանք ու էներգիա են տանում բազմապրոֆիլ այդ նախարարությունից, որ փոխնախարար չի նշանակում բուհերի գծով:
Պարզվում է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն այլեւս չի համակարգում համալսարանների աշխատանքը եւ ցանկացած հարց՝ կապված բարձրագույն կրթության հետ, չի ընդգրկում իր հետաքրքրությունների շրջանակներում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համալսարանների աշխատանքն արդեն համակարգում է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեն, որի առաքելությունն է ՀՀ ԿԳՄՍՆ ենթակայության տակ գտնվող Գիտության կոմիտեի եւ ԲՈԿ-ի, ինչպես նաեւ ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության գործառույթները համակարգել։
Շատ բուհերից արդեն ահազանգում են, որ կոմիտեն չի հաջողում համալսարանների հետ աշխատանքում, հստակ չի կարողանում սահմանել բարձրագույն կրթության ոլորտի խնդիրները եւ համակարգված չի աշխատում ԿԳՄՍ նախարարության հետ։ Նախկինում բուհերի աշխատանքը համակարգող փոխնախարարը ներկայիս նախարար Ժաննա Անդրեասյանն էր, որը 2022 թվականի դեկտեմբերից չի զբաղեցնում այդ պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչությունը, որը համակարգում է բուհերի հետ աշխատանքը, կոմիտեին ֆիզիկապես միացել է 2024 թվականի հունվարին, որի արդյունքում էլ կառավարման լուրջ բացթողումներ կան: Ամեն դեպքում, կապվեցինք Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ծրագրերի իրականացման վարչության պետ Լուսինե Գրիգորյանի հետ, որը տեղեկացրեց, որ խնդիրներ կամ ուշացումներ ոչ մի ժամանակ չեն եղել. «Երբ բուհերը նման հայտարարություններ են անում, ձեւակերպում են՝ որոնք են այն խնդիրները, որոնցով կոմիտեն չի զբաղվում։ Մենք գիտենք, որ կան համակարգային խնդիրներ. եթե չլինեին, այդ բարեփոխումներն անելու իմաստ չէր լինի։ Բուհ չկա, որ ունենա օրհասական խնդիր, եւ մենք դրանով չզբաղվենք»: Մինչդեռ, շատ բուհերի ղեկավարներ կան, որ մեզ ահազանգել են, դեռ՝ ծպտյալ, որ խնդրի դեպքում օրերով չեն կարողանում պատասխանատու կառավարիչ գտնել, կարգավորել հարցը: