Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ զրկվեց ավագանու մանդատից: Ավելի ուշ Հայկ Մարությանը հայտարարեց, որ շարունակելու է մնալ քաղաքականությունում, ավելին՝ նոր կուսակցություն է հիմնելու, որպեսզի 2026թ.-ին մասնակցի խորհրդարանական ընտրություններին: Հարցի շուրջ ArmLur.am-ը մի քանի հարց է ուղղել Հայկ Մարությանին:
-Պարո՛ն Մարության, ինչպե՞ս նոր կուսակցություն հիմնելու որոշում կայացրիք, քննարկումներն արդեն սկսվե՞լ են:
-Քննարկումներ, այո՛, արդեն սկսվել են. երբ արդեն ամեն բան վերջնական լինի, հանրությանը կհայտնենք: Սա նաեւ գաղափարական աշխատանք է, շտապել չի սիրում:
-Ովքե՞ր են լինելու կուսակցությունում: Կա՞ն հանրային, քաղաքական դեմքեր, որոնք ընդգրկված կլինեն ձեր թիմում:
-Մեր աջակիցները, ովքեր մեզ պես են մտածում եւ ուզում են, որ Հայաստանը զարգանա, Երեւանը զարգանա: Բնականաբար, լինելու են մարդիկ նաեւ, որոնց հանրությունը ճանաչում է, կլինեն նաեւ արժանավոր մարդիկ, որոնց հանրությունը չի ճանաչում, ինչպես բոլոր կուսակցություններում:
-Պարո՛ն Մարության, Դուք 2018թ.-ի հեղափոխության ժամանակ, կարելի է ասել, առաջամարտիկն էիք, ու աջակցում էիք Նիկոլ Փաշինյանին: Հիմա, տեսնելով իրավիճակը՝ հայրենիքի կորուստ ու այս իշխանությունների մյուս ձախողումները, չե՞ք զղջում, որ աջակցել եք նրանց:
-Ես ասել եմ՝ հին իշխանություններն ամենաուժեղ հեղափոխականներն էին. այնպես արեցին, որ մարդիկ այնքան չսիրեն իրենց, որ իրենց դեմ դուրս գան. այդ պրոցեսը կանգնեցնել հնարավոր չէր: Ես երկար տարիներ պայքարում էի այդ իշխանությունների դեմ, ես ինքս մասնակցել եմ ակցիաներին ու բոլոր ընդվզումներին մասնակցել եմ, ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնեց, ու, ի վերջո, դա ստացվեց: Չգիտենք, որ կգա իշխանությունը, որը կանի այն նույն սխալները, որոնք նախկին իշխանություններն էին թույլ տալիս:
-Պարո՛ն Մարության, ավագանու ընտրություններին մասնակցելիս հայտարարում էիք, որ ձեր օրակարգն ամբողջական իշխանափոխությունն է: Ինչպե՞ս եք դա անելու, հնարավո՞ր է՝ մի օր էլ Դուք փողոց դուրս գաք իշխանափոխության պահանջով:
-Յուրաքանչյուր ընդդիմություն ստեղծվում է իշխանափոխության համար, այնպես որ, ոչինչ չի բացառվում:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԱՎԱՆԴԱՊԱՀԻՆ ՉԻ ԾԱՆՈՒՑՎԵԼ
Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ստորագրելու պահին Հայաստանի խորհրդարանի կողմից արված վերապահումները չեն ներկայացվել ավանդապահին, հետեւաբար միջազգային իրավահարաբերությունների տեսանկյունից որեւէ ուժ չունեն։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։ «Միջազգային եւ տեղական օրենսդրության համաձայն՝ երբ մի երկիր վերապահում է անում, այդ վերապահումը, նաեւ Վիեննայի կոնվենցիայի համաձայն, պետք է ծանուցվի ավանդապահին։ Մենք շատ վաղուցվանից հետազոտում ենք այդ հարցը եւ արձանագրում ենք, որ ՀՀ-ն ավանդապահին չի ծանուցել դրա մասին։ Հետեւաբար, միջազգային իրավահարաբերությունների տեսակետից այդ վերապահումները որեւէ իրավական ուժ չունեն»,-մանրամասնել է Փաշինյանը՝ հավելելով, որ այդ փաստն իր հանձնարարականով մի քանի անգամ ստուգվել եւ վերստուգվել է։
«Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրն այդ վավերացման եւ հետագա չծանուցման փաստով հստակ եւ աներկբա արձանագրել է, թե որն է ՀՀ տարածքային ամբողջականությունը»,-պարզաբանել է վարչապետը։
«ՈՉ ՄԻ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔ ՉԻ ԵՂԵԼ»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, որ հնարավոր նոր Սահմանադրության ընդունման նպատակը Սահմանադրությունն իշխող քաղաքական ուժին, այդ ուժի ղեկավարին հարմարեցնելը չէ: Փաշինյանն այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Սոնա Ղազարյանի՝ հնարավոր Չորրորդ Հանրապետության ստեղծման վերաբերյալ քննարկումների մասին հարցին:
«Ես, Չորրորդ Հանրապետություն ասելով, ի՞նչ ի նկատի ունեմ. ներքին իմաստով նկատի ունեմ ընդունված նոր Սահմանադրություն, ոչ թե Սահմանադրության փոփոխություն, որն ընդունվել է ժողովրդի կողմից, եւ բոլորը, նույնիսկ նրանք, որոնք դեմ են քվեարկել, ընդունում են, որ մեծամասնությունը կողմ է քվեարկել»,-ասաց վարչապետը: Փաշինյանը շեշտեց, որ իրենց կառավարման օրոք Հայաստանում ոչ մի մակարդակում ոչ մի ընտրակեղծիք չի եղել եւ չի կարող լինել: «Եթե անկեղծ ասեմ՝ կառավարությունը, կառավարող քաղաքական ուժը չունի սեղանին դնելու փաթեթ, որ ասի՝ սա է առաջարկում: Եվ դա վատ չէ, ընդհակառակը՝ լավ է. նախ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում, թե դա ինչի մասին է, ինչի համար է»,-նշեց նա՝ կարեւորելով, որ խոսակցություն տեղի ունենա, ըմբռնում ձեւավորվի, որ դա կարեւոր է, պետք է անել, հետո նոր անցնել կոնկրետ բովանդակությանը: Վարչապետը հավելեց՝ ավանդույթ կա, երբ սահմանադրությունները հարմարեցրել են կա՛մ գործող կառավարությանը, կա՛մ գործող կառավարության ղեկավարին: «Մեր մտադրություններն այդպիսին չեն եւ չեն կարող լինել, քանի որ դրա անհրաժեշտությունն ուղղակի չկա»,-նշեց Փաշինյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին հայտարարել էր, որ Հայաստանը կարիք ունի նոր Սահմանադրության: Ըստ նրա՝ Հայաստանը պետք է ունենա Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ եւ ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական եւ ռեգիոնալ նոր պայմաններում: Ավելի ուշ հարցազրույցում, անդրադառնալով հարցին, թե ինքը նոր Սահմանադրություն առաջարկում է նոր՝ Չորրորդ հանրապետության համար՝ վարչապետը պատասխանել էր, որ դա գաղափարներից մեկն է:
ԶՐԿՎԵՑԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ
Երեկ Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» եւ նրանց հետ կոալիցիա կազմած «Հանրապետություն» խմբակցությունների ձեռամբ, ինչպես նաեւ ավագանիում փոքրամասնություն կազմող ՝ ՔՊ կցորդ դարձած «Հանրային ձայն»-ի աջակցությամբ՝ ավագանու երեք ընդդիմադիր անդամներ՝ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանն ու Նարինե Հայրապետյանը, զրկվեցին ավագանու անդամի մանդատներից:
Օրակարգում նախապես ավագանու 5 անդամներին մանդատից զրկելու հարց էր դրված, սակայն Զարուհի Փոստանջյանին ու Գեւորգ Ստեփանյանին մանդատից զրկելու համար իշխանության ձայները չբավականացրին. նրանք կպահպանեն մանդատները:
Իսկ ովքե՞ր են փոխարինելու ավագանու՝ մանդատից զրկված անդամներին:
«Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Մարությանի փոխարեն ավագանու անդամ կդառնա «Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Արամ Մանուկյանը. վերջինս անհատ ձեռներեց է:
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ մեզ փոխանցեց, որ պատրաստվում են վիճարկել ավագանու որոշումը, դիմելու են դատարան, ուստի նման հարց՝ ում են անցնելու Սոնա Աղեկյանի ու Նարինե Հայրապետյանի մանդատները, դեռ չեն քննարկել:
Թե երբ են պատրաստվում վիճարկել որոշումը, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Մեր իրավաբաններն այդ հարցով են զբաղվում, սեղմ ժամկետում կդիմենք դատարան»:
ԱԺ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՆՈՐՈԳՈՒՄԸ
Տարին նոր է սկսվել, իսկ ՀՀ Ազգային ժողովի ավտոմեքենաներն արդեն ենթակա են վերանորոգման։
Բանն այն է, որ Ազգային ժողովը 2024 թվականի հունվարի 24-ին ԱԺ սպասարկող ավտոմեքենաների վերանորոգման համար հատկացրել է 14 մլն 500 հազար դրամ։ Հիշեցնենք, որ նախկինում գրել էինք՝ ԱԺ մեքենաների ապահովագրման համար բյուջեից ծախվել է գրեթե 4 մլն դրամ։ Ավտոմեքենաների վերանորոգման համար կնքվել է պայմանագիր «ՋԻ ԸՆԴ ՋԻ ՄՈԹՈՐՍ» ՍՊԸ-ի հետ, որի տնօրենն է ոմն Արայիկ Ստեփանյան։
Պայմանագրով փոխվելու եւ կապիտալ վերանորոգվելու են ԱԺ մեքենաների շարժիչներից մինչեւ սրահ բոլոր դետալները։ Պայմանագրով մատուցվելու է 416 անուն ծառայություն։
Պայմանագրում նախատեսված պայմաններից են, որ սպասարկման մեքենաների թիվը միանգամից կարող է լինել 3-ը, որոնց պետք է պահել տանիքածածկ եւ հսկվող տարածքում։ Պայմանագրով նախատեսված է, որպես սպասարկող ընկերություն, ունենալ դեֆորմացված թափքի ուղղման ստենդ, զոդման համար անհրաժեշտ սարքավորումներ, այդ թվում՝ նաեւ այլումինի եւ չուգունի, ներկման, չորացման եւ հարդարման ժամանակակից միջոցներ։
Ըստ պայմանագրի՝ բոլոր ծառայությունները պետք է իրականացվեն Երեւան քաղաքի վարչական շրջանում սպասարկման արագությունն ապահովելու նպատակով։