Հայաստանում լուրջ խնդիր է գերեզմանատեղերի ու գերեզմանատերերի չկարգավորված հարցը: Քաղաքացիների մեծ մասը բավականին մեծ գումար է վճարում մոտ (1000-3000 դոլար ) դոլար ` չիմանալով իր վճարած գումարը ի վերջո ու՞մ գրպանն է մտնում ` ինչ-որ անհատի՞, թե ի վերջո պետության:
Խնդիրը լուծելու համար առաջարկվել էր օրենսդրական նախագիծ, սակայն կարծես թե սա էլ մյուս օրենսդրական նախագծերի նման «քնեց» կես ճանապարհին:
Armlur.am լրատվականի թղթակցի հետ զրույցում նախագծի հեղինակ, ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ասաց, որ օրենքի նախագիծը շրջանառության մեջ է և մինչև գալիք քառօրյա այն քննարկվելու է Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովում:
Մարգարյանը խոստովանում է, որ օրինագծի ընդունումը շատ ձգձգվեց, շահարկեցին:
Օրինագիծը թույլ է տալիս, որ մասնավոր գերեզմանոցները կարող են մատուցել մասնավոր ծառայություններ, բայց համայնքային և պետական սեփականության հողերը մնան համայնքային սեփականություն և ինչ-որ ժամանակով տրվեն վարձակալության մասնավորին:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանն էլ մեզ հետ զրույցում գերեզմանատների խնդիրը համարեց արդիական, ավելին ` հաստատեց այն խոսակցությունները թե նոր չէ ծագել դիակիզարաններ կառուցելու գաղափարը: Այլ հարց է, թե ովքեր կօգտվեն նման ծառայություններից: Մի բան, սակայն, ակնհայտ է ` սգո ծառայությունների ոլորտը կարգավորման կարիք ունի:
Խմբակցության անդամը խնդրի առնչությամբ բավական ուշագրավ հայտարարություն արեց: Պարզվում է, որ տարբեր պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, որ գերեզմանատեղերի համար գումար չեն վերցնում, սակայն քաղաքացիները այլ բան են ասում ` նրանցից գանձվում են աստղաբաշխական գումարներ:
Ըստ Սաֆարյանի ` պետք է պարզել ` Երևան քաղաքի բյուջեում հուղարկավորության համար հատկացվող գումարները ինչպես են ծախսվել, արդյոք հանրության գոնե մի մասն օգտվել է դրանից:
Ինչպե՞ս եք ոլորտը կարգավորվելու, եթե մայրաքաղաքի յուրաքանչյուր համայնք, շրջանառվող լուրերի համաձայն, այս կամ այն մեծահարուստի ազդեցության գոտում է:
Հնարավոր է խնդիրը կարգավորել, պարզապես պիտի ընդունվի համապատասխան օրենք:
Սոնա Դավթյան