Ո՞րն է այսօր Հայաստանի ամենամեծ խնդիրը: Այս հարցին կարող են լինել տասնյակ, հարյուրավոր պատասխաններ, սակայն հիմնական խնդիրն այն է, որ մեր իշխանությունները կորցրել են իրականության հետ կապի, ադեկվատության զգացողությունը:
Երկրից ահագնացող արտագաղթի, ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի, հսկայական արտաքին պարտքի, գործազրկության, աղքատության աննախադեպ բարձր մակարդակի և այդ ամենին էլ գումարած ` պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում Հայաստանի իշխանությունները դրսևորում են, մեղմ ասած, անհամարժեք վարքագիծ: Այսօր ողջ իշխանական վերնախավը ` վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, հայտնի կատակերգի նման Սերժ Սարգսյանին զեկուցում են ` «все хорошо, прекрасная маркиза», նա էլ ոչ միայն սիրով հավատում է, այլև ծայրահեղ դժկամությամբ է ընդունում իշխանությունների գործունեության մասին որևէ ` անգամ նվազագույն քննադատություն: Ավելին ՝ իր հրապարակային ելույթներում նա երբեմն հանդես է գալիս այնպիսի գնահատականներով, որոնցից պարզ է դառնում, որ Ս. Սարգսյանը ոչ միայն չի տիրապետում առկա իրական վիճակին, այլև ունի այդ իրավիճակի մասին տրամագծորեն հակառակ պատկերացումները:
Մասնավորապես ` երբ նրա ականջին հասնում է երկրից արտագաղթի մասին դժգոհություն, նա ոլորտի մասնագետներին հրավիրում է խորհրդակցության և մի լավ կշտամբում, թե ինչո՞ւ հանրությանը չեն բացատրում, որ «մարդիկ ոչ թե արտագաղթում են, այլ դիմում են ժամանակավոր միգրացիայի ` արտերկրում աշխատելու, և ապա ` մի քանի ամիս անց վերադառնում»: Եվ փույթ չէ, որ նրա ներկայացրած թվերն իրականության հետ որևէ աղերս չունեն:
Երբ քաղաքացիները բողոքում են գործազրկության մակարդակից, Ս. Սարգսյանը դարձյալ վրդովվում է և հայտարարում, թե «հայ մարդը շատ քմահաճ է, և Հայաստանում 150- 180 հազար դրամ աշխատավարձով աշխատատեղերը թողած ` գնում է Ռուսաստան»:
Եվ դարձյալ ` իրեն նեղություն չի տալիս մտածելու, թե ինչպե՞ս կարող է իր ասածը ճիշտ լինել, եթե, օրինակ, ԳԱԱ աշխատակիցները ստանում են ընդամենը 80 հազար դրամ աշխատավարձ:
Սերժ Սարգսյանին դուր չի գալիս նաև, երբ բողոքում են կոռուպցիայի դեմ: Առավել ևս ` եթե դա անում է իշխանական համակարգից որևէ մեկը, ինչպես, օրինակ, Իշխան Զաքարյանը: Այդ դեպքում նա վրդովված «շշպռում է» ` ասելով ` «քո կարծիքը կարող ես հայտնել ձեր տանը»:
Նույն կերպ էլ նա «մուննաթ»է գալիս դժգոհ քաղաքացու վրա, ասելով ` «Ե՞ս եմ մեղավոր, որ տղադ արտագաղթել է»:
Վերջերս Գերմանիայի կանցլեր Ա. Մերկելը ԱՄՆ նախագահ Բ. Օբամային ասել էր, թե. «Պուտինը կարծես ադեկվատության զգացողությունը կորցրել է»: Եթե Ռուսաստանի դեպքում ոչ ադեկվատ նախագահ ունենալը կարող է և կործանարար չլինել, ապա Հայաստանի նման երկրի համար դա ուղղակի աղետ է: