ՄՐՑԱՆԱԿԱՏԱՇՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես տեղյակ եք, այս տարի լրացավ Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյակը: Եւ, բնականաբար, հայրենի իշխանությունները չէին կարող այս հոբելյանն ըստ արժանվույն չնշել` հատուկ հավաքներ ու մրցանակաբաշխություններ կազմակերպելով: Մոտ քսան օր առաջ Սերժ Սագսյանի մասնակցությամբ  Ջերմուկում կայացած  ՏԻՄ 15-ամյակին նվիրված միջոցառմանը հաջորդեց նախօրեին Մատենադարանում տեղի ունեցած մրցանակաբաշխությունը, որի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանն ուրախ-ուրախ մրցանակներ հանձնեց տարբեր քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներին: Ինչ խոսք, կառավարության կողմից տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի արժեւորումը ոչ միայն անհրաժեշտ, այլեւ միանգամայն ողջունելի քայլ է: Հարցն այն է, սակայն, որ այդ արժեւորումը պետք է արտահայտվի ոչ թե ամենամյա նախապես որոշված անկապ մրցանակներով, այլեւ կառավարության իրական, առարկայական վերաբերմունքով: Այլապես ի՞նչ է նշանակում «Մշակութային լավագույն քաղաքային համայնք» մրցանակը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին տալը: Կամ թե` ԱԺ եւս մի քանի օր նախագահ Հովիկ Աբրահամյանի հայրենի գյուղը` Մխչյանը, «Լավագույն  գյուղական համայնք» ճանաչելը:  Ինչո՞վ է Մխչյանն ավելի լավը, քան հարեւան Հովտաշենը: Ոչնչով: Միակ տարբերությունն այն է, որ Հովիկ Աբրահամյանը ոչ թե հովտաշենցի է, այլ մխչյանցի: Դեռ լավ է, որ, ասենք, Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մարզերից մեկը չէ, թե չէ Ստեփանակերտը կամ Շամխորի հարակից որեւէ գյուղ  կարժանանային «Երեւանում ամենաուժեղ «հարց լուծող» համայնք» մրցանակի: Իսկ եթե ավելի լուրջ, ապա  հաշվի առնելով առկա իրավիճակը, առնվազն տարակուսելի է կառավարության «ջայլամային մոտեցումը», այն դեպքում, երբ Հայաստանի հեռավոր գյուղերը մեկը մյուսի հետեւից ամբողջովին դատարկվում են, երբ  մարզերի քաղաքային բնակավայրերն ու ավաններն օրըստօրե ամայանում են, երբ գնալով պակասում են անգամ երեւանյան բազմաբնակարան շենքերի պատուհանների լույսերը: Իշխանություններն այս ամենի դեմն առնելու լուրջ քայլեր ձեռնարկելու փոխարեն զբաղված են դատարկաբանելով ու խուրձ-խուրձ անիմաստ մրցանակներ բաժանելով: Ի վերջո, ինչպե՞ս կարելի է այս փոքրիկ երկրում, որտեղ այնքան շատ խնդիրներ կան ու դրանց լուծման այնքան սակավ ռեսուրսներ, դրանք  վատնել  օրումեջ միմյանց մրցանակներ տալու վրա: Ընդ որում, այստեղ խոսքը ոչ միայն նյութական, այլեւ բարոյական ռեսուրսի մասին է. երկրի նախագահը, պարզապես քմահաճույքից ելնելով, վաստակավորի կոչում է տալիս  իր զավակի հարսանիքին շախով երգած որեւէ հայտնի միջակության, վարչապետը տարվա լավագույն մշակութային համայնքի պետ է ճանաչում Վարդան Ղուկասյանին, ում գլխավորած համայնքում երաժշտական դպրոցների ուսուցիչներին պարբերաբար աշխատավարձ չեն վճարում… եւ այսպես շարունակ:




Լրահոս