«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է՝ թույլ չեն տալու իշխանություններին Հայաստանի Սահմանադրության մեջ որեւէ փոփոխություն անել:
-Պարո՛ն Սողոմոնյան, գիտենք, որ Նիկոլ Փաշինյանը ազդարարել է սահմանադրական փոփոխությունների մասին, ասել է, որ Հայաստանին պետք է ամբողջովին նոր Սահմանադրություն, «ՀայաՔվե»-ն էլ իր հերթին հայտարարել է, որ պայքարելու է եւ թույլ չի տալու որեւէ փոփոխություն մայր օրենքում: Ի՞նչ եք պատրաստվում անել, որո՞նք են լինելու Ձեր առաջիկա քայլերը:
-Այո՛, հունվարի վերջին եւ՛ Ալիեւը, եւ՛ Նիկոլ Փաշինյանը նույն օրն այդ մասին հայտարարություն արեցին. Ալիեւը դա արեց որպես սպառնալիք, Փաշինյանը դա արեց որպես մանիպուլյացիա, որ, իբրեւ թե, մեր Անկախության հռչակագիրը կոնֆրոնտացիոն է, այն չի ապահովում խաղաղություն եւ այսպես շարունակ: Ո՞վ է ուզում փոխել Հայաստանի Սահմանադրությունը, ո՞վ է ուզում ՀՀ Սահմանադրության նախաբանից հանել Անկախության հռչակագրի վկայակոչումը: Ուզում է մեր թշնամին, որպեսզի հայոց պետականությունը փլուզվի: Եթե մենք հրաժարվում ենք մեր Անկախության հռչակագրից, նշանակում է մեր պետության հիմքում գտնված իրավական ակտերի շղթայի կարեւորագույն օղակն ենք վերցնում եւ մի կողմ գցում եւ դրանով մեր պետականությունը փլուզում: Մեր թշնամու նպատակն է վերացնել հայոց անկախ պետականությունը: Մենք սա պետք է հստակ հասկանանք եւ պետք է նաեւ ասենք, որ մենք այս համաժողովը պլանավորել էինք, իհարկե, հենց մեկ ամիս առաջ, երբ որ այդ հայտարարությունը եղավ: Մեր պայքարի փուլերից մեկն է սա: Խոսքը շատ կարեւոր է, ճիշտ ուղերձներ տալը շատ կարեւոր է, թշնամու նպատակները բացահայտելը կարեւոր է, ինչպես նաեւ շատ կարեւոր է ցույց տալը գործող իշխանությունների կոլաբորացիոնիզմը այդ ուղղությամբ:
-Պարո՛ն Սողոմոնյան, գիտենք, ցանկացած փոփոխություն Սահմանադրության մեջ միայն պետք է ընդունվի հանրաքվեի միջոցով, այսինքն՝ ըստ էության, ժողովրդի որոշումն է սա լինելու: Ի՞նչ եք կարծում, իշխանություններին կհաջողվի՞ հանրության շրջանում կոնսենսուս ձեւավորել:
-Կարճ պատասխան. չի հաջողվելու: Դա չի կարող տեղի ունենալ, հայ ժողովուրդը չի կարող իր իսկ ձեռքով իր իսկ մահվան դատավճիռը կայացնել, բայց շատ կարեւոր է հասկանալ, որ մինչեւ հանրաքվեին հասնելը մենք բոլորս շատ գործ ունենք անելու: Նախեւառաջ պետք է բարձրաձայնենք ի լուր աշխարհի, որ մենք վճռական դեմ ենք լինելու մինչեւ հանրաքվեն մնացած բոլոր իրավական փուլերին:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ
Եվրոպական խորհրդարանը փետրվարի 28-ին ընդունած ԵՄ ընդհանուր անվտանգային եւ պաշտպանային քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցում ընդգծում է Հայաստանի նկատմամբ ագրեսիայի դեպքում Ադրբեջանի դեմ նպատակային ու հասցեական պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
Զեկույցում կոչ է արվում պատրաստ լինել նպատակային եւ անհատական պատժամիջոցներ կիրառել ագրեսիայի հեղինակների դեմ, բայց չսահմանափակվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քաղաքական եւ ռազմական շրջապատով եւ դադարեցնել նավթի ու գազի ներմուծումը Ադրբեջանից ցանկացած ռազմական ագրեսիայի դեպքում։ Եվրախորհրդարանականներն ընդունված զեկույցով կոչ են անում ԵՄ-ին անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ եւ կասեցնել էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը։ Ինչպես նաեւ կասկածի տակ են դնում 2024 թվականին COP29-ը հյուրընկալելու Ադրբեջանի համապատասխանությունը, մինչդեռ երկիրը ծրագրում է հաջորդ տասնամյակի ընթացքում իր հանածո վառելիքի արտադրությունն ավելացնել մեկ երրորդով։
Խորհրդարանականների կարծիքով՝ Հարավային Կովկասում ռազմական գործողությունների վերսկսման վտանգները լուրջ անհանգստության պատճառ են հանդիսանում եւ ցույց են տալիս տարածաշրջանում ԵՄ ավելի ակտիվ ներգրավման անհրաժեշտությունը։
Զեկույցում կոչ է արվում ԵՄ արտաքին գործողությունների ծառայությանն (ԵԱԳԾ) աջակցել երկու կողմերին պատմական խաղաղության համաձայնագրի հասնելու ճանապարհին, ինչպես նաեւ կոչ է անում կողմերին եւ միջազգային հանրությանը զգոն մնալ եւ մերժել դրսից եկող ցանկացած փորձ եւ սադրանք, որն ուղղված է երկու երկրներին թույլ չտալու հասնել կայուն խաղաղության համաձայնագրի։
Եվրախորհրդարանը մտահոգված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման հեռանկարները մնում են փխրուն, այդ իսկ պատճառով ԵՄ-ն պետք է աջակցի եւ խրախուսի երկու կողմերին այս նպատակին հասնելու ճանապարհին, այդ թվում՝ առաջարկելով ԵՄ-ի հետ ավելի սերտ ինտեգրման հեռանկար, եթե նրանք որոշեն գնալ այդ ճանապարհով։ Զեկույցը ողջունում է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության (EUMA) ստեղծումը, որի նպատակն է նպաստել տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը՝ նվազեցնելով միջադեպերի թիվը Հայաստանի՝ հակամարտությունից տուժած եւ սահմանամերձ շրջաններում՝ նվազեցնելով բնակչության համար ռիսկերի մակարդակը։
Ընդունված զեկույցները կոչ են անում ոչ միայն ուժեղացնել եւ երկարացնել քաղաքացիական առաքելության մանդատը, այլ նաեւ դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանի երկայնքով: Կոչ է արվում ԵԱԳԾ-ին պատրաստ լինել անհրաժեշտ տեխնիկական աջակցություն տրամադրելու Հայաստանին Խաղաղության եվրոպական գործիքի (European Peace Facility-EPF) միջոցով, որպեսզի Հայաստանը վերանայի իր ներկայիս ռազմական դաշինքները, քանի որ դա կամրապնդի Հայաստանի ճկունությունը անվտանգության, անկախության եւ ինքնիշխանության ապահովման համատեքստում:
Եվրոպական խորհրդարանն այս զեկույցով խնդրում է ԵԱԳԾ-ին, որպեսզի վերջինը ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովին եւ անվտանգության ու պաշտպանության ենթակոմիտեին գաղտնի ռեժիմով տրամադրի տեղում իրավիճակի մասին առաքելության:
ՄԱՆԴԱՏ ՉՈՒՆԵՆ
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ռուսական որոշակի կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում անվտանգային խնդիրները լուծելու համար։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Ներքին Հանդի հատվածում ՌԴ սահմանապահների ներկայության մանդատ եւ պայմանագիր գոյություն չունի։
«Երեւի մոռացել եք, որ 2020 թվականին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո որոշակի ռուսական կոնտինգենտ տեղակայվել է Սյունիքի մարզում, որպեսզի անվտանգային հարցեր լուծի։ Իրավիճակով պայմանավորված, այո, այդպես է եղել, բայց հիմա քննություն է իրականացվում, որպեսզի այդ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի եւ որտեղ»,-նշեց Խաչատրյանը։
Ճշգրտող հարցին՝ ՌԴ սահմանապահ զորքերը իրավական որեւէ հիմք չեն ունեցել արդյոք, Խաչատրյանը պատասխանեց. «2021 թվականին, իրավիճակով պայմանավորված, տեղակայվել են այնտեղ զուտ անվտանգային խնդիրներ լուծելու համար»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ իրավական հիմքի վերաբերյալ քննությամբ պատասխան կստանան։
Նրա խոսքով՝ քննությունը տեղի է ունենում Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտաքին գործերի նախարարության հետ համատեղ այդ բոլոր իրավական խնդիրները լուծելու համար։
ՀՀ-ԱԴՐԲԵՋԱՆ
2024թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, կայացել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարները եւ նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձեւաչափով։
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունները հյուրընկալելու համար։