Միջազգային ասպարեզում ահաբեկչական կազմակերպության համբավ ունեցող ՀՅԴ-ն ոչ միայն որեւէ քայլ չի անում այդ պիտակից ազատվելու համար, այլեւ կարծես թե փորձում է իր քայլերով հիմնավորել դա:
Եվ այսպես` ՀՅԴ-ն ցանկանում է ընդլայնել հրազեն կրելու իրավունք ունեցողների շրջանակը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արթուր Աղաբեկյանը «Զենքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ է ներկայացրել` առաջարկելով ակոսավոր որսորդական հրազեն կրելու իրավունքը տարածել շատ այլ անձանց նկատմամբ: Նա առաջարկում է նման իրավունք տալ ոչ միայն որսորդության հետ կապված անձանց կամ հատուկ ռազմականացված կազմակերպությունների անդամներին, այլ նաեւ` «բանակում ծառայած տղաներին կամ պաշտպանության, ոստիկանության եւ ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունից սահմանված կարգով արձակված անձանց»: Պատգամավորն իր առաջարկությունը հիմնավորել է նրանով, որ մարտական ծառայություն անցած երիտասարդները կամ զորացրված զինվորականները, միեւնույն է, լավ տիրապետում են զենքին, ու այդ թույլտվությունը կարելի է նաեւ խրախուսանք համարել: Սակայն կառավարությունը երեկ բացասական եզրակացություն է տվել այս նախագծին: Ոստիկանությունը կտրականապես դեմ է բանակում ծառայածներին ակոսավոր հրացան ունենալու թույլտվություն տալուն: Ինչ վերաբերում է այն անձանց, որոնք աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում զենք կրելու թույլտվություն են ունեցել, ապա այստեղ առաջարկվում է մի վերապահում. պետք է ստուգել այդ աշխատակիցների արձակման հիմքերը:
Ուշագրավն այն է, որ զենք կրողների ցանկն ընդլայնելու առաջարկով հանդես է գալիս մի պատգամավոր, որի գործընկերները, այդ թվում` խմբակցության ղեկավարը ժամանակին դատապարտվել են իշխանությունը զենքով, բռնությամբ տապալելու կոչեր հնչեցնելու համար: Եվ դեռ ավելին` քաղաքական իրավիճակի փոփոխության պատճառով ազատ արձակվելուց հետո շարունակում են պնդել, որ ճիշտ են վարվել ժամանակին: Հավանաբար շատերը կհիշեն, թե ինչպես ժամանակին հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաների ու նրանց զավակների մասնակցությամբ տարատեսակ զինված «ռազբորկաների» կամ սպանությունների կիզակետում հայտնվում էին ՀՀ վարչապետի նվիրած զենքերը: Ընդ որում, եկավ մի պահ, երբ նման դեպքերը հաջորդում էին միմյանց: Դժվար չէ պատկերացնել, որ ՀՅԴ նախաձեռնության ընդունման դեպքում ինչպիսի իրավիճակ է սպասվում մեզանում: Թեեւ, եթե անկեղծ լինենք, ապա ՀՅԴ-ի դեպքում նման ցանկությունը կարելի է նորմալ համարել. ի վերջո, այս կուսակցության անդամները ավելի քան 120-ամյա ավանդույթ ունեն` կուսակցության շարքերն անդամագրվելիս երդվել զենքի վրա: Չհաշված այն, որ Ստամբուլն արյան ծով դարձնելու վաղեմի ցանկությունն այս կուսակցության համար գաղափարախոսական արժեք է, որ թեւածում է նրանց երգերում. «Ուխտել ենք կռվել, այդ սիրով մեռնել, համոզուած ենք, որ միայն զենքով կա հայոց փրկություն… տարածենք սարսափ, փառք Դաշնակցության»:
ՍՏԱՄԲՈՒԼԸ` ԱՐՅԱՆ ԾՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նյութերը՝ ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆԻ