Շվեյցարիան մեկնարկում է Հայաստանում անտառների վերականգնման 10-ամյա ծրագիր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալությունը (SDC) գործընկերների՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) և Շվեյցարիայի անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների դաշնային ինստիտուտի (WSL) հետ համատեղ մեկնարկել է «Անտառների վերականգնումը և կլիմայի փոփոխությունը Հայաստանում» (FORACCA) 10-ամյա նախագիծը։ ՇՄՆ-ից հայտնում են, որ այսօր կայացել է FORACCA ծրագրի մեկնարկի միջոցառումը, որին մասնակցել է ոլորտի ներկայացուցչական մեծ խումբ:

Բացման խոսքով հանդես են եկել Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը,վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը, Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, հավասարապես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության ծրագրի պատասխանատու Վերներ Թութը, ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը, ՀԱԱՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Զաքոյանը և WSL-ի հետազոտությունների համակարգող Մարկո Պյուցը։

Նախարարի տեղակալն անդրադարձել է անտառապատ տարածքների ավելացման Հայաստանի Հանրապետության հանձնառությանը և խոսել ծրագրի բաղադրիչներից ու շրջակա միջավայրի կայուն կառավարման տեսանկյունից դրանց կարողությունից:

«Չափազանց կարևորում եմ ծրագրի գիտահեն և երկարաժամկետ լինելը, ինչը հիմք է, որ ծրագրի ընթացքում շահագրգիռ համայնքների հետ ունենալու ենք ակտիվ համագործակցություն: Ցանկացած ծրագրի դեպքում շրջակա միջավայրի նախարարությունն առաջին հերթին խրախուսում է ներառականությունը և հարակից համայնքների ակտիվ ներգրավվածությունը: Միայն համայնքների հետ համահունչ աշխատանքով է հնարավոր պահպանել շրջակա միջավայրը»,- նշել է նախարարի տեղակալը և կրկին շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի կառավարությանը` Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ներդրմսն և ֆինանսակսն աջակցության համար:

Ամփոփելով ելույթը` նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանն հույս է հայտնել, որ Շվեյցարիայի առաջադեմ գիտելիքները, անտառների, լանդշաֆտների և կլիմայի հետազոտությունների հավաքական փորձը լավագույնս կներդրվեն մեր երկրում:

Բացման խոսքերին հաջորդել է աշխատաժողովը, որին մասնակցել են շահագրգիռ կողմերը համապատասխան պետական մարմիններից, ակադեմիական հաստատություններից, ինչպես նաև շահագրգիռ մասնագիտացված հասարակական կազմակերպություններից:

Ծրագրի բյուջեն կազմում է 10 մլն CHF (մոտ 11,5 մլն ԱՄՆ դոլար) 2023-2033 թվականների համար, եթե SDC-ի ֆինանսական իրողությունը թույլ տա ժամանակի ընթացքում: FORACCA-ի երեք հիմնական նպատակներն են զարգացնել կլիմայի փոփոխության հետ կապված Հայաստանի մարտահրավերների գիտական ըմբռնումը և զարգացնել կարողություններ՝ դրանք լուծելու համար: Այն խթանում է կլիմայական խելացի գործելակերպը անտառամերձ համայնքներում: Արդյունքում ծրագիրը թույլ կտա փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել կլիմայի հարմարվողականության և անտառների արդյունավետ կառավարման համար:




Լրահոս