Օրերս մեզ էր դիմել հոկտեմբերի 17-ին Իջեւան քաղաքում կայացած ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացին եւ ստուգարքին մասնակցած, սակայն անհաջողության մատնված քաղաքացիներից մեկը` բողոքելով ստուգարքի ընթացքից: «Կտրվածն» ասում էր, որ դասընթացավարն իր հետ խիստ էր, դժկամ, որ նրա այդ վերաբերմունքի պատճառն, ըստ ամենայնի, այն էր, որ ինքը ոչ թե որեւէ կուսակցության ցուցումով է դասընթացին մասնակցել, այլ սեփական նախաձեռնությամբ: Նշենք, որ այս ստուգարքը հաջողությամբ հաղթահարածները հնարավորություն են ստանում ընդգրկվելու ընտրական հանձնաժողովների կազմում:
Խնդրի կապակցությամբ զրուցեցինք N 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ Սմբատ Գասպարյանի հետ, ով այդ օրը ներկա է եղել Իջեւանի տուրիզմի կենտրոնում կայացած դասընթացին եւ ստուգարքին: Վերջինս ասաց, որ դասընթացը եւ ստուգարքը բնականոն են անցել, որ դրանց մասնակցել են նաեւ իր երկու բարեկամները` քեռին եւ քեռու թոռը, որոնցից, սակայն, ստուգարքը հանձնել է միայն մեկը: Այս առնչությամբ դիմեցինք նաեւ ՀՅԴ-ի եւ «Ժառանգության» մարզային պատասխանատուներին: ՀՅԴ Տավուշի մարզային կառույցի անդամ Քաջիկ Մարդանյանն ասաց, որ դեռեւս չեն ծանոթացել կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային կայքում հրապարակված տվյալներին եւ չգիտեն, թե իրենց կուսակցության անդամներից քանիսն են հաջողությամբ հանձնել ստուգարքը: «Ժառանգություն» կուսակցության մարզային համակարգող Մարիետա Սահակյանը եւս անտեղյակ էր ստուգարքի արդյունքներին: Մեր հավաստի աղբյուրներն ասում են, որ Տավուշի մարզում կայացած այլ դասընթացների ժամանակ տնավարի մթնոլորտ է տիրել, ՀՀԿ-ական շատ անդամների օգնել են հանձնել ստուգարքը: Երբ ուսումնասիրում ենք Տավուշի մարզում ստուգարքը հաջողությամբ հանձնածների` ԿԸՀ-ի կայքում հրապարակված ցուցակը, ապա տեսնում ենք, որ դրանց մեջ գերակշռում են մարզի համայնքապետարանների եւ դպրոցների մանկավարժները:
ԻՐԵՆՔ ԻՐԵՆՑՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ