ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՆԱԵՎ ՆՈՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս կատարած այցը հաստատում է երկու կողմերի հետաքրքրությունն ու վճռականությունը համագործակցության զարգացման եւ ամրապնդման ճանապարհին: Այդ համագործակցությունը կիրացնի երկու ժողովուրդների շահերը՝ նաեւ հենվելով պատմական երկարամյա հարաբերությունների վրա, որոնք կապում են երկու երկրներին»,- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին՝ հավելելով, որ հազարավոր հայեր ապրել են Եգիպտոսում եւ իրենց նպաստը բերել եգիպտական հասարակության զարգացման մեջ տարբեր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային եւ արվեստի։

 

«Այսօր մեր կողմից անցկացրած բանակցությունները հաստատել են երկու երկրների սպասումները, որպեսզի ավելացնենք առեւտրաշրջանառության ծավալները, ինչպես նաեւ ուժեղացնենք ներդրումային գործոնը երկու կողմերի միջեւ, ինչը կհամապատասխանի երկու երկրների միջեւ առկա քաղաքական հարաբերությունների մակարդակին։ Համագործակցությունը կարող է զարգանալ նոր ոլորտներում եւս, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, սննդային եւ դեղագործական արդյունաբերության։ Նաեւ այսօրվա խորհրդակցությունների ընթացքում հաստատել ենք եգիպտական փորձի փոխանակման պատրաստակամությունը` ենթակառուցվածքների, շինարարության, տրանսպորտի եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում: Ինչպես նաեւ մենք օգուտ կքաղենք հայկական փորձից, կոնկրետ հայկական այն ընկերություններից, որոնք աչքի են ընկնում արհեստական բանականության ոլորտում»,- ասել է աս-Սիսին։

Քննարկումների ընթացքում առանձնահատուկ կերպով ընդգծվել է տնտեսական եւ տեխնիկական համագործակցության ոլորտում երկկողմ հանձնաժողովների համատեղ նիստերի կիրառման անհրաժեշտությունը:

Եգիպտոսի նախագահը ՀՀ վարչապետին ներկայացել է այն ջանքերը, որոնք Եգիպտոսը գործադրում է Գազայի օկուպացված հատվածում, ինչպես նաեւ արեւմտյան ափում հրադադարի հասնելու համար, որով հնարավորություն կստեղծվի պաղեստինյան հիմնահարցում ինքնավար Պաղեստինի Հանրապետության ձեւավորմանը 1967 թվականի հունիսի 4-ի սահմանագծի հիման վրա, եւ նրա մայրաքաղաքը կլինի Արեւելյան Երուսաղեմը:

«Անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղություն հաստատել` պատերազմի եւ ավերածությունների փոխարեն: Ինչպես նաեւ այս բանակցությունների ընթացքում հաստատել ենք Եգիպտոսի աջակցությունը ցանկացած նախաձեռնությունների, որոնք ձգտում են խաղաղության եւ կայունության հաստատմանը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Մենք մեր ամբողջական աջակցությունն ենք հայտնում երկխոսությանը եւ բանակցային պրոցեսին` ձգտելով համապարփակ, արդարացի խաղաղության հաստատմանը: Սա կստեղծի նոր փուլ` աճի եւ զարգացման, ինչը կծառայի տարածաշրջանի ժողովուրդների շահերին: Ես իմ հույսն եմ հայտնում, որ այս այցով կլինի շատ կարեւոր քայլ, որպեսզի երկու բարեկամ երկրների միջեւ բոլոր ոլորտներում ամրապնդվի եւ հզորանա համատեղ համագործակցությունը, ինչը կհարստացնի հարաբերությունները եւ պատմական կապերը, որոնք համախմբում են երկու երկրների ժողովուրդներին: Շնորհակալություն, մեծարգո՛ պարոն վարչապետ»,- եզրափակել է իր խոսքը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին:

 

 

 

«ՔՈ ՍԱՐՔԱԾԸ ՄԵՆՔ ՔԱՆԴԵԼ ԵՆՔ»

«Վազգեն Սարգսյանը՝ որպես առաջնորդ, միասնականության խորհրդանիշ է, եւ նրա կերպարի մեջ մենք պետք է տեսնենք մեր բոլոր մարտական ընկերներին, այստեղ հանգչող բոլոր հրամանատարներին ու զինվորներին»,- մարտի 5-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

 

«Այնտեղ, որտեղ Վազգեն Սարգսյանն էր հայտնվում, այնտեղ միանշանակ մթնոլորտ էր ձեւավորում, համախմբվում էին եւ պատրաստ էին գործելու, աշխատելու, պայքարելու:

Մենք Վազգեն Սարգսյանի ժամանակ ձեռք ենք բերել արժեքներ, որոնք պետք է պահպանել: Հենց այնպես ոչինչ չի լինում, պետք է պայքարել: Եթե մենք թույլ լինենք, հակառակորդը, այսօրվա տարածաշրջանի դերակատարները, թուրք-ադրբեջանական տանդեմը անընդհատ մեզ ճնշելու են, իսկ այսօր մենք այդ թուլությունը տեսնում ենք ՀՀ իշխանությունների մոտ: Նրանք ժողովրդին համոզում են, որ պետք է համակերպվել: Ես առավել քան վստահ եմ, որ եթե այսօրվա իշխանությունները լինեին արցախյան առաջին պատերազմի ժամանակ, այն ժամանակ էլ էինք մենք պարտվելու:

Վազգեն Սարգսյանի ժամանակ մենք ֆիդայական ջոկատներից ձեւավորել ենք կանոնավոր բանակ, նրանց զինել ենք: Այդ սպառազինության մեծ մասը ձեռք ենք բերել մեր ռազմավարական գործընկերներից: Այն ժամանակ էլ որեւէ արգելք չի եղել որեւէ երկրից ձեռք բերել սպառազինություն, եւ որքան հնարավոր է եղել, կարողացել ենք ձեռք բերել: Մեր սպառազինության զգալի մասը մենք ուղղակի խլել ենք հակառակորդից որպես ավար մարտական գործողությունների ժամանակ»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ այս իշխանությունների ժամանակ այդ կանոնավոր բանակը դարձավ անկանոն կազմակերպություն: «Այլ կերպ չի կարելի ասել, երբ երկրի վարչապետն ասում է՝ ով ինչ ունի տանը, թող վերցնի, գնա մարտական գործողություններին մասնակցի: Մոբիլիզացիա չկազմակերպվեց, եւ բանակին թիկունք չկանգնեցին: Ի վերջո, այն սպառազինությունը, որ մենք ձեռք էինք բերել ռազմատեխնիկական համագործակցությամբ եւ որպես ավար, որպես ավար հանձնվեց հենց նույն հակառակորդին:

Ու երբ այսօր գալիս են, ձեւական ծնկի են իջնում սպարապետի շիրիմի առջեւ, դրա փոխարեն իրենք պետք է ամրապնդեին մեր բանակը, մեր պաշտպանությունը:

Այսօր այցելելով սպարապետի շիրիմին՝ մենք ասում ենք՝ քո գործը անմար է, եւ մենք շարունակելու ենք, իսկ այսօրվա իշխանությունները խոստովանում են Սպարապետին՝ Սպարապե՛տ, քո ամեն ինչը, քո ձեռքբերումները, քո սարքածը մենք քանդել ենք եւ այսօր էլ ծնկի իջած կերպով հանձնվում ենք հակառակորդի պահանջներին»,- ասաց Սեյրան Օհանյանը:

 

 

 

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ ԳԱԶԱՅԻՆ

«Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետեւանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ»,- մարտի 5-ին՝ Կահիրեում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպումից հետո, իր հայտարարության մեջ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նաեւ նշել է. «Մենք ինքներս վերապրել ենք քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը եւ միանում ենք Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին: Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու եւ օտարերկրացիներին տարհանելու հարցերում։

Մենք նաեւ քննարկեցինք եւ Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, եւ շնորհակալություն նախագահ աս-Սիիսին այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին»։

 

 

 

ՍԱՀՄԱՆԸ ԲԱՑ Է

Ռուս գործընկերները չեն հաստատում տեղեկությունը, որ Ռուսաստանը որոշել է մարտի 6-ից արգելել հայկական մեքենաների անցումը Վերին Լարս անցակետով։ Այս մասին մարտի 5 ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության Վերին Լարսի անցակետում գտնվող մաքսային կցորդ Վահան Հակոբյանը՝ մեկնաբանելով լրատվամիջոցների համապատասխան տեղեկատվությունը։

«Ես ծանոթ եմ այս տեղեկատվությանը, որը տարածվել է լրատվամիջոցներով,սակայն ռուս գործընկերներն ասացին, որ նման խոսակցություններ կամ հրահանգներ չեն եղել։ Նրանք հավելեցին, որ այս մասին առաջին անգամ են լսում։

Այս պահին սահմանափակումներ չկան, սահմանը բաց է, բեռները գրանցվում են։ Ոչ մի խոչընդոտ չկա»,- նշել է Հակոբյանը։

Նա ասաց, որ անցակետում մեքենաների կուտակումներ չկան, ճանապարհը բաց է, մեքենաներն անցնում են սովորականի պես։

 




Լրահոս