Ի՞նչ պատմամշակութային կոթողներով է հարուստ Բաղանիս գյուղը. ե՞րբ են թվագրվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ուսումնասիրել է Տավուշի շրջանի 4 գյուղերում (Ոսկեպար, Բաղանիս, Ոսկևան, Կիրանց) գտնվող պատմամշակութային կոթողները և այդ կոթողների ունեցած պատմական ու մշակութային արժեքները: Նշված 4 գյուղերը կորցնելով՝ Հայաստանը հայկական տուրիզմը կկորցնի, նաև մի շարք կոթողներ ու տեսարժան վայրեր:

Տավուշի մարզի Բաղանիս գյուղում գտնվող մի շարք եկեղեցիներ, ամրոցներ, խաչքարեր ու հուշարձանները մեզ են հասել դեռևս Ք.ա 2-1 հազարամյակներից: Գյուղի տարածքում առկա բազմաթիվ պատմամշակութային հուշարձաններից 8-ը գրանցված են Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների ցանկում։

Բաղանիս գյուղում է գտնվում համանուն անվամբ ամրոցը, որը կառուցվել է Ք.ա. 2-1 հազարամյակներում:

«Բաղանիս» ամրոցը գտնվում է գյուղից 1 կմ հարավ-արևմտյան հատվածում, Ոսկեպար տանող ճանապարհի ձախ եզրին՝ կլոր բլրի վրա: Այս նույն տեղանքում է գտնվում մ․թ․ա․ 2-1-ին հազարամյակից մինչև ուշ միջնադարով թվագրվող բնակատեղին:

Գյուղն ունի երկու եկեղեցի, որից միայն մեկն է այսօր կիսակառույց պահպանված: Մի եկեղեցին (անունը հայտնի չէ) գտնվել է գյուղի հարավային եզրին և կառուցվել է 12-13-րդ դարերում, այնուհետև վերակառուցվել է 19-20-րդ դարերում: Մյուսը՝ Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցումը թվագրվում է 4-5-րդ դարերում: Պահպանվել են խորանի մասը, հյուսիսային պատը (ողջ երկարությամբ՝ մինչև թաղածածկը)՝ դրանց կից հարավային ու արևմտյան պատերի սկզբնամասերը։ Պատերի ստորին երեսաքարերը հիմնականում բացակայում են։ Թաղակամարների և թաղակապ ծածկի հետքեր, ինչպես նաև տարածքում ավերված մասերի բեկորներ կամ քարեր չեն պահպանվել։

Կառուցված է հիմնականում դեղնավուն ֆելզիտե սրբատաշ խոշոր (ստորին մասերում 60-65 սմ բարձրությամբ) քարերով։ Վերջին երեք շարքերի քարերն իրենց կանաչավուն երանգով տարբերվում են մյուսներից։ Մնացորդները աչքի են ընկնում քարի մշակման և շարվածքի բարձր մակարդակով, կրաշաղախե միջուկի բացառիկ ամրությամբ։

Բաղանիսի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքում է գտնվում 19-20-րդ դարերից պահպանված գերեզմանատեղին, որտեղ հուղարկավորված են եկեղեցու, ուխտատեղիների կառուցողների ու վերակառուցողների գերեզմանաքարերը:

Ջուջևան-Բաղանիս ճանապարհի հարավային կողմում գտնվում է երկու խաչքարեր, որոնք թվագրվում են 12-13-րդ դարերից:

Գյուղում 1965 թվականին կանգնեցվել է նաև հուշաղբյուր՝ Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակին:

Գյուղի տարածքում կան նաև հանքային աղբյուրներ։

Նանիկ Աղասյան




Լրահոս