Դատական համակարգում ներքին խմորումներն ավելի են խորացել։ Խոսակցություններ են պտտվում, որ իրենց խաբել են։ Բանն այն է, որ դատավորների ներքին խմբի խոսակցության բացահայտումից հետո, երբ առաջին հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանը, տպավորությունն այնպիսին էր, որ թեման պետք է այս մեկ հրաժարականով փակված լիներ, քանի որ Արշակ Վարդանյանին խոստացել են իշխանական վերնախավից, որ նրա հրաժարականից հետո մյուս դատավորներին հանգիստ կթողնեն, սակայն նրանց նկատմամբ ճնշումները շարունակվել են ու հասել եւս երկու դատավորի՝ Կարեն Մարդանյանի եւ Սերգեյ Մարաբյանի հրաժարականին։ Սպասվում է նաեւ Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանի հրաժարականը:
Ասել է թե՝ Արշակ Վարդանյանին խաբել են։
Դատական համակարգում այս խառնաշփոթից հետո հարց է առաջանում՝ ինչու մյուս դատավորների ճակատագրին չի հետեւում դատավոր Ռուբիկ Մխիթարյանը եւ ազատման դիմում գրում. միգուցե նրան այդ դատավորների ներքին խոսակցությունը իշխանական վերնախավին հասցնելու համար պաշտոն կամ այլ բան են խոստացե՞լ։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ուշագրավ գրագրություն է ի հայտ եկել, որտեղ վերոնշյալ դատավորները իրենց ներքին խմբում կոնկրետ քաղաքական իշխանության եւ նրանց կանանց հասցեին հայհոյանքներ են արել, ու դատավորներից մեկն այդ գրագրությունը հասցրել է քաղաքական իշխանություններին, ինչից հետո էլ հայհոյանքներ գրած դատավորներին ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ ու հեռանալ համակարգից:
Ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գրագրությունը քաղաքական իշխանություններին հասցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը, որն իշխանություների «սրտի» դատավորն է, ու ամեն գնով ցանկանում են նրան տանել ԲԴԽ՝ որպես դատավոր անդամ: Իսկ ինչո՞վ է զբաղված ՀՀ բարձրագույն դատական խորհուրդը՝ ի դեմս նախագահ Կարեն Անդրեասյանի: ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը Սահմանադրությամբ եւ օրենսգրքով սահմանված լիազորություններն իրականացնելու միջոցով երաշխավորում է դատարանների եւ դատավորների անկախությունը: Սակայն, իրականում Կարեն Անդրեասյանը ոչ թե պաշտպանում է դատավորների անկախությունը, այլ հենց նա է տարբեր ճանապարհով դատավորներին ճնշողներից մեկը:
Հինգշաբթի օրը Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին փուլով ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքային իշխանությունները վերջին պահին առանց ընդդիմադիր ավագանու անդամների են հարցը բերել օրակարգ ու միանձնյա ընդունել այն։ «Հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել գաղտագողի, այսինքն՝ նիստը հրավիրված է եղել, բայց հարցը օրակարգ մտցրել են նիստը սկսելուց 1 ժամ առաջ՝ հրատապի տակ. թե որն էր հրատապությունն այս հարցի, չեմ կարող ասել: «Հանրային ձայն»-ի ներկայացուցիչները դուրս եկան ու չմասնակցեցին հանձնաժողովի նիստին, «Ազգային առաջընթաց» խմբակցության ներկայացուցիչներից միայն Պեդրո Զարուկյանն էր ներկա, իսկ մերոնցից հանձնաժողովի 3 անդամներն էլ ներկա էին: Երբ ՔՊ-ի հետ ընդհանուր հայտարարի չեկանք, ես, թվեր հրապարակելով, նրանց ասացի, որ վատ կառավարիչ են, ու մենք էլ լքեցինք հանձնաժողովի դահլիճը: Իրենք իրենց անցկացրին նախագիծը՝ առանց ընդդիմության»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը: Տրանսպորտի թանկացման նախագիծը ընդգրկված է լինելու ավագանու՝ մարտի 12-ի նիստի օրակարգում. կներկայացվի արդեն վերջնական քննարկման ու կընդունվի: Ավագանու ընդդիմադիր թեւը հակված է բոյկոտել նիստը։ «Ես վստահ եմ, որ մեր խմբակցությունը օրինագծի քվեարկությունը կբոյկոտի. բոյկոտը միակ գործիքակազմն է, քանի որ դեմ քվեարկելը նույնն է, ինչ կողմ քվեարկելը»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը:
«Սեներջի»-ի «իրավիճակը» ամենուր է. Անգամ ոչ մասնագետի մոտ, որն ընթերցի Շրջակա միջավայրի նախարարության կողմից վառելիքի ձեռք բերման լուսանկարում պատկերված փաստաթուղթը, կառաջանա ընդամենը 2 միտք՝ կա՛մ ՀՀ-ում բենզին չկա, կա՛մ թալան ժամանակներ են մեր օրերում, քանզի այլ կերպ հնարավոր չէ հասկանալ, թե ինչու ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մատակարարել Հակոբ Սիմիդյանի նախարարությանը 11.2 տոննա վառելիք։ Հ.Գ. Կոռուպցիայի դեմ պայքարի մասնագետները փաստում են, որ նման դեպքերում պոտենցիալ հանցագործները, արհեստական վիժեցնելով տենդերը, նախադրյալ են ստեղծում գնումը կատարել մեկ (իրենց նախընտրած) անձից եւ համապատասխան գնով ու ատկատով։ «Ժողովուրդ» օրաթերթը կհետեւի ՇՄ նախարարությունում տիրող տենդերային բարքերին։
Պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության եւ անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմինը՝ Էկոպարեկային ծառայությունը, 2024 թվականի առաջին եռամսյակում 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել։ Ըստ պայմանագրի՝ Էկոպարեկային ծառայությունը մի դեպքում գնել է 7000 լիտր բենզին՝ Ռեգուլյար, 480 դրամով, իսկ մյուս դեպքում՝ 1900 լիտր 510 դրամով։ Գնման եւ ձեռք բերման պայմանագրերը կնքվել են «Մաքս օիլ» ՍՊԸ-ի հետ։ Հավելենք նաեւ, որ «Մաքս օիլ»-ը պատկանում է Հայաստանի հանրապետական կուսակցության նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանին: «Մաքս օիլ»-ի տնօրենը Կամո Մելքոնյանն է: Նա նաեւ «Կամօյլ» ՍՊԸ-ի տնօրենն ու սեփականատերն է: Նրա բիզնեսները հեղափոխությունից հետո բավական արտոնյալ կարգավիճակում են: «Մաքս օիլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2016 թվականին։ Այս ընկերության՝ վառելիքի շուկա մուտք գործելը 2016 թվականի իշխանությունները՝ ի դեմս Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այդ ժամանակվա նախագահ Արտակ Շաբոյանի, ներկայացրին որպես բենզինի շուկայի ազատականացում ու մրցակցության մեծացում: Այժմ վառելիքի շուկայում կան խոշոր ներկրողներ, օրինակ՝ CPS-ը, Flash-ը եւ Max Oil-ը։ Նշենք, որ Էկոպարեկային ծառայության նոր օրենքն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարի 1-ից։ Ծառայության լիազորություններն են պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության իրականացումը, պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ու նորմերի պահպանման նկատմամբ հսկողությունը, հրդեհների կանխարգելման, ինչպես նաեւ հրդեհների եւ արտակարգ այլ պատահարների ժամանակ անհետաձգելի միջոցառումների իրականացումը եւ այլն։ Թե ինչքանով են պահպանվում մեր անտառները, խիստ հարց է: