Վերջերս «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հոդված էր հրապարակել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանական կողմի հարցերին պատասխանելու քննիչի պարտականության և դատարանի կողմից քննիչին այդ պարտականությունից ազատելու անթույլատրելիության մասին (Հղումը՝ այս հասցեով. https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0DLmCARLsRmkhiY5Ldx9GGFsraPUrt3K2Uyz5cnENnuFHVKMacTUDbDqkrWfTaEcWl&id=100062815863997):
Հոդվածում ներկայացված մտահոգությունների հիմքում կոնկրետ գործ էր, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը միջնորդության քննարկման ընթացքում քննիչին հայտնել էր պաշտպանական կողմի հարցերին պատասխանելուց հրաժարվելու իրավունքը, որից քննիչը օգտվել էր, իսկ դատարանը կայացրել էր միջնորդությունը բավարարելու մասին որոշում:
Հիշյալ դատական ակտի դեմ «LSA» փաստաբանական գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի կողմից բերված հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մեր կողմից տեսական մակարդակում ներկայացված մոտեցմանը հաղորդեց գործնական կիրառություն՝ արձանագրելով, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ պաշտպանության կողմի հարցերին պատասխանելը քննիչի պարտականությունն է և դատարանը իրավասու չէ քննիչին տալու հարցերին պատասխանելուց հրաժարվելու հնարավորություն:
Քանի որ մեր կարծիքով քննիչի կողմից պաշտպանության կողմի հարցերին չպատասխանելը հանգեցնում է պաշտպանության իրավունքի ու կողմերի իրավահավասարության սկզբունքի խախտման, ինչպիսի իրավիճակը պետք է իր ազդեցությունն ունենա նաև միջնորդության քննարկման արդյունքում կայացվելիք ակտի վրա, այդ պատճառով այս պահին նախապատրաստվում է վճռաբեկ բողոք՝ հիշյալ հարցերի առնչությամբ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ստանալու ակնկալիքով: