ԱՐՄԱՎԻՐԻՑ ՄԵԾ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2030թ.-ին միայն առաջին համալսարանը կտեղափոխվի Ակադեմիական քաղաք. ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:

 

Նրա խոսքով` Հայաստանում բուհերի թիվը կկրճատվի. կունենանք ընդամենը 6 բուհ:

-Տիկի՛ն Ղազարյան, Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարեց, որ երկարաժամկետ սահմանում Երեւանում որեւէ բուհ չպետք է լինի, Ակադեմիական քաղաքից դուրս առհասարակ որեւէ բուհ չպետք է լինի: Երկարաժամկետ ասելով՝ ի՞նչ նկատի ուներ, ի՞նչ ժամկետների մասին է խոսքը, ի՞նչ փուլում պետք է այս ծրագիրն իրագործվի:

-Վերջնաժամկետի հարցում դեռեւս որոշում չկա, կա առաջին փուլի վերաբերյալ որոշում, որ 2030 թվականից արդեն առաջին բուհը տեղափոխված կլինի Ակադեմիական քաղաք, եւ դա նորություն չէ. թե՛ Ակադեմիական քաղաքի հայեցակարգում, թե՛ կրթության մինչեւ 2030 թվականի ռազմավարության մեջ նշված է եղել: Մենք խոսում ենք քաղաքի մասին, որն իր մաշստաբներով ավելի մեծ է, քան պայմանականորեն ասած Արմավիր քաղաքը, այսինքն՝ շատ մեծ ենթակառուցվածքի մասին է խոսքը, շատ աշխատանք կա անելու նաեւ ենթակառուցվածքային մասով մինչեւ բուհերի բովանդակային տեղափոխումը: Մենք նախատեսում ենք, որ առաջին փուլը տեղի կունենա 2030 թվականին, իսկ երկարաժամկետը մի քանի տասնամյակի կտրվածքով է:

-Տիկի՛ն Ղազարյան, նաեւ անհանգստություն կա ուսանողների շրջանում. ասում են՝ հեռավոր գյուղերում բնակվող ուսանողը ինչպես է գալու, հասնի Ակադեմիական քաղաք: Սա չի՞ նպաստի նրան, որ ուսանողը կհրաժարվի բարձրագույն կրթություն ստանալուց:

-Բանականաբար, Ակադեմիական քաղաքի ենթակառուցվածքները ենթադրում են հանրակացարանային հատվածներ, կլաստերներ, եւ ինչպես որ հեռավոր գյուղերից գալիս են եւ Երեւանում բնակարաններ են վարձում, ինչն ընտանիքների համար ծախսատար է, այդ դեպքում էլ հեռավոր գյուղերից կգան եւ կմնան այդ տարածքում՝ Երեւանի եւ Աշտարակի միջեւ. հանրակացարանները կա՛մ շատ մատչելի, կա՛մ  գրեթե անվճար կլինեն ուսանողների համար: Սա հայեցակարգային հարց է եւ դեռեւս քննարկման փուլում է՝ կախված իր ծախսերից, բայց նման խնդիր, կարծում եմ, չի առաջանա:

-Իսկ տրանսպորտի հետ կապվա՞ծ:

-Ես ենթադրում եմ, որ Դուք պետք է որ տեսած լինեք մեր գերմանացի գործընկերների հանրային մեկնաբանությունները՝ դրա հետ կապված: Առաջին բանը, որ նրանց հետաքրքիր է քաղաքը նախագծելու համար, իհարկե, տրանսպորտային ենթակառուցվածքներն են, որովհետեւ դա նաեւ նրանց վարկանիշի համար է խնդիր. նրանք մի քանի տասնամյակ գործող կազմակերպություն են, որ շատ հաջողակ ծրագրեր ունեն, այդ թվում՝ ուսանողական քաղաքների, եւ իրենց համար ամենակարեւորն այն է, թե ինչպես են  մարդիկ հասնելու, որպեսզի դատարկ քաղաք չլինի: Տարածքը, որի մասին խոսում ենք, գտնվում է Հյուսիս-հարավ մայրուղու  հարակից տարածքում, այսինքն՝ դա, այսպես ասած, աշխարհաքաղաքական նշանակության տրանսպորտային ենթակառուցվածք է, այդտեղով է անցնում նաեւ երկաթգիծը, որն այս պահին բեռնափոխադրող է, բայց ուղեւորատար գնացքների հնարավորություն ենք այս պահին քննարկում, որը կարող է հասցնել ուսանողներին քաղաք: Ինչպես գիտեք, դեպի այդ կողմ նաեւ քաղաքապետարանը նախագծում է Աջափնյակ մետրոյի կայարանը, որից շատ ավելի մոտ կլինի Ակադեմիական քաղաքը:

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԲԱ Ի՞ՆՉ ՊԵՏՔ Է ԱՆԵՐ

Մարտի 15-ից ՌԴ-ում մեկնարկել էին նախագահական ընտրությունները։ ՌԴ նախագահի պաշտոնին հավակնում էին ՌԴ ԿԸՀ-ի կողմից գրանցված չորս թեկնածուներ՝ Լեոնիդ Սլուցկին, Նիկոլայ Խարիտոնովը, Վլադիսլավ Դավանկովը եւ Վլադիմիր Պուտինը:

 

Նշենք, որ Պուտինն ու ՌԴ վարչապետը քվեարկել են առցանց՝ դուրս չգալով իրենց աշխատասենյակից։

Նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքել է ձայների 87. 97%-ը, ինչը ռեկորդային է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ։

Այս թեմայով ArmLur.am-ը կապ հաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ՝ պարզելու համար՝ արդյոք կարող էր Վլադիմիր Պուտինն այդքան ձայն հավաքել ընտրություններում, եւ ինչքանով է ճիշտ համարում Պուտինի՝ նախագահ ընտրվելը։

Շարմազանովի խոսքով՝  այսպես էլ պետք է լիներ, եւ  սա Վլադիմիր Պուտինի անձնական ընտրությունը չէ։

«Բա ինչ պետք է աներ։ Ինչ-որ մեկը կասկածում էր, որ ՌԴ նախագահը, այն էլ Ուկրաինայում ընթացող մարտական գործընթացներին զուգահեռ, պետք է պարտվե՞ր։ Սա Պուտինի անձնական ընտրությունը չի, սա լեգիտիմություն է։ Ռուսաստանի քաղաքացիների կողմից սատարվում է պետության, Ռուսաստանի ինքնիշխանության ու անկախության պայքարը՝ ընդդեմ հավաքական Արեւմուտքի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը։

«Ես՝ որպես քաղաքական գործիչ, որպես քաղաքագետ, որպես Ռուսաստանին բարեկամ նայող մարդ, որպես ով կուզեք, մի բան հստակ կարող եմ ասել, որ Ռուսաստանի քաղաքացիները ոչ թե քարտբլանշ տվեցին, այլ իրենք այս պատերազմական փուլում, Ռուսաստանի համար այս վճռական փուլում իրենց սատարումը հայտնեցին պետական կառավարման, արտաքին քաղաքական ու անվտանգային գոտուն, որն իրականացնում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- մեզ հետ զրույցում նշեց Շարմազանովը՝ նաեւ հավելելով, որ Ռուսաստանում երբեք ոչ մի ընտրություն այսքան բարձր ցուցանիշ չի գրանցել։

Սահմանափակելով զրույցը՝ Շարմազանովն ասաց, որ եթե Արեւմուտքը ներկայացնում է, որ Պուտինն իբրեւ իր անձնական ամբիցիաների կռիվն է տալիս, կարող ենք ասել, որ ռուս ժողովուրդն այս ընտրությունով ասաց, որ իր նախագահին է սատարում, ինչ անում է, նրա կողքին են։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀ քննչական կոմիտեում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցաքննությունից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Արսենյանի հարցաքննությունը տեւել է մոտ մեկ ժամ. վերջինս քննիչի հարցերին, թե ճանաչում է արդյոք գործով կալանավորվածներին, երբեւէ տեսել է նրանց կամ շփվել նրանց հետ, պատասխանել է, որ ծանոթ չէ ու երբեւէ չի ճանաչել։ Ի դեպ, ամենաուշագրավն այն է, որ այս քրեական գործը քննում են ԱԱԾ-ից քննչական տեղափոխված ԱԱԾ քննիչները։

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հաջորդը ՀՀ քննչական հրավիրվելու է ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը, որի բակ էին ցանկացել պայթուցիկ նետել, բայց պատահմամբ պայթուցիկը գցել էին նրա հարեւանի բակ։ Նշենք, որ երեկ ArmLur.am-ի թղթակիցը նկատել է, թե ինչպես է ՔՊ պատգամավոր Գուրգեն Արսենյանը  մտնում Քննչական կոմիտե։ ArmLur.am-ին հայտնի էր  դարձել, որ նրան հարցաքննել  են իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու քրեական վարույթի շրջանակներում:

Նկատենք, որ ՔՊ գրասենյակի եւ «Միավորված աշխատանքային կուսակցության» հիմնադիր ղեկավար Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածները չեն ընդունում առաջադրված մեղադրանքը: Գործով կալանավորվածներից մեկը ՀՅԴ անդամ Գագիկ Սարգսյան է եւ Վահան Հովհաննիսյանը: ՀՀ քննչական կոմիտեն պարզել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներին, նրանց աջակիցներին ահաբեկելու համար 2024 թվականի փետրվարի 20-ին, կիրառելով քողարկման եւ չբացահայտվելու համար անհրաժեշտ որոշակի միջոցներ, քաղաքացին գնացել է Երեւան քաղաքի Գյուլբենկյան 33 հասցեում գտնվող «Միավորված աշխատանքային կուսակցության» գրասենյակի մոտ եւ ժամը 03։50-ին գրասենյակից 9 մետր հեռավորության վրա գտնվող մայթեզրի ծառի տակ տեղադրել է նախապես պատրաստված՝ որպես պայթեցման միջոց շուրջ 1 կիլոգրամ տրոտիլ եւ պենտալիտ, իսկ որպես խոցման միջոց՝ հեղյուսներ եւ մանեկներ պարունակող, ավերածություններ գործելու, մարդկանց կյանքից զրկելու, շրջակա շինություններն ամբողջությամբ ավերելու համար պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը։

Ապա՝ նույն ժամանակահատվածում, պիտանի ինքնաշեն պայթեցման սարքը տեղադրել են Գյուլբենկյան 30/3 հասցեում գտնվող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային գրասենյակի մուտքի մոտ՝ այդկերպ առաջացնելով պայթյունի եւ հրկիզման իրական սպառնալիք՝ զուգորդված քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, նրանց առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու եւ այլ ծանր հետեւանքներ առաջացնելու վտանգով: Վ.Հ.-ի կողմից տեղադրված պայթեցման սարքերը չեն պայթել, եւ նշված հետեւանքները վրա չեն հասել պատահականությամբ՝ ինքնաշեն պայթեցման սարքերի գործարկման մեխանիզմը հաշվարկված եղանակով չգործելու պատճառով:

Նշված արարքները կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով, այդ թվում՝ ահաբեկչություն կատարելու համար, քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, եւ բոլորը կալանավորված են։

 

 




Լրահոս