ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՀԱՆԳՐՎԱՆԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը մարտի 20-ին՝ 15:30-ին, Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպելու է հանրահավաք, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները:

 

Հանրահավաքի վերաբերյալ առավել մանրամասնություններ իմանալու համար ArmLur.am-ը կապ է հաստատել ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի հետ: «Այն պարտավորավածություները, որ վերցրել է իր վրա «Արցախը Հայաստանն է եւ վերջ» կարգախոսի հեղինակը, այսօր արցախցիներին ՀՀ քաղաքացի չի համարում եւ մշակում է սոցիալական այնպիսի աջակցություններ, որոնք ավելի շուտ նպաստում են արցախցիների արտագաղթին: Հաշվի առնելով այն, որ արցախցիները չեն ուզում արտագաղթել եւ դեմ են այս իշխանությունների կողմից մշակված սոցիալական ծրագրերին՝ կազմակերպել ենք հանրահավաք, որտեղ հանրայնորեն կքննարկվեն ստեղծված խնդիրները: Մշակված ծրագրերը մեզ թույլ են տալիս մտածելու, որ այս իշխանությունները միտումնավոր չեն համագործակցում Արցախի պետական ինստիտուտների հետ եւ չեն ընդունում մեր առաջարկները: Նրանք այսօր ուզում են փակել Արցախի հարցը»,- ասաց Արցախի պատգամավոր Դավիթ Գալստյանը եւ հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր չեն լցնելու, այլ անելու են ամենը իրենց ձայնը լսելի դարձնելու համար: Դավիթ Գալստյանի խոսքով՝ ՀՀ այս իշխանությունները արցախցիների պայքարը կարող են համարել նաեւ ներքաղաքական ինչ-որ իշխանության պայքար, սակայն, նրա խոսքով, պայքարը ոչ թե իշխանության համար է, այլ արժանապատիվ հանգրվանի: «Մենք իշխանության պայքար չենք մղում: Մեր նպատակն է, որ արցախցիները պայմաններ ունենան մնալ մայր Հայաստանում եւ բաց պահեն Արցախի հարցը: Այլապես առաջարկվող պայմանները արտագաղթի ճանապարհն են ցույց տալիս, իսկ արտագաղթելուց հետո ինքնըստինքյան կփակվի նաեւ Արցախի եւ Արցախ վերադառնալու հարցը»,- ասաց Գալստյանը: Անդրադառնալով բռնի տեղահանված արցախցիների հնարավոր ետվերադարձին՝ նա նշեց. «Ցավոք սրտի, այսօր վերադարձի վերաբերյալ ՀՀ իշխանությունների կողմից քայլեր չի ձեռնարկվում, փորձ չի արվում հարցը բերել բանակցային սեղան: Բռնի տեղահանված արցախցիների ետվերադարձման հարցը պիտի դրվի բանակցային սեղանին, եւ համապատասխան լուծում տրվի: Արցախի կառավարությունը, Վարդան Ոսկանյանի գլխավորությամբ, միջազգային ատյաններում հնարավորության չափով քայլեր է ձեռնարկում, որպեսզի կազմակերպվի արցախցիների ետվերադարձը: Ցավոք սրտի, այսօր չունենք ՀՀ իշխանությունների աջակցությունը, բայց շատ դժվարորեն սայլը տեղից շարժվում է: Հուսով ենք՝ բանակցություններով կհասնենք ցանկալի արդյունքի»,- ասաց Դավիթ Գալստյանը: Արդյոք համագործակցո՞ւմ են Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունները. ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստայնն ասաց. «Երբեւիցե Արցախի եւ Հայաստանի կառավարության միջեւ նման սառը, ոչ համագործակցային հարաբերություններ չեն եղել: Արցախի պետական ինստիտուտները բազմաթիվ հայտարարություններով, տարբեր ճանապարհներով փորձել են հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու ստեղծված իրավիճակը եւ մի ընդհանուր լուծում գտնելու, սակայն, ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները, վախենալով Ադրբեջանից, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը, ահուսարսափ ունենալով Ալիեւից, նման որեւէ տիպի հանդիպման չեն արձագանքել: Հենց այս վերաբերմունքն է, որ խնդիրը հասցրել է այն աստիճանի, որ այսօր մենք հրապարակայնորեն ենք քննարկելու մեր խնդիրները»:

ՆԱՆԻԿ ԱՂԱՍՅԱՆ

 

 

 

 

ԿՈՊԻՏ ՍԽԱԼՆԵՐՈՎ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրում է. «Տավուշում տեղի ունեցողը որեւէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ:

 

Սա անօրինական, միջազգային կանոններին հակասող գործընթաց է` մեր իրավունքների զանգվածային խախտումների եւ խաթարված անվտանգության հեռանկարով: Ադրբեջանն էլ այդքանով կանգ չի առնելու:

Տավուշի համայնքների հարեւանությամբ հայտնվելու են ադրբեջանական զինված ծառայողներ, որը բերելու է համայնքների մեկուսացման, միջպետական ճանապարհի տարբեր հատվածներ դառնալու են անօգտագործելի ու վտանգված, իսկ, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները չեն լրացնելու բացը: Վտանգվելու է հատկապես Տավուշով հայ-վրացական սահմանային հաղորդակցությունը:

Ռազմավարական օբյեկտներ (գազատարներ, ջրային ռեսուրսներ եւ այլն) հայտնվելու են ադրբեջանական թիրախի կամ վերահսկողության ներքո:

Լինելու են նոր տեղահանվածներ, մարդիկ զրկվելու են ազատ ու անվտանգ տեղաշարժվելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից, անօգտագործելի են դառնալու արոտավայրեր, խոտհարքներ ու վարելահողեր, այգիներ, խաթարված է լինելու մարդկանց արժանապատվությունն ու հոգեկան անդորրը:

Այսինքն` տեղի է ունենալու այն, ինչ առկա է Սյունիքում, Վայոց ձորում ու Գեղարքունիքում` անվտանգության ընդգծված ռազմավարական խնդիրներով: Էլ չեմ խոսում համայնքների հարեւանությամբ պարբերական դարձած ադրբեջանական կրանոցների ու ականների պայթյունների մասին:

2020թ. նոյեմբերից սկսած` բոլոր հնարավոր եղանակներով անընդհատ ասել եմ, որ անվտանգությունը չի կարելի առանձնացնել մարդուց, որ մարդու իրավունքները պետք է դրվեն Հայաստանի դիվանագիտության, բոլոր միջազգային հարթակներում քննարկումների հիմքում: Սա կօգներ ամրապնդել Հայաստանի միջազգային պաշտպանությունը, այդ թվում` պետական սահմանները պաշտպանելով:

Ներկայում տեղի ունեցողն արդյունք է կոպիտ սխալներով քաղաքականության, որը միայն ուժեղացրել է ու շարունակում է ուժեղացնել Ադրբեջանին եւ թուլացրել Հայաստանի դիրքերը»:

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔԻ ՉԵՆ ՀԱՍՆՈՒՄ

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը (շուրջ 40 կազմակերպություն) մարտի 20-ին՝ 15:30-ին, Երեւան քաղաքի Ազատության հրապարակում կազմակերպելու է հանրահավաք, որի նպատակն է հիմնովին վերանայել ՀՀ կառավարության կողմից քննարկվող՝ Արցախի ժողովրդի բնակարանային կարիքների ապահովման ծրագրի նախագիծը, որը չի արտացոլում արցախցիների հավաքական շահերն ու նպատակները։ Արցախ հավաքական վերադարձի հարցը գերակա համարելով՝ հանրահավաքի ժամանակ քննարկվելու եւ բարձրաձայնվելու է Արցախի ժողովրդի լայն շրջանակների առաջարկներն ու պահանջները թե՛ վերադարձի եւ թե՛ բնակարանային ու սոցիալական այլ ծրագրերի վերաբերյալ։ Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում հայ ժողովրդի ու նրա արցախյան հատվածի ճակատագրով ու իրավունքների պաշտպանությամբ մտահոգ մարդկանց մասնակցելու հանրահավաքին: ArmLur.am-ը հասկանալու համար՝ ինչ տրամադրվածություն է արցախահայության շրջանում, զրուցել է մի քանի բռնի տեղահանված անձանց հետ, լսել նրանց կարծիքները հանրահավաքից սպասվող արդյունքների վերաբերյալ: Բռնի տեղահանված անձանց մի մասը հիասթափված է, ասում են. «Մեր ձայնը լսելի չէ ՀՀ իշխանության համար»: Արցախից բռնի տեղահանված 67-ամյա Ա.Ա.-ն ասաց. «Ինչ Երեւանում եմ, քանի հանրահավաք է եղել, մասնակցել եմ, որպեսզի իմ հարցերի պատասխանները եւս ստանամ, բայց անարդյունք: Պայքարում ենք, պայքարում ենք, արդյունքի չենք հասնում: Իշխանությունը անում է այն, ինչ ինքն է ցանկանում՝ առանց հաշվի առնելու քաղաքացուն: Հանրահավաքներից հիասթափված եմ. մարդիկ անտարբեր են երկրում ստեղծված իրավիճակով կամ էլ արդեն պայքարելուց թեւաթափ են եղել»:

 

 

 

ՓԼՈՒԶՎԵԼ Է

Մարտի 19-ին՝ ժամը 12-ի սահմաններում, թաց ձյան ծանրությունից փլուզվել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Տիգրան Պետրոսյան փողոցի առանձնատներից մեկի տանիքը եւ առաստաղը՝ 25 քառակուսի մետր մակերեսով։

Ինչպես  տեղեկացրեց Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, այդ բնակարանում էր բնակվում միայնակ տարեց կին՝ 1932 թվականին ծնված Մ.Չ-ն։ Ստացված ահազանգից հետո դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ մասամբ փլուզվել է տան տանիքը եւ առաստաղը. տուժածներ չկան։ Փրկարարները փլուզված տան պատուհանից պատգարակով անվնաս դուրս են բերել Մ. Չ.-ին եւ սահմանազատել տարածքը:

«Բարեբախտաբար, տարեց կինը չի տուժել փլուզումից, նրան ժամանակավորապես իր մոտ բնակության է տեղափոխել հարազատներից մեկը»,-ներկայացրեց Ռոբերտ Օհանյանը։

 

 




Լրահոս