Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և Հայաստանում Ֆրանկոֆոնիայի 2024 թվականի երկամսյակի մեկնարկի կապակցությամբ ուղերձ է հղել:
Ուղերձում ասված է.
«Հայաստանը ֆրանկոֆոն ընտանիքի հետ միասին այսօր նշում է ֆրանկոֆոնիայի միջազգային օրը, եւ ավանդական երկամսյակն այս տարի մեկնարկում է մեզ համար միանգամայն նոր ու պատասխանատու հանձնառությամբ՝ Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերը 2027 թվականին Հայաստանում անցկացնելու մասին կարեւորագույն որոշման համատեքստում։
Միջազգային այս հեղինակավոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու միաձայն որոշումը վկայում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դավանած արժեքներին Հայաստանի անվերապահ հավատարմության եւ կազմակերպության ու գործընկեր պետությունների կողմից Հայաստանի նկատմամբ լիակատար վստահության մասին։ Հայաստանը հանձնառու է բարձր մակարդակով կազմակերպել Ֆրանկոֆոնիայի խաղերը՝ մեկ վայրում միավորելով ֆրանկոֆոն ընտանիքի տարբեր մարզիկներին ու արվեստագետներին՝ խաղաղության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների արժեքների ներքո։
Այս տարվա Ֆրանկոֆոնիայի երկամսյակը խորհրդանշական է նաեւ նրանով, որ 2024 թվականին ամբողջ աշխարհը նշում է ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակը։ Այս կարեւոր հոբելյանը Հայաստանի եւ Ֆրանսիայի համատեղ առաջարկով եւ ֆրանկոֆոն պետությունների խմբի միաձայն աջակցությամբ ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների տարելիցների 2024-2025թթ. օրացույցում։
Ազնավուրն ասում էր. «Իմ երկիրը նաեւ ֆրանսերեն լեզուն է»։ Այս խոսքերը միանգամայն արտահայտում են ֆրանկոֆոնիայի հումանիստական, միավորող ու մշակութային բազմազանությունը խրախուսող բացառիկ բնույթը։
Այս տարի եւս ֆրանկոֆոնիան Հայաստանում մեկ տանիքի ներքո միավորելու է մեր երկրի մշակութային եւ կրթական գլխավոր դերակատարներին. տասնյակ համալսարաններ, դպրոցներ, թատրոններ, գրադարաններ, մշակութային կենտրոններ երկու ամիս շարունակ խոսելու են ֆրանսերեն, ապրելու են ֆրանկոֆոնիայի գույներով եւ նշելու են բազմազանության այս բացառիկ տոնը։
Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի պետական գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների եւ Հայաստանում գործող ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների գործուն ջանքերով՝ ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու շուրջ 800 մշակութային եւ ուսուցողական միջոցառումներ։
Ամենայն հաջողություն եւ անխափան ընթացք եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակին»:
«ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՉՊԵՏՔ Է ՈՒԿՐԱԻՆԱ ԴԱՌՆԱ»
«Փաշինյանն ուզում է հաղթել Զելենսկուն…». այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Անխոհեմության, անհեռատեսության ու ինքնաոչնչացման հարցում մի ներքին սփոփանք կար մոտս (դա կոչվում է, «համապատասխան», սրտի անհամապատասխան մխիթարանք), որ չնայած Փաշինյանի բերած մղձավանջին՝ մենք այդուհանդերձ աշխարհում առաջին տեղում չենք: Ներքին «փիլիսոփայական» ուրախություն կար, որ ուկրաինացիներից հետ ենք գտնվում համաժողովրդական մազոխիզմի ու պետականակործան էֆթանազիայի գնալու հարցում: Դատելով ամենից՝ Փաշինյանն ուզում է առաջ անցնել Ուկրաինայի տխրահռչակ նախագահ Զելենսկուց՝ սեփական պետությունն այլոց ձեռքում մանրադրամ դարձնելու, սեփական երկրի գյուղերն ու քաղաքներն ավերակ դարձնելու, սեփական ժողովրդին թնդանոթի միս սարքելու հարցում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Երեւանում արձանագրեց այդ ամենը՝ Հայաստանի համար կանխատեսելով ավելի վատ հեռանկար, քան Ուկրաինայի դեպքում է: Այսինքն՝ կրկին «չեմպիոն» դառնալու սահմանին ենք, ինչպես 1915-ին:
Ստոլտենբերգը հաճելիորեն զարմացած է, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրենք գտել են Հայաստանը՝ հակառուսական պայքարի եւ համաշխարհային աջ-տրոցկիզմի զոհասեղանին դնելու պատրաստ մեկին: Դրանից չօգտվելը հիմարություն կլիներ, եւ չի կարելի մեղադրել դրսի մարդկանց, թե ինչու մեր փոխարեն Հայաստանի մասին հոգ չեն տանում:
Ինչ մնում է Թուրքիային ու Ադրբեջանին, ապա դրանք Փաշինյանի պես նվերի մասին նույնիսկ չէին կարող երազել:
Հայ ժողովուրդը չպետք է Ուկրաինա դառնա: Ամո՛թ է: Հետո՞ ինչ, որ գերեզման ուղարկելուց առաջ մեզ պլպլան եվրոպական դագաղ են ցույց տալիս: Սեւրում էլ էին ցույց տվել: Հետո՞ ինչ: Պատմության նույն դասարանում քանի՞ անգամ կարելի է մնալ:
Հ.Գ. Մեր տարածաշրջանում հակապետական, էքսցենտրիկ, արկածախնդիր ու մարազմատիկ ղեկավարներ բոլորն էլ ունեցել են: Ադրբեջանն Էլչիբեյ ունեցավ, Վրաստանը՝ Գամսախուրդիա և Սահակաշվիլի: Բոլորի դեպքում էլ եղան տարածքային կորուստներ:
Փաշինյանը գերազանցեց սրանց՝ պետությանը տված իր վնասով:
Ամբողջ խնդիրն այն է, որ Էլչիբեյը, Գամսախուրդիան, Սահակաշվիլին իրենց տված վնասից հետո արագ դուրս շպրտվեցին պետական համակարգից: Փաշինյանը 2020-ից հետո դեռ մնացել է: Այս խարանից պարտավոր ենք ազատվել՝ վատ իմաստով համաշխարհային ռեկորդակիր չդառնալու համար»:
ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄԸ՝ ՁԱԽՈՂՎԱԾ
Մարտի 18-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում Ոսկեպարի, Բաղանիսի, Ոսկեվանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառուցվում է Ենոքավան-Ջուջեւան ճանապարհը, որը Իջեւանի տարածաշրջանը կապում է Նոյեմբերյանի տարածաշրջանի հետ։ Սարերով, բարդ տեղանքով ձգվող այդ ճանապարհի շինարարությունը կարող է շատ երկար տեւել,եթե հաշվի առնենք, որ Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը ձախողվել է։ Տավուշի մարզկենտրոն Իջեւանը Բերդ քաղաքին կապող, Տավուշի սահմանագոտին շրջանցող Գանձաքար-Իծաքար-Նավուր- Բերդ ավտոճանապարհի մաս կազմող, 35 կմ երկարություն ունեցող Գանձաքար-Իծաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսվեց 2022 թվականին. շինարարությունը նախատեսվում էր ավարտել 2023թ. սեպտեմբերին, այդ նպատակով պետական բյուջեից նախատեսված է հատկացնել 4,5 միլիարդ դրամ։ Շինարարական աշխատանքներն իրականացնում էր «Խաչհար» ՍՊԸ-ն։ 2022 թվականին այդ ընկերությունը ճանապարհի 6 կիլոմետրանոց հատվածում թույլ գրունտի վրա ասֆալտապատում էր կատարել, ասֆալտը քանդվել էր, ընկերությունը այդ հատվածում նորից էր ասֆալտապատում արել։ Հիմա պայմանագրի ժամկետները խախտվել են, կառավարությունը խզել է «Խաչհար» ընկերության հետ պայմանագիրը, նշված ճանապահի կառուցապատման համար նոր մրցույթ հայտարարել: «Ժողովուրդ» օրաթերթը Բերդ համայնքի Նավուր գյուղից տեղեկացավ, որ ճանապարհի հիմնանորոգման մրցույթը շահել է Վայքից շինարարական մի ընկերություն, որը իր աշխատողների համար վարձով տներ է որոնել Նավուրում։ Շինարարական այդ ընկերությունը մտադիր է Իծաքար-Գանձաքար ճանապարհի հիմնանորոգումը սկսել միանգամից երկու հատվածներից՝ Գանձաքարի եւ Իծաքարի տարածքներից։ Եղանակային անբարենապաստ պայմանների պատճառով ներկայումս շինարարական աշխատանքներ չեն կատարվում։
ԸՆԴԱՄԵՆԸ 2741 ՀԱ ԱՇՆԱՆԱՑԱՆ
Տավուշի մարզպետարանից հայտնել են, որ Տավուշի մարզում 2023 թվականին կատարվել է 2741 հեկտար աշնանացան։ Աշնանացանի հեկտարների փոքր թվի հիմնական պատճառն այն է , որ անցած տարի հացահատիկի աճեցման պետական սուբսիդավորման ծրագիր չի գործել: Վերջին տարիներին Տավուշի մարզում նվազել են հացահատիկի մշակության ծավալները: 2022թ.-ին Տավուշի մարզում կատարվել է 3555,6 հեկտար աշնանացան։ Համեմատության համար նշենք, որ 2016թվականին Տավուշի մարզում աշնանացան ցորենի ցանքերը կազմել են 3012, 2015 թվականին՝ 5684 հեկտար։ Տավուշի մարզպետարանից հայտնել են նաեւ, որ 2024 թվականին կիրականացվի «Բուսաբուծության աջակցության ծրագիր». ի թիվս այլ մշակաբույսերի՝ այդ ծրագրում ներառված են նաեւ հացահատիկային մշակաբույսերը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ