Մինչ օրս ակտիվ են Տավուշի մարզի հանձնման մասին խոսակցությունները, սակայն վարչապետ Փաշինյանը Տավուշի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ ոչինչ էլ չի հանձնելու։ Քաղաքական իշխանությունները նաեւ նշել են, որ այդ տարածքները դե յուրե Հայաստանի տարածքները չեն։ Չնայած նրան, որ Փաշինյանը ասել է, որ ոչինչ էլ չի հանձնելու, Տավուշի բնակիչները, այնուամենայնիվ, պատրաստ են ցանկացած կերպ պաշտպանել իրենց հողը՝ դրանից չհրաժարվելով։
Հիշեցնենք, որ մարտի 20-ին՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, պատգամավորները եւ նախարարները թեժ քննարկում էին ծավալում Տավուշի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների վերաբերյալ։ ArmLur.am-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը նշեց, որ այս մասին շատ է խոսվել, եւ որ Փաշինյանը եւ՛ սահմանամերձ գյուղերն է տալու, եւ՛ ճանապարհն է հայտնվում վտանգի տակ, եւ՛ ակնհայտ է, որ այդ ճանապարհը չի գործելու, որովհետեւ դրա որոշ հատվածներ, ըստ Նիկոլ Փաշինյանի, անցնում են Ադրբեջանի տարածքով։ «Դա շատ լուրջ վտանգ է լինելու Հայաստանի համար ոչ միայն այդ գյուղերի առումով, այլեւ Հայաստանի Հանրապետության միջպետական ճանապարհի առումով. դա ակնհայտ է, եւ միայն դա չէ վտանգը. դա կարճաժամկետ վտանգ է։ Վտանգը նաեւ այն է, որ Ադրբեջանը դրանից հետո վստահաբար պահանջելու է անկլավները, պահանջելու է անխափան անցում դեպի անկլավները, այսինքն՝ նաեւ ճանապարհ, եւ դա, մեծ հաշվով, խոցելի է դարձնելու Հայաստանի հյուսիս-արեւելքը»,- ասաց քաղաքագետը։
Նշենք, որ իր ամենշաբաթյա ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է վարչապետ Փաշինյանին եւ մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ եթե հայկական կողմը հրաժարվի քննարկել սահմանազատման եւ սահմանագծման հարցերը Ադրբեջանի հետ, ապա շաբաթվա վերջին կարող է պատերազմ սկսել։ Զախարովան մասնավորապես նշել է, որ դժվար թե սեփական բնակչությանը վախեցնելը Հայաստանին հարմար արդյունքի հասնելու լավագույն միջոցն է։ Անդրադառնալով Մարիա Զախարովայի ասածին՝ քաղաքագետը նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները։
«Ես չեմ ուզում մեկնաբանել Զախարովայի հայտարարությունները։ Եթե Զախարովայի ազգանունը չլիներ, տպավորություն կստանայի, որ նա ոչ թե Ռուսաստանի, այլ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն է։ Խնդիրն այստեղ Ռուսաստանը չէ, խնդիրն այն է, որ, այո, իսկապես Նիկոլ Փաշինյանը սեփական ժողովրդին վախեցնելով, պատերազմի նկատմամբ սարսափ արմատավորելով հայրենի գիտակցության մեջ՝ փորձում է այնպես անել, որ հասարակությունը համակերպվի իր զիջումներին, իր զիջելի քաղաքականության հետ»,- ասաց Բաղդասարյանը։
Քաղաքագետն ընդգծեց, որ եթե պատերազմ լինի, եւ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, ապա Ռուսաստանը չի կարող չխառնվել այդ ամենին, որովհետեւ Հայաստանը ունի երկկողմանի պայմանագիր Ռուսաստանի հետ եւ ՀԱՊԿ անդամ է, այսինքն՝ Ռուսաստանը պարտավոր է միջամտել այս դեպքում։
Վերադառնալով անվտանգային խնդիրներին եւ սահմանամերձ դարձող մարզերին՝ քաղաքագետն ասաց. «Անվտանգային խնդիրներ կան հիմա, եւ այդ անվտանգային խնդիրները խորանալու են։ Խնդիրն այդ 4 գյուղերը չեն, դրանով ոչ մի էդպիսի մարզ չկա, որ առաջ սահմանամերձ չէր, հիմա սահմանամերձ է դառնալու, խնդիրն այդ չէ։ Նիկոլ Փաշինյանի այդ քաղաքականությունը նորմալ կլիներ, եթե դա լիներ փոխադարձ, եթե Ադրբեջանն իր հերթին հարգեր այդ սահմաններն ու իր զորքերը դուրս բերեր. սա մեկ. եւ երկրորդ՝ եթե Ադրբեջանը իսկապես մտադիր լիներ Հայաստանի հետ խաղաղություն հաստատել, բայց քանի որ Ադրբեջանը այդ մտադրությունը չունի, եւ քանի որ Ադրբեջանը այդ նույն սահմանները չի ճանաչում, դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ այդ միակողմանի լինելը նրանք չեն մոտեցնելու խաղաղության, այլ ավելի շուտ մոտեցնելու են հաջորդ պատերազմին, ինչը Ադրբեջանի համար ավելի նպաստավոր է։
Խնդիրը քաղաքական խնդիր է. սա այդ մարզերի, այդ գյուղերի խնդիրը չի լինելու։ Էլի եմ ասում՝ եթե այս գործընթացը գոնե մի քայլով մոտեցներ խաղաղությանը, ապա կարելի էր դա քննարկել։ Բայց քանի որ հակառակն է, այս դեպքում դա նշանակում է, որ իր ձեռքով, ակնհայտորեն հեռանկարում ունենալով նոր պատերազմ, գիտակցաբար Ադրբեջանին ավելի նպաստավոր դիրքեր ենք տալիս այդ պատերազմի համար։ Խնդիրը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության հարաբերությունների մեջ է»։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՕՐԵՆՍԴԻՐ ՄԱՐՄԻ՞Ն, ԹԵ՞ «ԴՈՒՔՅԱՆ»
Մարտի 20-ին խորհրդարանում ականատես եղանք իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների միջեւ հերթական թեժ վիճաբանությանը:
Ընդդիմադիր պատգամավորները կրկին հայտնվել էին Նիկոլ Փաշինյանի եւ իշխանական պատգամավորների թիրախում:
Այսպիսով, կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորները եւ նախարարները թեժ քննարկում էին ծավալում Տավուշի շուրջ ստեղծված վերջին իրադարձությունների վերաբերյալ, եւ հանկարծ, մոռանալով այս ամենը, սկսվեց հերթական վիճաբանությունը պատգամավորների միջեւ: Ամեն բան սկսվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի ելույթից։ Երբ վերջինս հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հարկ համարեց ճշտել, թե հարցը ում է ուղղվում:
Իրավիճակը է՛լ ավելի թեժացավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ելույթի ժամանակ:
Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը ծանր էր տարել Լեւոն Քոչարյանի՝ «կառավարության գլուխ» դիմելաձեւը:
Եվ հաջորդիվ, երբ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր մեկ այլ պատգամավորի՝ Գառնիկ Դանիելյանի հարցին, մի քանի անգամ շեշտեց՝ «ձեր քաղաքական ուժի գլուխը»՝ նկատի ունենալով Քոչարյանին:
Այս ամենից հետո ընդդիմադիրները մեծ աղմուկ բարձրացրին, ու սկսվեց իշխանություն-ընդդիմություն հերթական «փոխհրաձգությունը»։
Բանը հասավ նրան, որ Փաշինյանը ուղիղ սպառնալիք հնչեցրեց ընդդիմադիր պատգամավորի հասցեին։
ԱԺ նիստով, սակայն, ամեն բան չավարտվեց: Մարտի 20-ի երեկոյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ, նրանց սատարող քաղաքական գործիչներն ու փորձագետները
միաբերան Լեւոն Քոչարյանի վերաբերյալ կոշտ եւ հեգնական գրառումներ էին անում:
Այս ամենից անմասն չմնաց նաեւ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը՝ «Հայկական ժամանակը», որտեղ նույնպես Վանո Սիրադեղյանի խոսքերի մոտիվներով մի հոդված-ակնարկ էր տպվել՝ «Պետություն ղեկավարելը թաղի լակոտների կռիվ չէ, որ քրֆես ու փախչես. ի՞նչ է ճոճվում Լեւոն Քոչարյանի ծոծրակին» վերնագրով:
Խորհրդարանում կրքերը թեժացան նաեւ այն բանից հետո, երբ Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից դիմեց՝ տիկին Օհանյան:
Եվ այսպես, ամեն անգամ, երբ տարածքային նոր զիջումների հարց է երեւան գալիս, Նիկոլ Փաշինյանն ու իշխանական պատգամավորները սկսում են շոուներ բեմադրել խորհրդարանում:
ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՊԵԿ-Ը ՏՈՒԳԱՆԵԼ Է
Հայաստանը վերածնելու փոխարեն՝ անցան բիզնեսը վերածնելուն։ «Վերածնվող Հայաստան» բարձրագոչ անունը կրող կուսակցության վերնախավը անցել է սննդի ակտիվ արդյունաբերության։
Հիշեցնենք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը ձեւավորվել է 2016թ.-ին, նախագահը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է։
«Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավարի բազմաթիվ բարեկամներ «Հայաստան» դաշինքի ցուցակում էին, Վահե Հակոբյանից կնոջ քրոջ` Մարիա Պետրոսյանի ամուսնու սննդի գործարանը ակտիվ եռուզեռի մեջ է, որի բնականոն գոծընթացը նաեւ օրերս խաթարել է ՊԵԿ-ը։
ՊԵԿ-ը, արձանագրելով չգրանցված աշխատողի դեպք, տուգանել է «Իտալիան ֆուդ» կազմակերպությանը 250 հազար դրամով։ Ինչ վերաբերում է ընդդիմության երբեմնի առանցքային լիդեր Վահե Հակոբյանի՝ մեկ տարուց ավել առաջ հրապարակային խոստմանը, թե կուսակցությունը շուտով ողջ ՀՀ-ով անցնելու է ակտիվ գործողությունների, մնաց լոկ խոստում։
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Վահե Հակոբյանի հետ՝ իրավիճակի մասին մանրամասներ իմանալու համար, սակայն Վահե Հակոբյանն ասաց, որ չի ցանկանում մեր հարցերին պատասխանել։
ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԳԻԱ
Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանը վերաբերող հարցեր:
Կողմերը կարեւորել են Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը եւ համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի բազմաոլորտ փոխգործակցությանը:
Նիկոլ Փաշինյանը եւ Ալեքսանդր Դը Քրուն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, մասնավորապես՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի գործընթացին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորություններին:
Նիկոլ Փաշինյանը զրուցակցին է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը եւ դրա սկզբունքները: Տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման գործում երկուստեք կարեւորվել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում:
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵՄ աջակցությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը վերաբերող հարցերին: