Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024-ը սկսել ենք շուկայի բոլոր հատվածներում մեր մրցակցային առավելությունների ամրապնդմամբ՝ զուգահեռ մասնակից դառնալով նաև տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին:

Zarkerak.am-ի հետ հարցազրույցում Հայէկոնոմբանկի վարչության նախագահ/գործադիր տնօրեն Արտակ Առաքելյանն անդրադարձել է Բանկի՝ 2023-ին գրանցած հաջողությունների, 2024-ի ծրագրերի, աշխարհաքաղաքական ու տնտեսական ներկա պայմաններում սեփական դիրքերում ամուր կանգնելու, ցանկալի գործատուի իմիջի և ոլորտում հաջողելու Բանկի որդեգրած մոդելի մասին։

-Պարո՛ն Առաքելյան, ինչպիսի՞ արդյունքներով Բանկն ամփոփեց 2023 թվականը։ Որո՞նք են լինելու առաջիկայում Բանկի գործունեության հիմնական ուղղությունները։

-2023 թվականն առաջընթացի հերթական տարի էր Հայէկոնոմբանկի համար՝  չնայած աշխարհաքաղաքական ու տնտեսական բազում մարտահրավերներին: Նախորդ տարին ամփոփեցինք կարևոր ձեռքբերումներով՝ եկամտաբեր ակտիվների աճ և ռեսուրսների ներգրավում, կապիտալի համալրում, գերազանցեցինք նախանշված ռազմավարական նպատակները՝ գրանցելով զգալի շահույթ: Ձեռքբերումներից կցանկանայի  առանձնացնել նաև բաժնետոմսերի հաջող տեղաբաշխումները, ինչի արդյունքում բաժնետերերի քանակը գերազանցեց 7000-ը՝ հաստատելով ներդրողների կողմից Բանկը որպես հուսալի և շահավետ ներդրման ուղղություն ընկալելու փաստը: Հարկ եմ համարում նշել, որ Բանկը հաջողությամբ իրականացնում է 12 մլրդ դրամ ծավալով բաժնետոմսերի թողարկման գործընթացը, որից 2023թ. տեղաբաշխել է ավելի քան 3 միլիարդը, 2024թ. տարեսկզբին 3.7 միլիարդը, իսկ մնացած մասը կավարտի ընթացիկ տարում:

Ինչ վերաբերում է առաջիկա անելիքներին, նշեմ, որ 2024-ը սկսել ենք շուկայի բոլոր հատվածներում մեր մրցակցային առավելությունների ամրապնդմամբ՝ զուգահեռ մասնակից դառնալով նաև տնտեսության զարգացման և կայունացման գործընթացին: Պահպանելով միկրո, փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորման առաջնահերթությունը որպես տնտեսության շարժիչ գործոն՝ շարունակելու ենք ակտիվ վարկավորման քաղաքականությունը նաև գյուղատնտեսության, հիփոթեքային և սպառողական վարկավորման ոլորտներում: Առաջիկայում ևս մեր ուշադրության կիզակետում կպահպանվեն թվային տեխնոլոգիաների զարգացմանն առնչվող գործընթացներն առկա պրոդուկտների արդիականացման և նոր պրոդուկտների գործարկման մասով՝ առավել հարմարավետ լուծումներ առաջարկելով հաճախորդներին:

-Հայէկոնոմբանկն ամուր կանգնած է իր դիրքերում, ինչի մասին խոսում են դրական ցուցանիշները: Ո՞րն է Ձեր թիմի հաջողության բանալին։ 

-Այո՛, համակարգում Բանկը զբաղեցնում է իր ուրույն դիրքերը բոլոր հիմնական ցուցանիշներով և նախորդ տարում մեր գրանցած հաջողություններն այս առումով բավական խոսուն են: Այս ձեռքբերումները, անշուշտ, մեր ընկերության ամենակարևոր ակտիվի՝ մեր անձնակազմի միասնական տեսլականը կիսելու, միմյանց աջակցելու կարողության,  աշխատանքին նվիրման ու համախմբվածության արդյունքն է:

Կարծում եմ, առաջիկա տարիներին ՀՀ բանկային շուկայում դիրքերի ամրապնդման և ակտիվապասիվային հիմնական ցուցանիշների գծով առավել հավակնոտ մասնաբաժին ունենալու նպատակը լիովին իրագործելի է ներկայիս թիմի համար:

-Ինչպե՞ս եք գնահատում Բանկի մրցակցային դիրքը և, առհասարակ, մրցակցությունը բանկային ոլորտում։

-Հիմնական ցուցանիշներով Բանկը համակարգում միջինից բարձր դիրքերում է, մրցակցությունը ոլորտում բավականին սուր է, և առավելություն են ձեռք բերում այն բանկերը, որոնք գործունեության հիմքում ունեն ավելի մատչելի ռեսուրսներ և վարում են ճկուն հաճախորդակենտրոն քաղաքականություն:

Բանկի հաջողությունները, կարծում եմ, պայմանավորված են մի շարք գործոններով. նվիրված ու պրոֆեսիոնալ թիմը կարևորելուց բացի, մենք ավանդաբար առաջնորդվել ենք կորպորատիվ կառավարման սկզբունքներով` խոշոր և փոքր բաժնետերերի իրավունքների հավասարությամբ և պաշտպանությամբ, գործունեության թափանցիկությամբ: Մրցակցությանը դիմակայելու, ունեցած դիրքերն ամրապնդելու, շուկայի փոփոխություններին արագ արձագանքելու և հաճախորդի պահանջմունքներին համահունչ պրոդուկտներով ներկայանալու համար վերջին տարիներին հատկապես հրամայական են դարձել թվային տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ աշխատանքները, ինչն էլ շարունակաբար պահում ենք մեր ուշադրության կենտրոնում: Այս առումով մեր թիմն անգնահատելի մեծ աշխատանք է կատարել թե՛ Բանկի թվայնացման,  թե՛ նորագույն տեխնոլոգիաները Բանկի հաճախորդների սպասարկման գործընթացներում արմատավորելու ուղղությամբ:

-Մարտահրավերներով լի ժամանակաշրջան է բոլոր ոլորտների համար։ Ի՞նչ խնդիրների եք հանդիպում Ձեր գործունեության ճանապարհին և ինչպե՞ս եք դրանք հաղթահարում։ 

-Մարտահրավերների պակաս, իրոք, չի զգացվում՝ սկսած սպասարկման որակի բարձրացմանն ուղղված քայլերից մինչև գործունեության ընդլայնման և հեռանկարային զարգացման համար անհրաժեշտ կապիտալի համարժեք մակարդակի ապահովումը: Խնդիրները բազմաթիվ են՝ նորագույն թվային լուծումների ներդրմանն ու տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ տեղեկատվական անվտանգության ապահովում, վարկային պորտֆելի աճին ուղղված և ռազմավարական նպատակներով պայմանավորված քայլերին զուգահեռ՝ ակտիվների որակի ընդունելի մակարդակի պահպանում և այլն:

Խոչընդոտները հաղթահարում ենք՝ ունենալով հստակ դրված նպատակներ, դրանց հասնելու մանրամասն և հանգամանալից մշակված ծրագրեր և արդյունավետ սխեմաներ, որոնց իրագործման համար յուրաքանչյուր օղակի ղեկավար պարզորոշ գիտակցում է իր առջև դրված խնդիրները և դրանց օպտիմալ լուծման քայլերի հաջորդականությունը: Խոչընդոտների հաղթահարմանը մեծապես նպաստում է ոլորտի կանոնակարգվածության բարձր աստիճանը և ՀՀ Կենտրոնական բանկի կողմից ռիսկերի վերահսկման արդյունավետ գործառույթի առկայության հանգամանքը:

-Միջազգային գործընկերների լայն ցանց և հագեցած օրակարգ։ Պարո՛ն Առաքելյան, ինչպե՞ս է Ձեր թիմին հաջողվում օտարերկրյա գործընկերների հետ ներդնել, զարգացնել ու պահպանել շահավետ համագործակցություն։

-Հայէկոնոմբանկն իր ստեղծումից ի վեր մեծապես կարևորել է Բանկի զարգացման ճանապարհին միջազգային ֆինանսական կառույցների ակտիվ դերն ու աջակցությունը և իր ռազմավարության հորիզոնում է պահել նմանատիպ ինստիտուտների կողմից իրականացվող տարատեսակ ծրագրերին մասնակցությունը՝ ձևավորելով գործակցության համարժեք փորձ և հմտություն:

Բանկը պատմականորեն և ավանդաբար հաջողում է միջազգային գործընկերների հետ համագործակցության բնագավառում: Այս ճանապարհին կարևոր էր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համագործակցության մեկնարկը դեռևս 2000թ.-ից, որն ամրապնդվեց ավելի ուշ Բանկի կանոնադրական կապիտալում վերջինիս մասնակցությամբ: Այս փաստը, իր հերթին, զգալի դրական ազդեցություն ունեցավ միջազգային ասպարեզում բանկի հեղինակության և բարի համբավի տարածման վրա: Ներկայումս Բանկը սերտորեն համագործակցում է ավելի քան 20 առաջնակարգ միջազգային ֆինանսական կառույցի հետ, ինչպիսիք են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD), Ասիական զարգացման բանկը (ADB), Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB), Ներդրումների և զարգացման գերմանական ընկերությունը (DEG), ԳԴՀ վերականգնման վարկերի բանկը (KFW), Հոլանդական զարգացման բանկը (FMO), շվեյցարական Symbiotics Investment SA, BlueOrchard Finance S.A. և responsAbility Investments AG և բելգիական Incofin Investment Management ներդրումային ընկերությունները և այլն, որոնց հետ հասցրել է իրականացնել ավելի քան 115 ծրագիր՝ ներգրավելով մոտ 630.0 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ռեսուրս՝ ուղղված երկրի ՄՓՄՁ զարգացմանը: Առհասարակ, միջազգային ոլորտն ամենազգայուն ու ամենօրյա հետևողականություն պահանջող ոլորտներից է և այն չվնասելու համար ծայրաստիճան կարևոր է պրոակտիվ, հաշվետվողական և թափանցիկ մոտեցումը:

-Որպես հասարակության մասնիկ՝ Հայէկոնոմբանկը կարևորում է սոցիալական պատասխանատվության  ստանձնումը, մշտապես աջակցում է տարբեր ուղղություններով սոցիալական նախագծերի իրագործմանը: Որո՞նք կառանձնացնեք։

-Սոցիալական պատասխանատվությունը և սոցիալական նախագծերը միշտ գտնվում են Բանկի հիմնական բաժնետերերի՝ Սուքիասյան ընտանիքի և Բանկի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Առանց մանրամասնելու կամ առանձին ծրագրերի վրա կանգ առնելու՝ կցանկանամ ուղղակի ընդգծել, որ այդ քայլերի հիմքում ավելի լավ հայրենիք ունենալու կարևորագույն նպատակն է:

-Կա գնահատական,  որ ՀՀ բանկերը մնում են ցանկալի գործատու։ Այսօր քանի՞ աշխատակից ունի Հայէկոնոմբանկը և ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում գործատուաշխատող հարաբերություններում։

-Բանկն այսօր ունի մոտ 1,000 աշխատակից (ևս մի քանի հարյուր աշխատակից ներգրավված է պատվիրակված ծառայություններ մատուցելու համար): Ընդհանրապես, գործատու-աշխատող հարաբերություններում կարևոր է, որպեսզի ղեկավար օղակն արդար ու անկողմնակալ վերաբերմունք դրսևորի աշխատակցի նկատմամբ, քանի որ հենց մոտիվացված մարդկային ռեսուրսն է աշխատանքի շարժիչ ուժը, նա է նպաստում աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, հետևաբար նաև՝ բիզնեսի զարգացմանը:

Այս առումով մենք կարևորում ենք մոտի­վա­ցիոն համակարգերի շարունակական լավարկումը, սոցիալական փաթեթների կիրառումը, պարգևատրման և, իհարկե, կադրային, մասնագիտական առաջընթացին, ուսման ֆինանսավորմանն ուղղված գործուն մեխանիզմները:

Հայէկոնոմբանկի դռները բաց են բոլոր նրանց համար, ովքեր ունեն համապատասխան գիտելիքներ, թիմում աշխատելու, հավելյալ արժեք ստեղծելու և զարգանալու ցանկություն ու եռանդ: Ավելին, մենք նախապատվությունը տալիս ենք նորավարտներին՝ համարելով, որ երիտասարդները, զերծ լինելով կարծրատիպերից, նոր շունչ կարող են հաղորդել Բանկի գործունեությանը:

-Պարո՛ն Առաքելյան, պատասխանատու պաշտոն եք ստանձնել, ի՞նչն է կարևոր  այս գործում հաջողելու և լավ արդյունքներ գրանցելու համար։

-Հայէկոնոմբանկն իմ առաջին աշխատավայրն է. 2005թ.-ից ընդունվել եմ Հայէկոնոմբանկ և զբաղեցրել տարբեր պաշտոններ՝ մասնագետից մինչև գործադիր տնօրենի տեղակալ, իսկ 2023թ. հունիսից զբաղեցնում եմ Բանկի գործադիր տնօրենի պաշտոնը: Արժևորում եմ այդ տարիների ընթացքում ձեռքբերված փորձն ու հմտությունները, որոնք, անշուշտ, օգտագործվում են հօգուտ Բանկի զարգացման և նոր նշաձողի նվաճմանը:

Բանկն արդեն իսկ ունի 33 տարվա պատմություն, և այդ տարիների ընթացքում ձևավորվել են կառավարման այնպիսի մոտեցումներ, որոնցով այն առանձնանում է հայաստանյան բանկային համակարգում. պահպանելով կառավարման ձևավորված ավանդույթները՝ Բանկը երբեք կաշկանդված չի եղել ադապտացվել նոր ու արդի մոտեցումներին:

Պահպանելով Բանկի առաքելության շարունակականությունը՝ մենք մտադիր ենք լրացնել և զարգացնել կորպորատիվ կառավարման արժեքները ՀՀ բանկային համակարգում մեր դիրքերի ամրապնդման և մասնաբաժնի ավելացման հստակ տեսլականով:




Լրահոս