Բնակչության 35%-ը ապահովված է էլեկտրոնային հաշվիչներով: ՀԷՑ-ից Armlur.am–ին հայտնեցին, որ ինդուկցիոն հաշվիչների փոխարինումն էլեկտրոնայինով, իհարկե, կախված է մեծ ծախսերի հետ:
Նախորդ տարի, ըստ տվյալների, պլանում դրված է եղել մոտավորապես վեց հազար հաշվիչի փոխարինում, իսկ ընդհանուրը ` յոթ ու կես հազար է, որից եղած մնացորդը տեղադրվում է նորակառույց շենքերում:
«Փոխարինումը կատարվում է այն պարզ պատճառով, որ էլեկտրոնային հաշվիչների ճշտության դասն ավելի մեծ է, ավելի ճշգրիտ են հաշվում: Բնականաբար տեղադրումը ծախսատար է: Մենք մեր ծրագրով այդ հաշվիչները փոխարինում ենք, բայց ցանկացած մարդ կարող է իր միջոցներով և ցանկությամբ դրանք փոխարինել»,- Armlur.am– ին հայտնեց ՀԷՑ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նատալյա Սարջանյանը:
Նրա փոխանցմամբ ` գոյություն ունի պլան, ըստ որի յուրաքանչյուր տարի տեղադրվում է համապատասխան քանակությամբ հաշվիչ:
«Բնակիչը տասը հազար դրամ մուծում է ВТБ Հայաստան բանկում: Տասը աշխատանքային օրվա ընթացքում մեր մասնագետները պարտավոր են փոխարինել ինդուկցիոնը էլեկտրոնայինով»,- նշեց Սարջանյանը:
Վերջինս հայտնեց նաև, որ էլեկտրոնային հաշվիչների պահանջարկի մեծացում չի նկատվում: