Ի՞ՆՉ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՆ ԶԻՋՎԵԼՈՒ ՎՐԱՍՏԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պատրաստվում է սահմանազատում իրականացնել ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Վրաստանի հետ: Դեռ վաղուց էին լուրեր շրջանառվում, որ հայ-վրացական բարձրաստիճան շփումներում Փաշինյանն ակտիվացնում է սահմանազատման-սահմանագծման աշխատանքները նաեւ Վրաստանի հետ՝ նրանց որոշակի տարածքներ զիջելու պատրաստակամությամբ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է ՀՀ-Վրաստան սահմանագոտու Ջիլիզա գյուղին, որը գտնվում է Լոռու մարզի Ալավերդու շրջանում: Երեկ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպման ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կրկին բարձրացրել է սահմանազատման հարցը: «Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման ուղղությամբ հնարավոր եւ անհրաժեշտ քայլերը։ Ուզում եմ ընդգծել, որ այդ հռչակագրում էական առանցք է միմյանց տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության անվերապահ ճանաչումը: Այսօր մենք նաեւ քննարկել ենք Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարել էր նա: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ մասնավորապես որ հատվածներում պետք է սահմանազատում արվի, արդյոք այն ներառում է նաեւ Ջիլիզա գյուղը, որ խոսվում է, թե հանձնվելու է: «Վարչապետն իր հայտարարության մեջ ասել է՝ ինչ են քննարկել. Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության հռչակագրի թեմայի շուրջ քննարկվել է սահամանզատման թեման: Ընդհանուր քննարկվել է, որ պետք է սահմանազատում լինի. վաչապետի հայտարարությունից բացի, դեռ այլ բան չկա»,-ասաց նա: Նշենք, որ Հայաստանն ու Վրաստանը պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման հարցը քննարկում են 1992 թվականից, իսկ 1996-ից երկու երկրների միջեւ գործում են սահմանի դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հանձնաժողովներ, բայց խիստ պասիվ ռեժիմով են աշխատում:

 

 

 

 

Ո՞ւր է կորել «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Իսկ ինչի՞ համար է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ Այսպիսով, ՀՀ կառավարության՝ 6 օգոստոսի 2021թ. թիվ 1298-Ա որոշմամբ՝ «Ճանապարհային դեպարտամենտ» պետական ոչ առեւտրային կազմակերպությունը վերակազմավորման ձեւով վերակազմակերպվել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի։ Հիմնադրամի գործունեության հիմնական առարկան եւ նպատակը, ըստ իրենց կայքի, Հայաստանի Հանրապետությունում ճանապարհաշինության ոլորտի ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումն է: Եթե այդպես է, ապա ո՞ւր են կորել հիմնադրամի պատասխանատուները, երբ Հայաստանի գլխավոր մայրուղիները մարտ ամսի ձնաբքի պատճառով անանցանելի են։ Ինչեւէ, անցնենք այս հիմնադրամի փառահեղ գնումներին։ 2023 թվականի հունիսի 23-ին «Ճանապարհային դեպարտամենտ»-ը վերանորոգման աշխատանքներ կատարելու համար 55 մլն 507 հազար դրամ արժողությամբ պայմանագիր է կնքել «ԱՋԱՓՆՅԱԿ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրով նախատեսվում է վերանորոգել Կառավարության 3-րդ տան առաջին եւ երկրորդ հարկերում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին հատկացված տարածքները։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ քանդման աշխատանքները, որի համար ծախսվել է 784 հազար դրամ։ Վերանորոգման մեջ մտնում են նաեւ հարդարման աշխատանքները, հատակների վերանորոգումը, արտաքին եւ ներքին վիտրաժներ, բեմահարթակի կառուցման աշխատանքները, ներքին սառը ջրի մատակարարման համակարգի եւ ներքին կոյուղու համակարգի վերանորոգումը, էլեկտրատեխնիկական մասի եւ օդափոխության համակարգի վերանորոգումը։ Վերանորոգման ընդհանուր ծախսերը կազմել են 54 մլն 541 հազար դրամ, սակայն առաջացած չնախատեսվող ծախսերը կազմել է 965 հազար դրամ, ինչի արդյունքում վերջնարդյունքը կազմել է 55 մլն 507 հազար դրամ։ Շենքի 2 հարկի համար ծախսվեց 55 մլն, սակայն միջքաղաքային եւ միջմարզային ճանապարհները վերանորոգելու եւ փոսալցնելու համար՝ 0 դրամ, եւ, սրան գումարած, անորակ ասֆալտ, որը մի կաթիլ ջրից քանդվում է։

 

 

 

Դատական համակարգում քաոսը շարունակվում է: 4-րդ դատավորն է ճնշումների արդյունքում ազատման դիմում գրում եւ լքում դատական համակարգը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Անդրանիկ Մնացականյանը դատավորների ներքին «չաթի» աղմկահարույց գրագրության մասնակիցներից մեկն է եղել, սակայն որեւէ բան չի խոսել, կարծիք չի հայտնել, ընդամենը «լայք» է դրել: Եւ, ահա, «լայք»-ի համար նրան ստիպեցին համակարգը լքել: Ավելին՝ լուրեր կան, որ նրան ճնշել են իր հոր՝ Թալինի նախկին քաղաքապետ Մնացական Մնացականյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն 2021 թվականին հայտնել էր. «Համայնքի նախկին ղեկավարը 2012թ. օգոստոսից մինչեւ 2021թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում, առանց լիազոր մարմնի համաձայնության, նախ կազմել է պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող որոշումներ, որում կեղծ տեղեկություններ է ներառել համայնքին պատկանող, ՀՀ հողային օրենսգրքով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասերի վերաբերյալ, այնուհետեւ կազմակերպել եւ իրականացրել է դրանց օտարումը»: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ մարտի 7-ին էր գրել, որ հաջորդ դատավորը, որը աշխատանքից ազատման դիմում կգրի սեփական նախաձեռնությամբ եւ կհեռանա դատական համակարգից, Արագածոտնի մարզի դատավոր Անդրանիկ Մնացականյանն է: Բանն այն է, որ  պատերազմի օրերին դատավորները իրենց ներքին խմբում՝ «չաթում», իշխանությունների հասցեին հայհոյանքներ են գրել, որը վերջին շրջանում դատական համակարգի Հուդայի համարում ստացած դատավոր Մնացականյանը, ըստ մամուլի, տարել եւ ներկայացրել է քաղաքական իշխանություններին: Եւ, ահա, հենց այդ էկրանանկարները դրել են դատավորների առաջ եւ ստիպում են ազատման դիմումներ գրել սեփական նախաձեռնությամբ: Նույն պատճառաբանությամբ դատական համակարգը լքել են դատավոր Արշակ Վարդանյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, 4-րդ դատավորն էլ Անդրանիկ Մնացականյանն էր:

 

 

 

«Երեւան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկը՝ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարանը, կփակվի: Կոտայքի մարզում «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկի կողքը նոր բանտ է ստեղծվելու։ Այս նոր ստեղծվելիք բանտ կտեղափոխվի Նուբարաշեն, Վարդաշեն, Դատապարտյալների հիվանդանոց եւ «Երեւան-Կենտրոն»  քրեակատարողական հիմնարկների ողջ անձնակազմը՝ դատապարտյալների եւ կալանավորների հետ միասին։ «Ժողովուրդ» օրաթերթը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանից հետաքրքրվեց՝ ԱԱԾ մեկուսարանը փակվելու է արդյոք, ինչին ի պատասխան՝ նախարարը հայտնեց՝ նոր ՔԿՀ ստեղծելուց հետո, այո՛, կփակվի։




Լրահոս