Ո՞ՐՆ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՌԵՏՈՐԻԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը նախորդ երկուշաբթի՝ մարտի 18-ին՝ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանը, հայտարարել էր, որ, հնարավոր է, մինչեւ շաբաթվա վերջ պատերազմ լինի, եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման եւ սահմանագծման հարցերը։ Նրա այս հայտարարությունը անորոշություն եւ անհանգստություն էր առաջացրել տեղացիների մոտ: Պատասխանելով բնակիչներից մեկի հարցին՝ Փաշինյանը հայտարարեց, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որեւէ սահմանազատման եւ սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետեւանք չի մնա։ «Դա նշանակում է՝ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո ես գիտեմ` ինչ է լինելու պատերազմի վերջում։ Երեւանում, որ մի տեղ իրար տենանք, դուք ասելու եք` մենք գյուղացի ժողովուրդ էինք, այդքան ինֆորմացիա չունեինք, բա դու այդքան տեղեկություն չունեի՞ր, բա դու ի՞նչ էիր անում»,- ասել էր նա։

 

ArmLur.am-ը վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանից հետաքրքրվել է՝ հաշվի առնելով վարչապետի այդ հայտարարությունը՝ կարող ենք արդյոք արձանագրել, որ առաջիկայում սահմանային նոր լարվածություն է սպասվում, եւ Ադրբեջանը պատրաստվում է հերթական սադրանքի գնալ մեր սահմանին: Հարցին ի պատասխան՝ Նազելի Բաղդասարյանը հղում արեց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարություններին. «Վարչապետը ԱԺ-ում կառավարության հետ վերջին հարցուպատասխանի ժամանակ արդեն անդրադարձել է այդ հարցին. ընդդիմադիրներն այդ հարցը տվեցին, վարչապետն էլ պատասախանել է՝ ինչ կոնտեքստում է նման բան ասել»,-ասաց Բաղդասարյանը: Իսկ ի՞նչ էր ասել Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում: Կառավարության հետ մարտի 20-ի հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր. «Նկատե՞լ եք, որ Դուք վերջերս Ալիեւից ավելի շատ եք սկսել հայ ժողովրդին սպառնալ պատերազմով»: Փաշինյանն էլ իր հերթին, արձագանքելով պատգամավորի նկատառումներին, որ սպառնում է պատերազմով, ասաց, որ իրենք մեղավոր են նրանում, որ ժողովրդին չեն ներկայացրել ամբողջ իրավիճակը: «Բա ինչի՞ էս բանը չէիք ասում, դուք ունեիք տեղեկատվություն, մենք չունեինք տեղեկատվություն, բա ինչի՞ պարեցիր Շուշիում: Կա՛մ էդ պետք է ասեի, կա՛մ հակառակը. ի՞նչ էր լինելու ձեր ռեակցիան, եթե այն ժամանակ առերեսվեինք իրավիճակին: Ընդ որում՝ ինչ ասում եմ, ապացուցելի է: Ի՞նչ պետք է ասեի. պետք է ասեի, որ, ժողովո՛ւրդ, Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում կարող է ունենալ ինքնավարություն, ընդ որում՝ այն արձանագրումով, որ դա լինելու է հայ-ադրբեջանական ինքնավարություն: Դա է եղել 2018 թվականի բանակցային բովանդակությունը, եւ սա ապացուցելի է: Դուք ինձ ասում էիք՝ ինչի ես ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, հիմա ինչի չես ասում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ: Սա է ձեր հռետորիկան»,- ասել էր նա:

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ՍՊԱՍՈՒՄ ԵՆ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի եւ խորհրդի անդամները  սպասում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության վերաբերյալ նրա հայտարարության հետ կապված։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Մենք ունենք շատ նախնական հայեցակարգ, որն ուղարկել ենք կառավարություն, բայց այդ գործընթացում բոլորս ականատես եղանք, որ վարչապետը հանրային քննարկման բերեց նոր գաղափարներ, եւ այժմ սպասում ենք վարչապետի եւ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի եւ խորհրդի անդամների հանդիպմանը, որից հետո արդեն հանրային իրազեկման միջոցով կներկայացնենք, թե արդյոք կլինեն նոր ուղղություններ եւ փոփոխություններ»,- ասաց Մինասյանը։

 

 

 

 

ԲԱՐԴ ՇՐՋԱՆ

Հայաստանն ու Ռուսաստանը մնում են եղբայրական երկրներ՝ չնայած հարաբերություններում առկա դժվարություններին. այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ մեջբերելով Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը։

Նրա կարծիքով՝ Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար «նույնիսկ ավելին է, քան եղբայրական երկիր»՝ չնայած այն հանգամանքին, որ երկու երկրներն այժմ ապրում են «հարաբերությունների բավականին բարդ շրջան»։

Դմիտրի Պեսկովը նաեւ նշել է, որ «ՌԴ քաղաքացի հանդիսացող հայերի տնտեսական ակտիվությունը դեռեւս կազմում է Հայաստանի ընդհանուր բյուջեի շատ մեծ տոկոս»՝ տարեկան մի քանի միլիարդ դոլար։

«Հուսով ենք՝ Երեւանում մեր հարաբերությունների զարգացումը շարունակելու քաղաքական կամք կտիրի, եւ մենք հաջողությամբ կանցնենք այս դժվարին շրջանը»,- նշել է Պեսկովը։

 

 

 

ԳՐԱՌՈՒՄ Է ԿԱՏԱՐԵԼ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստան կատարած առաջին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով՝ մեկնաբանելով, որ քննարկումները նվիրված են եղել հայ եւ վրաց ժողովուրդների միջեւ հարատեւ բարեկամության ամրապնդմանն ու ռազմավարական գործընկերության կարեւոր դերի ընդգծմանը։

Այս մասին Վրաստանի վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Վերահաստատելով տարածաշրջանում խաղաղության եւ կայունության խթանման Վրաստանի հանձնառությունը՝ մենք նաեւ ուսումնասիրեցինք ընդլայնված համագործակցության ուղիները՝ նպատակ ունենալով մեր երկկողմ հարաբերությունները նոր բարձունքների հասցնել ու նպաստել փոխադարձ բարգավաճմանը»,- գրել է Կոբախիձեն։

 

 

 

ԱՋԱԿՑՈՒՄ Է

Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շարունակական ժողովրդավարական զարգացմանը, ինքնիշխանությանը, անկախությանը եւ տարածքային ամբողջականությանը. հենց այդ նպատակով է ԱՄՆ-ն ընդլայնում Հայաստանի հետ լայն հարաբերությունները:

Այդ մասին հայտնել են ԱՄՆ պետքարտուղարությունից՝ ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը: Այն առնչվել է «RAND» կորպորացիայի «ԱՄՆ-ն չի կարող երաշխավորել Հայաստանի անվտանգությունը՝ չնայած Ադրբեջանի սպառնալիքներին, բայց կարող է օգնել» վերտառությամբ վերլուծությանը:

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են, որ ԱՄՆ-ը ողջունել է ցանկացած բարեխիղճ ներգրավվածություն, որը խաղաղություն եւ կայունություն է բերում Հարավային Կովկասի երկրներին: Պետքարտուղարությունից հավելել են, որ Ռուսաստանին չեն դիտարկում որպես «վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր Հարավային Կովկասում կամ այլուր»:

 

 

 

ԹՈՂՆՈՒՄ ԵՆ՝ ՓՈՂ «ԱՇԽԱՏԻ»

Փաստաբան Արսեն Բաբայանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի հայտարարություններին:

Նա, մասնավորապես, նշել է. «Մի իշխանական պատգամավոր կա, նախկինների ժամանակ էլ բանակում ամենայուղոտ պաշտոնն էր զբաղեցնում, տարիքն առած մարդ է, գրեթե սպիտակած մազերով, բեղերով ու մեծ քթով…

Այս պատգամավորն արդեն երկրորդ անգամ է, որ հայկական տարածքի հետ կապված հրապարակային հանգիստ հայտարարում է՝ «…տարածքն ադրբեջանական է, որքա՞ն կարելի է ասել։ Հո ասելով չի՞, թե հայկական տարածք է»։ Ի դեպ, այս պատգամավորը նաեւ Հայաստանի Հանրապետության անձնագիր ունի։

Մի կողմ թողնենք հոգեբանական մասը, թե ինչպես կարող է հայը նման բան ասել։

Հասկանո՞ւմ եք, թե ինչու է նա հանգիստ այդպիսի հայտարարություններ անում. որովհետեւ ինքն ունի պաշտոն, որը թույլ է տալիս ծաղկեցնել իր բիզնեսները Հայաստանում եւ արտասահմանում։ Նա ունի որդի, որն ունի պաշտոն եւ հնարավորություն՝ լուրջ փող աշխատելու։

Այսինքն՝ նա այս ամենը հանգիստ հայտարարում է, քանի որ թողնում են՝ փող «աշխատի»։ Այսինքն՝ նրան փող են տալիս, որ հանգիստ ասի, թե հայկական այս տարածքն ադրբեջանական է։

Բա հայրենիք ծախելն էլ ո՞նց է լինում։ Հո չպիտի՞ Ալիեւի բանկային հաշիվներից ուղիղ փոխանցում արվեր այդ պատգամավորի բանկային հաշվին…»։

 

 




Լրահոս